Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԻԶԱՅԻ

Մարտ 10,2006 00:00

«ՊԻԶԱՅԻ ԱՇՏԱՐԱԿԸ»՝ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԵՄՈՒՄ «Բեմական խաչմերուկ» մշակութային կենտրոնի հրավերով Հայաստանում էին ՌԴ ժողովրդական արտիստներ, ԽՍՀՄ եւ Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիրներ, ամուսիններ Վլադիմիր Մենշովն ու Վերա Ալենտովան: Նրանք 2 օր Գ. Սունդուկյանի անվան թատրոնի բեմում հայ հանդիսատեսի դատին հանձնեցին «Պիզայի աշտարակը» կատակերգությունը (հեղինակ՝ Ն. Պտուշկինա, բեմադրիչ՝ Յու. Երյոմին): Lեփ-լեցուն էր դահլիճը: Ըստ սցենարի, հերոսը անընդհատ փոխում է հեռուստացույցի ալիքները՝ սպասված ֆուտբոլային խաղը գտնելու համար: Բեմադրության երեւանյան տարբերակում տեղական հեռուստաալիքներում գերիշխում էր գովազդը, որի ձայնն ուղղակի խլացնում էր: Եվ եթե ավելի երկարեր ֆուտբոլային խաղի փնտրտուքը, առանց այն էլ մեր գովազդներից կշտացած հայ հանդիսատեսը գուցե լքեր դահլիճը, չնայած բեմում ռուսաստանյան աստղեր էին: Լավ էր, որ նրանց անբռնազբոս խաղը փոխհատուցեց կես ժամ ուշացումով սկսված եւ դեռ ներկայացման սկզբում իրենց տեղերը փնտրող հանդիսատեսներից ոմանց պատճառով առաջացրած տհաճ մթնոլորտը: Ինչ խոսք, հաճելի էր դիտել, թե ինչպես են Մենշովն ու Ալենտովան առանց ավելորդ ձեւականության ու ճիգերի հանդիսատեսին հասցնում իրենց ասելիքը. ընտանեկան կյանքի պատմություն, որ որոշ վերապահումներով կարող է բնորոշ լինել ցանկացածին՝ անկախ ազգությունից: Նրանք մեր դերասան-դերասանուհիներից շատերի նման իրենց չէին «ճղում»: Երեկ հրավիրված ասուլիսում Վ. Ալենտովան հայ հանդիսատեսին բնորոշեց կիրթ, բայց նկատենք, որ կոնկրետ հյուրախաղերի առաջին օրը նույն հանդիսատեսը ծիծաղի ալիք բարձրացրեց այնտեղ, որտեղ պետք չէր: Օրինակ, երբ հերոսը կնոջը հարցնում է՝ գոնե մտովի դավաճանե՞լ է իրեն: Դրական պատասխանից հետո տղամարդը նրան անվանում է «պուտանա»: Ու վերջ, պայթեց ծիծաղը Սունդուկյանի դահլիճում: Կարելի էր մտածել, թե սա էր կատակերգության մեխը: Տհաճ էր տպավորությունը հրավիրված ասուլիսից, բնականաբար՝ ոչ Մենշովից ու Ալենտովայից: Ներկա թատերագետները բառիս բուն իմաստով հարցախեղդ արին ռուս արտիստներին՝ նրանց անձնականին եւ «Մոսկվան արցունքների չի հավատում» հայտնի ֆիլմին վերաբերող հարցերով: Ստիպված Մենշովն ասաց, որ հիշյալ ֆիլմը թեեւ իրեն «Օսկար» է բերել, բայց դրանից հետո ինքը տեղում չի դոփել. «Օրինակ, ավելի ուշ ստեղծված «Աստվածների նախանձը», իմ ու Վերայի կարծիքով ամենակատարյալ ֆիլմն է, դա մեր երկրորդ բարձունքն է: Այն բոլոր՝ նաեւ դրամատուրգիական առումով, ավելի բարձրարժեք է ու հաջողված»: Նա անդրադարձավ նաեւ իր ռեժիսորական կարիերային: Ափսոսանքով նշեց, որ իր «Մեծ վալս» ֆիլմի նկարահանումները ֆինանսական խնդիրների պատճառով ժամանակավորապես ընդհատվել են: Նորից անդրադարձ եղավ «Պիզայի աշտարակին»: Մենշովը հիշեց, որ նույն ներկայացումը Վ. Ալենտովան սկզբում ուրիշի հետ էր խաղում: Չկարողանալով խաղընկերոջ հետ «լեզու գտնել», ինչը հաճախ է պատահում թատերարվեստում, Ալենտովան որոշել է դուրս գալ ներկայացումից: Ներկայացումը չձախողելու համար ամուսինն առաջարկել է ժամանակավորապես համատեղ հանդես գալ, մինչեւ հարմար խաղընկեր կգտնվի: Ռեժիսոր Յուրի Երյոմինը, սակայն, հավանել է նրանց դուետը, ինչի արդյունքում մինչ օրս «Պիզայի աշտարակում» երկուսով են հանդես գալիս: Ըստ Վ. Մենշովի, 10 տարի համատեղ ապրած ցանկացած ամուսնական զույգ կվկայի, որ չկա ընտանիք՝ առանց ճգնաժամերի. «Ամուսնությունը Պիզայի աշտարակի պես կարող է թեքվել, տատանվել, բայց այդպես էլ չփլվել, եթե առկա է երկկողմանի համբերությունը»: Ասվածի փայլուն ապացույցն էր ռուս աստղերի համոզիչ խաղը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031