Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԱՍՏՂԵՐԻ ՊԱՐՈՒՍՈՒՅՑԸ

Մարտ 11,2006 00:00

Միջազգային
կարգի մրցավար, «Երեւան» պարային ակումբի նախագահ, «Նոր շունչ» պարային փառատոնի
տնօրեն Արթուր Զաքարյանի սաների մեջ շատ են հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները՝
Արսեն Սաֆարյան, Քրիստինե Պեպելյան, Անի Քրիստի, Նառա, Իկա եւ ուրիշներ: «Թող
մյուս երգիչներն էլ գտնեն իրենց անձնական խորեոգրաֆներին եւ հետեւեն սեփական արտաքինին
ու շարժուձեւին: Հակառակ դեպքում, եթե երգիչը 2-3 անգամ միայն միկրոֆոնը ձեռքին կանգնած
երգի, նրան այլեւս չեն լսի»,- կարծում է Ա. Զաքարյանը: «Երեւան» պարային ակումբ են
հաճախում տարբեր տարիքի, մասնագիտությունների ու հետաքրքրությունների տեր մարդիկ,
այդ թվում՝ մեր խմբագրության երեք աշխատակից: «Մեր կարգախոսն է՝ «Պարենք՝ պարելու
համար»: Ակումբի դռները բաց են բոլորի առջեւ՝ քաղաքական գործիչ կլինի, թե հավաքարար,
մեզ համար նշանակություն չունի»,- ասում է «Երեւանի» նախագահը: Արթուրը չժխտեց, որ
պարել է սովորեցրել նաեւ հանրապետությունում հայտնի գործարարներից մեկին, որի անունը
չկամեցավ հրապարակել: Վերջինս գնում է Եվրոպա՝ սիմպոզիումի: Փոքրիկ ֆուրշետից հետո
բոլորը սկսում են վալս պարել: Իսկ մեր հայրենակիցը, որ պարել չգիտեր, հրաժարվում
է՝ պատճառաբանելով գլխացավը: Ու քանի որ անհարմար կլիներ հենց այնպես ժամերով նստած
մնալ, ստիպված օտարերկրացի կոլեգաներին հյուրասիրում է խմիչքներ ու ուտեստներ՝ ծախսելով
$23000: Երեւան գալուն պես գործարարը անմիջապես գնում է վալսի դասեր առնելու: «Երեւան»
պարային ակումբի նախագահը պարասեր հանրությանը հայտնի է արդեն ավանդական դարձած իր
«Նոր շունչ» համահայկական մրցույթ-փառատոնով, որն այս տարի կմեկնարկի մարտի 20-ից:
Փառատոնում ներկայացված են 11 պարային ոճեր ու պարաձեւեր՝ սկսած ժողովրդական պարերից,
մինչեւ լատինամերիկյանն ու եվրոպականը: Մրցույթը կրում է սիրողական բնույթ,
կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ անհատներ, խմբեր, զույգեր՝ անկախ տարիքից:
«Նոր շունչի» գալահամերգի հասույթից ամեն տարի բաժին են հանում կարիքավորներին, օրինակ՝
անցած տարի Նորքի առաջին ծերանոցին: «Այս տարի կփորձենք որեւէ խմբի դուրս տանել,
գովազդել, կլոր սեղաններ, անվճար սեմինարներ ու քննարկումներ կազմակերպել»,- ասում
է Արթուրը: Ի դեպ, «Նոր շունչը» չունի հովանավոր: «Եթե հովանավորը տալիս է, ուրեմն
թելադրում է: Իսկ մենք ուզում ենք այնպիսի մրցույթ ունենալ, ուր զանգով հարցեր լուծելու
հայկական տարբերակը «չաշխատի»… Հովանավորներ չունենք, բայց շատ ընկերներ ունենք,
ովքեր այդ օրերին լիքը նվերներ են բերում հաղթողների համար»,- ասում է Ա. Զաքարյանը,
հավաստիացնելով, որ ամեն անգամ մրցույթը կազմակերպելիս իր անձնական գումարներն է
ներդնում, որոնք հետո փոխհատուցվում են՝ վաճառված տոմսերի, գալահամերգից ստացված
հասույթի հաշվին: Մրցույթի պատվավոր հյուրերն են լինում Վրաստանի ու Ռուսաստանի լավագույն
մասնագետները: Մասնավորապես, անցած տարի Երեւան էր եկել աշխարհի չեմպիոն Անդրեյ Տոմսկին:
«Մինչ Տոմսկու ժամանելը՝ շատերն ասում էին, որ կուզենան վարպետության դասեր ստանալ
նրանից, սակայն երբ մասնագետը եկավ, ոչ ոք չդիմեց մեզ: Պարզվում է՝ Հայաստանում բոլորն
ամեն ինչ գիտեն»,- ափսոսանքով նշեց մրցույթ-փառատոնի տնօրենը: «Ռուսաստանում 5 տարի
աշխատել եմ շոու-բիզնեսի ոլորտում: Համեմատում եմ Հայաստանի հետ, ահավոր տարբերություններ
կան: Էստեղ ի՞նչ շուո-բիզնեսի մասին է խոսքը, միայն բիզնես է, շոու չկա: Իսկ պարարվեստի
ոլորտի հանդեպ ավելի զգույշ պիտի լինել: Այսօր պարային ոչ մի փառատոնի ղեկավար մասնագետ
չէ: Գոնե մի մասնագետ կոնսուլտանտ ունենան»,- փաստեց Ա. Զաքարյանը: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել