Լրահոս
Օրվա լրահոսը

«Դժվար է զուսպ գնահատականներ տալը»

Մարտ 17,2006 00:00

«Դժվար է զուսպ գնահատականներ տալը» Երեկ հավաքվեցին «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսի կողմնակիցները Փետրվարի 28-ին ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան կազմի օպերատիվ հավաքում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ասել էր. «Ի՞նչ էինք ուզում մենք 88-ին: Ուզում էինք, որ ԼՂԻՄ-ը միանար Հայաստանին: Հիմա ուրիշ է՞լ ինչ ենք ուզում: Պատերազմի ժամանակ մենք հող չէինք ազատագրում, այլ կրակակետեր էինք ոչնչացնում: Ի՞նչ ազատագրված տարածք, դա անվտանգության գոտի է: Վերջին 100 տարում այդտեղ հայեր չեն ապրել: Ձեզանից ո՞վ կարող է ապացուցել, որ Աղդամը հայկական է եղել»: Երեկ Արցախի պատերազմի տասնյակ կամավորներ, հրամանատարներ, պաշտպանության նախկին երկու նախարարներ՝ Վազգեն Մանուկյանը եւ Վաղարշակ Հարությունյանը մասնակցում էին «Ազատագրված տարածքների պաշտպանության կոմիտե» հ/կ-ի հրավիրած քննարկմանը: Կազմակերպության կոորդինատոր Արմեն Եղյանի գնահատմամբ, Սերժ Սարգսյանի հայտարարությունը անօրինական է, վտանգավոր, ստահոդ եւ «դժվար է զուսպ գնահատականներ տալ դրան»: Պաշտպանության նախկին նախարար, ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ պաշտպանության նախարարը իրավունք չուներ նման բան ասելու, դա նրա գործը չէր, եւ ասվածը քաղաքական որոշման, ժողովրդի կամքի դրսեւորում չէ, այլ ընդամենը «դուր գալ Արեւմուտքին՝ իշխանությունը պահելու համար»: Պաշտպանության մեկ այլ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նկատեց, որ Ադրբեջանի ոչ մի քաղաքական ուժ չի ասում, թե եկեք քննարկենք Ղարաբաղի կարգավիճակը, սակայն մեր քաղաքական ուժերը «հետամուտ են» դրան: Վազգեն Մանուկյանը հարցով դիմեց լսարանին, թե ո՞րն էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պատճառը եւ ապա նշեց, որ Քոչարյանն ու Սարգսյանը «զիջումների գնալու պատրվակի» անվան տակ միավորվեցին՝ Լեւոնին հանելու համար եւ գտնում էր, որ երկուսն էլ պիտի հրաժարական տան: Արցախի զինված ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը պաշտպանության նախարարի հայտարարությունը դիտեց ոգին թուլացնելու քայլ, ապա նշեց, որ նույն մտքին «ձայնակցել» է ՊՆ շտաբի պետ Մովսես Հակոբյանը: Նա ասաց. «Էլ ի՞նչ պաշտպանության նախարար, որ թուլացնում է զորքը: Ինչքան Սյունիքն է նեղ բանակի համար, այնքան էլ նեղ է ՊՆ մտածելակերպը»: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը իր զարմանքը արտահայտեց, որ քաղաքական ուժերը լռում են պաշտպանության նախարարի հայտարարության շուրջ, որը, ըստ նրա, հասարակության «ռոբոտացման» արդյունք է: Նա ասաց, որ կոալիցիան «կազմակերպում է զորիբալայանական, հանրապետադաշնակցական շոուներ», ապա առաջարկեց սկսել գործընթաց «Սերժին հեռացնելու համար»: «Առավոտի» տեղեկություններով, այսօրվանից կազմակերպվելու է ստորագրահավաք՝ նրա հրաժարականը պահանջելու համար: Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը նկատեց, որ եթե իրենք չգիտակցեին, թե Աղդամը ու մնացած տարածքները մերը չեն, ապա հաղթանակներ չէինք ունենա. «Ամոթալի է, որ պաշտպանության նախարարը՝ մատ թափ տալով այդպիսի մտքեր ասի»: Քննարկման ընթացքում հնչեց հետեւյալ ռեպլիկը. «Հետաքրքիր է, որ ամերիկացիները ասել են, թե պատերազմ չի լինի», ինչին արձագանքեց Վազգեն Մանուկյանը, ասելով, որ դիտավորյալ վախեցնում են ժողովրդին պատերազմով, եւ որ իսկապես պատերազմ չի լինի: Ամփոփելով հավաքը, Ժիրայր Սեֆիլյանը կանխատեսեց. «Արեւմուտքը ի վերջո հարգելու է այն գործչին, որը պաշտպանելու է այս հողը»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել