Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ՝

Մարտ 15,2006 00:00

«ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԻՆՔՆԱԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ» Այսպես գնահատեց «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի նախագիծը: «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ուղենիշները» փաստաթղթի վերաբերյալ Վիկտոր Դալլաքյանի գնահատականներն ընդհանուր առմամբ համահունչ էին ընդդիմադիր այլ գործիչների մեկնաբանություններին: Սերժ Սարգսյանի ներկայացրած այս զեկույցի հետեւյալ դրույթների առնչությամբ, թե «Մեր երկրի ներքին անվտանգության ապահովումը առաջին հերթին պայմանավորված է պետության, հասարակության գոյության եւ կենսագործունեության բոլոր բնագավառներում ժողովրդավարական արժեքների ամրագրմամբ», «Հայաստանի միջազգային ինտեգրում ժողովրդավարացման միջոցով. ահա սա է մեր պետական-ազգային շինարարության գերնպատակը»՝ «Արդարության» քարտուղարը նկատեց. «Ժողովրդավարական արժեքների մասին խոսում է այն վարչախմբի ներկայացուցիչը՝ նաեւ որի ղեկավարությամբ են կեղծվել 1998-ի եւ 2003-ի ընտրություններն ու 2005-ի սահմանադրական հանրաքվեն: Խորհրդանշական է, որ անվտանգությամբ զբաղվում են անվտանգությունը խաթարողները»: Մեջբերեց նաեւ ազգային անվտանգության հայեցակարգի նախագծի հետեւյալ դրույթը. «Զարգացման եվրոպական ուղին պատահաբար չի ընտրված, այլ պայմանավորված է եվրոպական խոր արմատներ եւ աշխարհայացք ունեցող հայ ժողովրդի հասարակական գիտակցությամբ»: Վիկտոր Դալլաքյանը համաձայնեց. «Այո՛, ժողովուրդն ունի այդ գիտակցությունը, իսկ իշխանությունները՝ ո՛չ: Եվ պատահական չէ, որ միջազգային դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերը 2003-ի նախագահական ընտրություններից հետո նշեց, թե հայ ժողովուրդը պատրաստ էր ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու, բայց երկրի քաղաքական ղեկավարությունը չդրսեւորեց համապատասխան կամք»: Հայեցակարգի նախագծում ներքին վտանգների շարքում հիշատակված են «պետական համակարգի անկատարությունը կամ չկայացումը», «կոռուպցիան եւ կաշառակերությունը», «իշխանությունների հանդեպ հասարակական անվստահությունը»: «Արդարություն» խմբակցության քարտուղարը նշեց. «Այս ամենի պատասխանատուն գործող վարչախումբն է: Իրե՛նք են՝ այդ թվում Սերժ Սարգսյանը, իրենց իշխանությամբ ժողովրդին հասցրել աղքատության, որը դիտարկվում է իբրեւ սպառնալիք»: Կոռուպցիայի եւ կաշառակերության վտանգների առնչությամբ էլ մեջբերեց Համաշխարհային բանկի 2005-ի զեկույցից. «Հայաստանում կոռուպցիայի որոշ դրսեւորումներ հասնում են ընդհուպ մինչեւ իշխանության բարձրագույն մակարդակներ… Հայաստանում վառելիքի մի մասը ներմուծվում է մաքսանենգ ճանապարհով: Վառելիքի շուկայում, համակենտրոնացումների արդյունքում, հասարակությունն, ի հաշիվ իր բարեկեցության, խոշոր վնասներ է կրում: Միայն բենզինի շուկայում ոչ մրցակցային վարքագծի պատճառով հասարակության կրած վնասը տարեկան կազմում է 55 մլն դոլար»: Ու հիշատակեց տարածված համոզումը, թե վառելիքի ոլորտը վերահսկում է հենց Սերժ Սարգսյանը: Դարձյալ շեշտելով, թե հենց իշխանությունն է հայեցակարգում նշված վերոհիշյալ վտանգների հեղինակն ու պատասխանատուն՝ պրն Դալլաքյանը նշեց. «Պետական համակարգի չկայացման համար նաեւ Սերժ Սարգսյանն է պատասխանատուն: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի այս զեկույցն ինքնախոստովանություն է առանց պատասխանատվության: Եվ իրոք, ՀՀ ազգային անվտանգության հիմնական սպառնալիքներից մեկը գործող վարչախմբի գոյությունն է»: Վիկտոր Դալլաքյանը մի շարք նկատառումներ ներկայացրեց, որոնք վերաբերում էին արդեն հայեցակարգի մշակմանը: Ասենք, նկատեց. «Սխալ է իրականացվել աշխատանքի կազմակերպումը: Սկզբում պիտի հրավիրվեին ըստ ուղղությունների՝ բնապահպանական, գիտական, կրթական եւ ազգային անվտանգության համար կարեւորություն ունեցող այլ ոլորտների մասնագետները, ստեղծեին աշխատանքային խմբեր, դրանից հետո նոր ստեղծվեր այդ միջգերատեսչական հանձնաժողովը, որը կլրամշակեր ու կամփոփեր մասնագիտական խմբերի իրականացրած աշխատանքը»: Մեր հիշեցմանը, թե այդ հանձնաժողովը լրամշակում է այն փաստաթուղթը, որն արդեն իսկ ստեղծվել է պաշտպանության նախարարությունում՝ պրն Դալլաքյանը հակադարձեց. «Դա շատ սխալ մոտեցում է: Ասենք, տեղեկատվական ազատության հիմնախնդիրներն առանց լրագրողների եւ այդ ոլորտի մասնագետների կարո՞ղ էր մշակել ՊՆ-ն: Իհարկե, չէր կարող: Պաշտպանության նախարարությունը կարող էր մշակել ռազմական դոկտրինը: Բայց հանձնաժողովը գնացել է արդեն իսկ եղած ինչ-որ փաստաթուղթ լրամշակելու ճանապարհով, որը ճիշտ չէ»: Այս փաստաթղթի «ՀՀ ազգային անվտանգության հիմնադրույթները» բաժնում նշված է. «Հայաստանի ազգային անվտանգության ապահովումը պետության գոյությանն սպառնացող վտանգների որոշումն է (գնահատումը), դրանց կանխարգելումն ու չեզոքացումը, ինչպես նաեւ երկրի կայուն զարգացման երաշխավորումը»: Վիկտոր Դալլաքյանի կարծիքով՝ «կառուցվածքը սխալ է», եւ այդ հիմնադրույթները պետք է շարադրվեին իր հեղինակած «Ազգային անվտանգության հիմնադրույթների մասին» օրինագծի կառուցվածքով, այսինքն՝ պիտի ամրագրվեին բոլոր բնագավառներում ազգային շահերը, ինչպես արված է օրենքի իր նախագծի 6, 7, 19 հոդվածներում, նաեւ թվարկվեին բոլոր բնագավառներում ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները, ինչպես արվել է «Ազգային անվտանգության հիմնադրույթների մասին» օրինագծի հոդված 20-28-ում: Իսկ «Ազգային անվտանգության ապահովումը» բաժնում ճիշտ կլիներ ներառել օրենսդրական այս նախաձեռնության հոդված 29-43-ը: Վիկտոր Դալլաքյանը նշեց նաեւ, որ հայեցակարգի նախագծում բարեփոխումների մեջ նշված են միայն տնտեսական եւ սոցիալական բնագավառները: Որոշակի նկատառումներ ուներ նաեւ փաստաթղթի՝ մեր հարեւանների հետ հարաբերությունների բաժնի վերաբերյալ, որոնք կներկայացնենք առանձին: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել