Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության լավ եւ վատ լուրերը

Մարտ 11,2006 00:00

ՀՀ ոստիկանության լավ եւ վատ լուրերը Ոստիկանությունը գոհ է ՀՀ քաղաքացիներից Երեկ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանը ներկայացրեց իրենց կառույցի գործառույթները եւ կատարված աշխատանքները: 2006-ի երկու ամիսների ընթացքում, օպերատիվ ծառայական գործունեության արդյունքներով, ինչպես նախորդ տարվա, այնպես էլ այս տարվա նույն ժամանակահատվածում քրեածին իրավիճակը մնացել է կայուն եւ վերահսկելի, չնայած որոշակի հանցատեսակներով գրանցվել է աճ: Ըստ նրա, պահպանվել է հանցավորության մակարդակի նվազման շարունակականությունը: Այս տարվա մարտի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է 1342 հանցագործություն՝ նախորդ տարվա 1526-ի դիմաց: Ծանր հանցագործությունները նվազել են 57 դեպքով (գրանցվել է 336 դեպք), առանձնապես ծանր հանցագործությունները աճել են 16-ով, իսկ հրազենի գործադրմամբ կատարված դեպքերը աճել են 2-ով (15 դեպք): Քրեական հետախուզության գծով գրանցված հանցագործությունների կազմում հիմնական հանցատեսակներից աճ է գրանցվել սպանության մասով՝ 15, անցյալ տարվա 5-ի դիմաց, սպանության փորձի՝ 7, անցյալ տարվա 3-ի դիմաց, սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործությունների՝ 8 (5), այդ թվում՝ բռնաբարության եւ բռնաբարության փորձի՝ 6 (3), իսկ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները 80-ն էին՝ անցյալ տարվա 30-ի դիմաց: Աճել էին բնակարանային գողությունները: Եթե անցյալ տարվա երկու ամիսների ընթացքում գրանցվել էր 17 գողության դեպք, ապա այս տարի՝ 76: Ըստ Հ. Միլիտոնյանի, նվազել էին դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը, անցյալ տարվա 118-ի փոխարեն գրանցվել է 64, անձնական ունեցվածքի հափշտակման 373 դեպքին փոխարինել էր 2-ով պակաս հափշտակություն: Ըստ վարչության պետի, շարունակվել է բարելավվել փոխհամագործակցությունը ՀՀ ոստիկանության եւ անչափահասների հիմնախնդիրներով զբաղվող պետական եւ ՏԻՄ հ/կ-ների հետ: Նրանց հետ ոստիկանությունն իրականացնում է սոցիալական ուղղվածության մի շարք ծրագրեր: Հանցագործությունների բացահայտումը այս տարի եղել է 62%՝ նախորդ տարվա 64-ի դիմաց: Բանախոսը հավաստեց, որ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները բացահայտվել են 100%-ով: Հայտնաբերվել էր թմրամիջոցների հետ կապված 80 դեպք, որը Հ. Միլիտոնյանը որակեց որպես դրական ցուցանիշ, թմրամիջոցների դեմ պայքարի ակտիվության արդյունք: Նա նաեւ արձանագրեց, որ սերտացել է կապը հասարակության եւ ոստիկանության միջեւ, իսկ քաղաքացիները, ովքեր օգնել են ոստիկանությանը հանցագործության բացահայտման գործում՝ խրախուսվել են (դիտորդներից մեկի գնահատմամբ՝ ոստիկանությունն այս օրերին դարձել է զբաղվածության կենտրոն): Սպանությունների հիմնական մասը, ինչպես տեղեկացանք, կենցաղային բնույթի էր, շահադիտական: ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան տեղեկացրեց, որ չի բացահայտվել 4 սպանություն: Ինչ վերաբերում է անչափահասների հիմնահարցերին, ապա մուրացկան երեխաների թիվը նվազել է, նրանք այսօր 80-ն են: Անցյալ տարի 26 չափահաս քաղաքացի ենթարկվել է քրեական պատասխանատվության՝ անչափահասներին հանցագործության մեջ ներգրավելու փաստերով: Իսկ մի խմբում, որը գործել էր Մալաթիա համայնքում եւ կատարել մոտ 100 հանցագործություն, ընդգրկված է եղել քրեական անցյալ չունեցող 4 անչափահաս: Մի նորություն էլ. ձերբակալված անչափահաս երեխան օրերս խոստովանել էր, թե կատարել է բնակարանային 44 գողություն: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել