Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆՈՒՄ

Մարտ 17,2006 00:00

ՍԱՀՄԱՆՈՒՄ ԿՐԱԿՈՒՄ ԵՆ ԲՅՈՒՋԵԻ ԱՎԵԼՑՈՒԿԸ Ըստ «Մեդիամաքս»-ի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հայտարարել է, որ «ոչ 10, ոչ էլ 100 տարի հետո մենք չենք հանդուրժի ԼՂ-ի անջատումը»: Ի. Ալիեւն ասել է այս մասին՝ այսօր Բաքվում ելույթ ունենալով ադրբեջանցիների երկրորդ համաշխարհային համագումարում: Նա հայտարարել է, որ Ադրբեջանը տարեցտարի ուժեղացնում է ռազմական զորությունը, եւ այս տարի երկրի ռազմական բյուջեն կազմել է $600 մլն: «Ես մտադիր եմ Ադրբեջանի ռազմական բյուջեն մոտ ապագայում հավասարեցնել Հայաստանի ողջ բյուջեին: Հայաստանը երբեք ի վիճակի չի լինի մրցել մեզ հետ: Լավ կլինի, որ Հայաստանի կառավարությունը գիտակցի դա հնարավորինս շուտ»,- հայտարարել է Ի. Ալիեւը: Նա նաեւ ասել է, որ Ադրբեջանը ստիպված կլինի վերանայել իր մասնակցությունը բանակցություններին, եթե Հայաստանը չցուցաբերի կառուցողական մոտեցում: «Խաղաղ բանակցությունները շարունակվում են 12 տարուց ավելի, սակայն՝ անարդյունավետ: Հայտնի չէ, թե դեռ որքան դրանք կշարունակվեն: Մենք կողմ ենք խաղաղ գործընթացին, սակայն երբ բախվում ենք ՀՀ-ի ոչ կառուցողական դիրքորոշմանը, մեր համբերության բաժակը սկսում է լցվել: Եթե Ադրբեջանը նկատի, որ բանակցությունները կրում են իմիտացիոն բնույթ, մենք կհրաժարվենք մասնակցել դրանց», – հայտարարել է Իլհամ Ալիեւը: «Հ2»-ի խնդրանքով անդրադառնալով Ի. Ալիեւի այդ հայտարարություններին՝ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ասաց. «Առաջին անգամ չենք լսում Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացման մասին: Թվում է, թե այդ բյուջեն ավելանում է օրեցօր, եւ թերեւս դրա համար են ադրբեջանական վայ-մարտիկներն անընդհատ սահմանի վրա խախտում զինադադարի ռեժիմը՝ սպառելու համար զինամթերքի այդ ավելցուկը: Բայց եկեք դրան նայենք գլոբալ համատեքստում: Այսօր քաղաքակիրթ աշխարհում ազգերն ու պետությունները մրցակցություն չեն ծավալում իրենց ռազմական բյուջեի չափի շուրջ: Դա այն հարցը չէ, որով կարելի է պարծենալ եւ համեմատվել հարեւանների հետ: Այսօր մրցակցության ոլորտները այլ տեղերում են: Եվ այդ բոլոր տեղերում Հայաստանն Ադրբեջանից առաջ է ընկած: Այդ հարցում համեմատության որեւէ տեղ չկա: Սկսած ՄԱԿ-ի մարդկային զարգացման ցուցանիշներից, ՀՀ-ն Ադրբեջանից առաջ է: Համաձայն համաշխարհային գործակցի, որը կանխորոշում է ՀՀ-ում ներդրումային մթնոլորտը, Հայաստանը դարձյալ Ադրբեջանից առաջ է: Նրանք նույնիսկ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ չեն: Անհամեմատելի են նույնիսկ ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության կամ մամուլի ազատության մակարդակներով: Այն գործակիցներով, որոնցով որոշվում են տնտեսության ազատությունը եւ զարգացումը, ինչպես նաեւ կաշառակերության դեմ պայքարում թափանցիկությունը եւ արդյունավետությունը, Հայաստանն անհամեմատ լավ վիճակում է, քան Ադրբեջանը: Չնայած նրան, որ արդեն քանի տարի է, ինչ Ադրբեջանն արդյունահանում է օրական 400 հազար բարել նավթ, միեւնույն է՝ բնակչության մեկ շնչին ընկնող եկամտով առայսօր չի հասել Հայաստանին: Լավ կլիներ, որ Ադրբեջանը փորձեր ՀՀ-ին հավասարվել այս ոլորտներում, քան փորձեր մրցակցել եւ պարծենար իր թվացյալ ռազմական գերազանցությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել