Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱՌՆԵՐԻ»

Մարտ 10,2006 00:00

«ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ Քաղցկեղով հիվանդ զինվորին ստիպում էին ծառայել եւ ծեծում էին Փետրվարի 27-ին բանակում ձեռք բերած ծանր հիվանդության եւ զինվորական հոսպիտալի բուժանձնակազմի ոչ պրոֆեսիոնալ ու անտարբեր մոտեցման պատճառով մահացավ 1985 թվականին ծնված Հայկ Գեւորգյանը: Մենք եղանք Հայկ Գեւորգյանի տանն ու զրուցեցինք նրա մոր՝ Սուսաննա Գեւորգյանի հետ: Հաշվի չառնելով Հայկի արմունկի վնասվածքը՝ երիտասարդին ուղարկում են ծառայելու ՊՆ Արարատ-Զոդի N զորամաս: Ծառայությունից մեկ տարի երկու ամիս անց երիտասարդը գանգատվում է ամորձիների ցավից: Բուժզննումը պարզում է, որ այնտեղ փոքր գոյացություն կա: Տղային ուղարկում են Երեւան, ուր զինվորական հոսպիտալում բժիշկ Միշա Աղայանը վիրահատում է ամորձին եւ հանգստացնում Հայկի մորը (հայրը վաղուց է մահացել), որ հայտնաբերված ուռուցքը բարորակ է, այն բարեհաջող հեռացվել է, եւ Հայկին ոչինչ չի խանգարում շարունակել իր ծառայությունը: 25 օր տեւած հետվիրահատական շրջանից հետո երիտասարդին դարձյալ՝ որպես ծառայությունը շարունակելու ենթակա զինվորականի՝ ուղարկում են դիրքեր: Բանակ վերադառնալու բառացիորեն երկրորդ օրը սպա Արա Բաբայանին դուր չի գալիս, թե ինչպես է Հայկն իրեն պատիվ տալիս եւ նա ծնկով ուժեղ հարվածում է Հայկի վիրահատված մասին: Հայկի առողջությունը կտրուկ վատանում է, սակայն մի ամբողջ ամիս նա դեռ դիրքերում էր, քանի որ «սանբաժանմունքի Գեղամը գտնում էր, որ անհանգստանալու կարիք չկա»: Երբ տղայի վիճակն անտանելի է դառնում, նրան դարձյալ ուղարկում են Զինվորական հոսպիտալ, ուր կատարում են երկրորդ վիրահատությունն ու պարզում, որ Հայկ Գեւորգյանի մոտ առկա է տարածված քաղցկեղ: Նրան ուղարկում են Քանաքեռի օնկոլոգիական դիսպանսեր՝ արդեն քիմիաթերապիա ընդունելու: Թերեւս արժե նշել, որ բուժման ողջ ծախսերը հոգացել է բացառապես Հայկի ընտանիքը: Քանի որ Հայկի առողջական վիճակը ժամանակի հետ ծանրանում էր՝ կարիք է առաջանում երրորդ վիրահատության: Ինչն էլ հունվարի 27-ին կատարում է հոսպիտալի վիրաբույժ Միշա Աղայանը: Մեկ ամիս անց Հայկը մահանում է: Սուսաննա Գեւորգյանը պատմեց, որ Հայկին ծնկով հարվածող սպան (որն, ի դեպ, Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան զինվորական պաշտոնյայի քրոջ որդին է) դատարանի կողմից ստացել է մեկ տարի պայմանական ազատազրկում, ինչը եւ «կրում» է հայրենի Ղարաբաղում: Վերջինս Հայկին բուժվելու նպատակով հատկացրել էր «մի ամբողջ» 400 դոլար (քիմիաթերապիայի միայն վերջին կուրսի համար Հայկի հարազատները վճարել են 317 հազար դրամ): Մինչ վերոնշյալ դեպքի մասին գրելը՝ մի քանի հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով դիմեցինք ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սեյրան Շահսուվարյանին: Ներկայացնում ենք մեր հարցերը. ա/ վերջին տարիներին բարձրաստիճան քանի՞ զինվորական է զրկվել աստիճանից կամ այլ տիպի պատիժ ստացել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման կամ բանակում զինվորների հանդեպ ցուցաբերած ոչ կանոնակարգային վերաբերմունքի պատճառով: Քանիսի՞ հանդեպ է հարուցված քրեական գործ: բ/ ՌԴ-ում, տանկային ուսումնարաններից մեկի շարքային զինվորի հանդեպ դրսեւորած անմարդկային վերաբերմունքը հասարակական քննարկման առարկա դարձավ, բարձրաստիճան մի շարք զինվորականների հանդեպ քրեական գործեր հարուցվեցին, ոմանց զրկեցին համակարգում աշխատելու իրավունքից: Հայաստանի բանակում եւս ոտնահարվում են շարքային զինծառայողների իրավունքները, շատ են սպանության դեպքերը: Որեւէ կոնկրետ դեպքի մասին մեր ՊՆ բարձրաստիճան ղեկավարները, մասնավորապես՝ նախարար Սերժ Սարգսյանը, պարզաբանում, մեկնաբանություն չեն տվել, հրապարակային չեն հնչել մեղավորների անունները: Չե՞ք կարծում, որ այս կարգի լռությունն ավելի է խորացնում բանակի հանդեպ անվստահությունը: գ/ Այսօր արդեն բարձրաձայն խոսվում է պատերազմի հնարավոր վերսկսման մասին: Այս ենթատեքստում բանակի կոռումպացվածությունը, գեներալների անհավանական հարստացումը եւ նման մի շարք երեւույթներ, չե՞ք կարծում, որ կարող են անդրադառնալ մարդկանց՝ հայրենիքը պաշտպանելու ցանկության վրա: Ի պատասխան մեր հարցերին՝ պարոն Շահսուվարյանը հեռախոսով խորհուրդ տվեց ՊՆ-ի ինտերնետային կայքից ստանալ այս հարցերի պատասխանները՝ ընթերցելով Սերժ Սարգսյանի հարցազրույցը: Նշենք, որ խոսքը 2004 թ-ի «թարմություն» ունեցող մի հարցազրույցի մասին է (որին կարող եք ծանոթանալ www.mil.am կայքից), ուր ընդհանուր մտքեր են, իսկ հարցազրույցի թեման՝ ընդդիմության ապրիլի 12-ի հանրահավաքի մասին նախարարի դատողություններն են: Պարոն Շահսուվարյանին, այնուամենայնիվ, խնդրեցինք հարցազրույցի հնարավորություն ստեղծել եթե ոչ նախարարի, գոնե փոխնախարարներից որեւէ մեկի հետ: Սակայն Ս. Շահսուվարյանը մերժեց նաեւ այդ առաջարկը՝ հետեւյալ անկեղծ հիմնավորմամբ. «Խոսող» փոխնախարար չունենք»: ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031