Լրահոս
Օրվա լրահոսը

«Գային

Մարտ 14,2006 00:00

«Գային ցրել է» տալու 2005թ. դեկտեմբերի 16-ին ընդունված «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքով փոփոխվել են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար նախատեսված վարչական տույժերը։ Նոր օրենքով արգելվում եւ վարչական պատասխանատվության է ենթարկվում վարորդը, եթե նրա վարած տրանսպորտային միջոցի վրայից բացակայում է տեխնիկական զննության կտրոնը, իսկ եթե ավտոմեքենան անցել է տեխ. զննում, ապա տրանսպորտային միջոցի դիմապակուն պետք է փակցված լինի համապատասխան կտրոնը, եթե վարորդը մեքենան վարելիս միաժամանակ խոսում է բջջային հեռախոսով, եթե ավտոմեքենան մթնեցված ապակիներով է: Բայց մի բան է թղթի վրա գրված օրենքը, այլ՝ դրա կիրառումը գործնականում, առավել եւս, երբ օրինախախտները ոչ թե շարքային քաղաքացիներն են, այլ հասարակության «արտոնյալների» դասի ներկայացուցիչները: Այսպես, մարտի 13-ին էրեբունի թանգարանի հարեւանությամբ գործող ավտոշուկայի մոտ ականատես եղանք, թե ինչպես է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արարատ Մահտեսյանի ծառայողական 002 ՈՍ 01 պետհամարանիշի ավտոմեքենան, խախտելով երթեւեկության կանոնները, կայանել երթեւեկության այն վայրում, որտեղ, ըստ տեղադրված ցուցանակի, արգելվում է մեքենաների կայանումը, իսկ տեխ. զննման կտրոնը նրա մեքենայի դիմապակուց բացակայում էր ընդհանրապես։ Մեր ֆոտոխցիկի օբյեկտիվից չվրիպեց եւս մեկ «վարչական իրավախախտման» դեպք: ՀՀ ոստիկանության Սեւանի ՊԱՏ բաժնի պետ, ոստիկանության մայոր Արայիկ Շահնազարյանը, վարելով մթնեցրած ապակիներով «Ջիփ» մակնիշի ավտոմեքենան, երթեւեկում էր հանդիպակաց ուղղությամբ: Նա միաժամանակ մի ձեռքով բռնել էր ղեկը, մյուսով բջջային հեռախոսով էր խոսում, իսկ ավտոմեքենայի դիմապակուց դարձյալ բացակայում էր տեխ. զննման կտրոնը։ Իսկ ՊԱՏ բաժնի տեսուչները հո առյուծի սիրտ չե՞ն կերել, որ համարձակվեն դիտողություն անել վերադասներին: Մեկ այլ դեպքում, երբ պետավտոտեսչության սպան մի քաղաքացու արգելում էր իր ավտոմեքենան կայանել ավտոճանապարհի համար երթեւեկելի հատվածում, քաղաքացին նախ սկսեց «բանակցություններ» վարել պետավտոտեսուչի հետ, բայց երբ զգաց, որ տեսուչը տեղի չի տալիս, գրպանից հանեց կարմիր գույնի վկայականն ու սկսեց սպառնալ՝ «վաղվանից քաղաքի գային ցրել եմ տալու»։ Պարզվեց, որ «գային ցրող» քաղաքացին աշխատում է ՀՀ կառավարության վերահսկողական ծառայությունում, ուստի իր կարծիքով՝ իրավունք ունի իր մեքենան կայանել՝ որտեղ սիրտը կուզի: ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել