Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 17,2006 00:00

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԻՏԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՎԻ ԱՆԸՆԴՀԱՏ» Այդպիսի ցանկություն է հայտնել ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Արմեն Ռուստամյանը վերադարձել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստից, որի ժամանակ քննարկվել են նաեւ Ադրբեջանի մանդատի հաստատման հետ կապված հարցերը: Հիշեցնենք, որ մոնիտորինգի հանձնաժողովը, հետեւելով ադրբեջանական խորհրդարանական ընտրություններին, բավականին խիստ գնահատականներով էր հանդես եկել, ընդհուպ՝ Ադրբեջանի ԵԽ-ին անդամակցելու հետ կապված: Որոշակի հանձնարարականներ էին տրվել ընտրական գործընթացները բարեփոխելու, միջազգային պահանջներին համապատասխանեցնելու համար: Մայիսի 13-ին նախատեսված է Ադրբեջանի տասը ընտրատարածքներում անցկացնել խորհրդարանական նոր ընտրություններ: Սակայն Ադրբեջանն առանձնապես չի շտապել իրականացնել եվրոպական կառույցի հանձնարարականները: Երկու կարեւոր խնդիր էր դրված Ադրբեջանի առջեւ՝ պատժել ընտրակեղծիքներ կատարածներին եւ փոխել հանձնաժողովների ձեւավորման կարգը: Երկու հարցերի կատարման ընթացքն էլ մոնիտորինգի հանձնաժողովը գնահատել է անբավարար: Եվրոպական այս կառույցի բացառիկ ուշադրությունը ադրբեջանական ընտրություններին՝ ավելի ժողովրդավար դարձնելու ուղղությամբ նշանակո՞ւմ է արդյոք, որ եվրոպացիներն ավելի շատ շահագրգիռ են այս երկրի ժողովրդավարացմամբ, քան Հայաստանի, չէ՞ որ մեզանում եւս ոչ պակաս ուժով խախտում են ամեն տեսակի ընտրությունները, նաեւ՝ հանրաքվեն: Ուրեմն, ինչո՞ւ մեզ այդքան խիստ չդատեցին, որքան այսօր փորձում են դատել Ադրբեջանին: Մեր այս հարցին ի պատասխան՝ Արմեն Ռուստամյանը նկատեց, որ մեզ եւս խիստ են դատում. «Իրավիճակները տարբեր են, նախ, մեր սահմանադրական հանրաքվեի հետ կապված եղել է հայտարարություն: Եվ հետո, ընտրությունների միջոցով ձեւավորվում է իշխանությունը, եւ ժողովրդավարության իրականացման թիվ մեկ պահանջը հենց ազատ, արդար ընտրությունների անցկացումն է: Իսկ փոփոխված սահմանադրությունը շատ լուրջ հնարավորություն է տալիս ժողովրդավարության իրականացման համար: Այլ բան է, որ որոշակի վերապահումներ կան ընթացքի վերաբերյալ: Դուռն արդեն բացվել է, եւ իրենք շատ լուրջ խնդիր են դնում սահմանադրության հիման վրա խորքային փոփոխություններ իրականացնելու հարցում: Եվ եթե 2007-ի ընտրությունների հետ կապված, Աստված մի արասցե, նման իրավիճակ առաջանա Հայաստանում, վստահ եմ, որ մեր հանդեպ շատ ավելի խիստ վերաբերմունք կդրսեւորվի: Մենք բոլոր տիպի լիմիտները սպառել ենք ընտրությունները կեղծելու ա՛յն չափերով, որը եղել է մինչեւ հիմա: Մեր ընտրություններն այլեւս չեն կարող տարբերվել միջազգային չափանիշներից, եւ սա մենք պետք է հասկանանք, եւ սա պետք է դառնա բոլոր քաղաքական ուժերի՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն, թիվ մեկ խնդիրը»: Ստիպված էինք առանց վիրավորելու հարցնել՝ կներեք, դուք ձեր ասածին հավատո՞ւմ եք, մանավանդ՝ իշխանությունն այսօր չի թաքցնում, որ ինքնավերարտադրվելու լուրջ խնդիր է դրել իր առաջ, իսկ արդար ընտրությունների դեպքում այս իշխանությունները չեն կարող մնալ իշխանության ղեկին, հավանական արդար ընտրության դեպքում երկրի քաղաքական պատկերը բոլորովին այլ է լինելու: Արմեն Ռուստամյանը իր հերթին հակադարձեց. «Բայց մենք չենք էլ ուզում, որ իշխանություններն անընդհատ վերարտադրվեն: Իշխանությունը չպետք է վերարտադրվի անընդհատ: Ենթադրում եմ, եւ կարծում եմ, հիմնականում մենք արդեն հասել ենք այն քաղաքական գիտակցությանը, որ երկրում արդյունավետ կառավարում իրականացնելու համար անհրաժեշտ է, որ ժողովուրդը էականորեն մասնակից դառնա իշխանությունների ձեւավորման գործընթացին, եւ իշխանություն ձեւավորելով ինքն իրեն ղեկավարի: Սա պիտի տեղի ունենա ընտրությունների միջոցով»: Արմեն Ռուստամյանն ասաց, որ դաշնակցությունը ընտրություններից առաջ կկրկնի դեռեւս 2003-ի իր նախաձեռնությունը՝ քաղաքական ուժերին կոչ անելով ձգտել եւ հասնել արդար ընտրությունների անցկացմանը: Ըստ մեր զրուցակցի, 2007-ին դա պարզապես շատ ավելի է կարեւորվում, եւ այդ մեխանիզմը մի կարեւոր տարր է պարունակելու, այն, որ հավանական ընտրակեղծիքներին տրվի համատեղ գնահատական եւ համատեղ լինի վերաբերմունքը դրանց հանդեպ, այս դեպքում մեր զրուցակիցը վստահ է, որ այդ կեղծիքների հետաքննությունը, հետապնդումն ու իրավական պատասխանատվության հասցնելը կդառնան անխուսափելի. «Որեւէ մարմին չի կարող հաշվի չնստել այդպիսի հեղինակավոր, միասնական կարծիքի հետ: Բայց շատ կարեւոր է, որ սրան միանա հատկապես ընդդիմությունը, որովհետեւ, եթե այս պրոցեսի մեջ չմտան իշխանությունն ու ընդդիմությունը միաժամանակ եւ միասնական, ապա արդյունքը չի կարող լինել ուժեղ»: Արդյո՞ք դաշնակցության այս շահագրգռությունը կամ անհանգստությունը կապված չէ այն իրավիճակի հավանականության հետ, որ նրա կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ն եւ նորաստեղծ «Բարգավաճ Հայաստանը» մտադիր են մեծաթիվ տեղեր վերցնել նոր խորհրդարանում, այդպիսով, թերեւս, դուրս թողնելով կամ քիչ տեղ թողնելով եւ ՀՅԴ-ի, եւ ՕԵԿ-ի եւ ընդդիմության համար: Նման մտավախություն դաշնակցությունը կարծես չունի, եւ Արմեն Ռուստամյանի ցանկությունն այն է, որ ԱԺ-ում նոր ընտրությունների արդյունքում ստեղծվելիք պատկերը ձեւավորվի միայն արդար ընտրությունների արդյունքում. «Միայն այդ պատկերի հետ կարելի է համակերպվել, չնայած՝ քո ակնկալիքները կարող էին լինել շատ ավելի շատ: Բայց եթե դա է այսօր քո կշիռը եւ իրական գնահատումը ժողովրդի կողմից, դրա հետ պետք է համակերպվել եւ ըստ այդմ կառուցել հետագա ծրագրերն ու անելիքները, որովհետեւ այդպես են հղկվում եւ թրծվում կուսակցությունները եւ իսկական քաղաքական դաշտի կայացումն այդպես է լինում, երբ զգում ես ժողովրդի անմիջական գնահատականը քո գործունեությանը»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել