Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցահանդեսից տուժել են երեխաներ

Մարտ 10,2006 00:00

Ցուցահանդեսից տուժել են երեխաներ Մանկական ներկերի մեջ թունավոր էլեմենտներ, այնուամենայնիվ, հայտնաբերվել են Մոտ երկու շաբաթ առաջ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, Իրանական բարեկամության օրերի շրջանակներում, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնը կազմակերպել էր մանկական ցուցահանդես: Մեկ շաբաթվա ընթացքում այնտեղ այցելել են մայրաքաղաքի գրեթե բոլոր դպրոցների ցածր դասարանների աշակերտները, ընդհանուր թվով՝ 3000 հոգի: Միջոցառման ժամանակ այցելող երեխաներին եւս առաջարկվում էր նկարել սեփական նկարները: Գաղափարն ինքնին հետաքրքիր էր: Սակայն ցուցահանդեսի 3-րդ օրը տխուր փաստ արձանագրվեց. «Ալմանախ» կրթահամալիրից մի քանի աշակերտ թունավորման կասկածանքով միջոցառումից հետո տեղափոխվել էր թիվ 4 հիվանդանոց: Լուրեր տարածվեցին, որ թունավորումը եղել է այն ներկերից, որոնցով նկարել են երեխաները: Այս փաստը վերջերս մեզ հետ զրույցում հերքեց մշակույթի կենտրոնի նախագահ Ռեզա Աթուֆի թարգմանիչը՝ Ժորժ Աբրահամյանը, նախագահի անունից պարզաբանելով, որ իրենք նման ցուցահանդեսներ կազմակերպել են շուրջ 20 երկրում, ողջ Իրանը օգտվում է այդ ներկերից, դրանք տարվել են նաեւ եվրոպական երկրներ, որտեղ երեխաները նկարել են այդ նույն ներկերով, սակայն նման դեպք մինչ օրս չի արձանագրվել: Ժ. Աբրահամյանը նաեւ մեզ հայտնել էր, թե իրենք սպասում են ԿԳՆ պատասխանին, թե իբր վերջիններս կենտրոնին պետք է ներկայացնեն ներկերի փորձաքննության արդյունքներ: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն իր հերթին մեզ ասաց, որ իրենց վրա նման խնդիր դրված չէ եւ փորձաքննություն իրականացնել իրենք չեն կարող: Օրերս մեզ հետ զրույցում «Ալմանախի» տնօրեն Նունե Հարությունյանն ասաց, որ իր սեղանի վրա է Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի թիվ 2 կլինիկայից համապատասխան եզրակացությունը, որ երեխաների օրգանիզմում թունավորում է հայտնաբերվել հենց այդ ներկերից: Ըստ բժիշկների պարզաբանման, թունավոր նյութի էլեմենտները փոխանցվել են շնչուղիների ու մաշկի միջոցով: Թղթում նշված է բառացիորեն հետեւյալը. «DS սուր թունավորում անիլային ներկերով, շնչառական ճանապարհով»: Եվ այն լուրերը, թե հնարավոր է՝ երեխաները դպրոցի բուֆետի սննդից են թունավորվել, տիկին Հարությունյանը մեկ անգամ եւս հերքեց. «Սննդային ոչ մի թունավորման խնդիր չկա, այդ ներկի էլեմենտները փաստացի նկատվել են արյան եւ մեզի մեջ»: Իսկ ինչո՞ւ են միայն այս դպրոցի սաները նման փաստի առաջ կանգնել: Տնօրենը դա բացատրում է այսպես. «Մյուս երեխաները նկարել են ու դուրս եկել մաքուր օդ (նկարների հետ, այսպես ասած, փակ տարածության մեջ չեն շփվել), իսկ մեր երեխաները ցուցահանդեսից եկան դպրոց եւ նկարները դրեցին դասասենյակում, որ չորանան, ու եղել են փաստորեն փակ տարածության մեջ»: Տիկին Հարությունյանը հավաստիացնում է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ ծնողները մշակույթի կենտրոնին դատի տալու մտադրություն չունեն, որովհետեւ «հատուկ դիտավորություն չեմ տեսնում, եւ երբեւէ ոչ մեկի չեմ ասել դատարան դիմելու մասին: Շատ լավ ծանոթ ենք այդ ծրագրին, երեխաները սիրում են հատկապես այդ նկարչական մասը»,- ծրագրին դրականորեն էր տրամադրված տիկին Հարությունյանը: Երեկ մեզ հետ զրույցում Ժ. Աբրահամյանը կենտրոնի նախագահության անունից պատրաստակամություն հայտնեց բժշկի եզրակացությունը ուղարկել Թեհրան՝ այդ ներկերն արտադրող կազմակերպությունից լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել