Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղեղների վտանգ՝ Գյումրիում

Մարտ 15,2006 00:00

Հեղեղների վտանգ՝ Գյումրիում Քաղաքով հոսող Գյումրի-Չայ ու Ղորղոբա գետերը դուրս մնացին վարարումները կանխելու նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի ցանկից: Հանձնաժողովի նախագահ, հանրապետական փոխմարզպետ Միքայել Վարդանյանի արդարանալով՝ առաջնահերթությունը տրվելու է մարզի հեղեղավտանգ տարածքներին, օրինակ՝ Սառնաղբյուրին, Մարալիկին, Աշոցքին, Արթիկի շրջանին, որտեղ նախորդ տարիներին գրանցվել են արտակարգ պատահարներ՝ ընդհուպ մինչեւ մարդկային զոհեր: Մնացած համայնքները, այդ թվում եւ բողոքավոր Գյումրիի քաղաքապետարանը, փոխմարզպետի ասելով, հեղեղների դեմ պայքարելու են սեփական միջոցների հաշվին: Իսկ եթե բյուջեն այնքան աղքատ է, որ տվյալ գյուղապետը կամ քաղաքապետը գրոշ անգամ չի կարող տրամադրել, մի՞թե տվյալ համայնքը ջրի տակ խորտակվելու է: «Եթե այդպես մտածենք՝ գյուղապետերը էսօր շատ բանի կարիք ունեն, չի բավարարում վարուցանքի տեխնիկան, վառելիքը, սերմացուն, քիմիկատը, սրանք բոլորն էլ օբյեկտիվ պահանջներ են, հատկապես չհավաքագրված բյուջեի պայմաններում: Ոչ բոլոր դեպքերում կարելի է կառավարությունից օգնություն խնդրել, մի քիչ էլ իրենք պետք է ստեղծեն»,- կարծում է փոխմարզպետը: Ի դեպ, վերջինս էլ իր հերթին դժգոհ է կառավարության հատկացրած գումարից, ըստ նրա՝ արտակարգ իրավիճակների վարչության հետ համատեղ կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ձյունառատ Շիրակի մարզին այս տարի անհրաժեշտ է 131 միլիոն դրամ, սակայն կառավարությունը բավարարվել է՝ ոչ ավել, ոչ պակաս, 7 միլիոն դրամ տրամադրելով: Փաստորեն, կառավարությունը նեղ վիճակի մեջ է դրել մարզային հանձնաժողովին, չի բացառվում, որ վերջինիս եզրափակիչ նիստը բողոքավոր դարձնի շատ ու շատ համայնքապետերի եւ բնակիչների: Համայնքների «բախտը» հավանաբար կորոշվի այսօր, սակայն նախքան նիստը մեր օրաթերթը արդեն իսկ բողոք էր ստացել Գյումրիի Ավտոկայանի տնակային թաղամասի բնակիչներից, որոնք ամեն տարի «ճաշակում» են Գյումրի-Չայի «զզվելի» համը: Բնակիչների հաշվարկներով, վարարումներին մնացել են հաշված օրեր, սակայն սելավատարները մաքրելու ուղղությամբ ոչ մի աշխատանք դեռ չի կատարվել: «Նախորդ տարի գոնե գործազուրկների կենտրոնից գետը մաքրելու համար բանվորներ ղրկեցին, էս տարի ձեն-ծպտուն չկա: Թեեւ ինչըխ կար, էդ ձեւի մնաց, բանվորները մատ մատի չտվեցին, կարգը մեր քաղաքում ընպես է, որ բանվոր կձեւակերպվիս ու ստացածդ փողը շեֆերի հետ կկիսվիս, ես աշխատել եմ էդ գործում, գիտեմ»,- վստահեցնում էր կանանցից մեկը: Թաղի բնակիչները մտահոգված էին, որ այս թաղամասում սպասվում է համաճարակի վտանգ. «Չկա որեւէ «դոմիկ», որտեղ առնվազն «60 հատ կռիս չեղնի»: Բնակիչների ասելով, սանէպիդը իրենց ահազանգերը «շան տեղ չի դնում», չնայած արդեն եղել են կռիսների՝ մարդկանց ականջը կծելու դեպքեր: «Ամոթ է, ամոթ, էգուց-մյուս օր մեկիս կուտեն, խաղք ու խայտառակ կեղնիք»,- ասում էին նրանք՝ սարսափելով, որ գետի վարարումներն այս տարի փտած «դոմիկներից» ոչ մեկը չեն խնայի: Իմիջիայլոց, Ավտոկայանի տնակային թաղամասը Գյումրիի ամենահեղեղավտանգ ու ամենախղճուկ տարածքն է, որտեղ ոչ պակաս արտառոց դեպքեր են գրացվում, քան Արթիկում կամ մյուս տարածաշրջաններում: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել