Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՏՎԵԼ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ

Մարտ 18,2006 00:00

Երեկ
շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 66-րդ եւ կանանց 60-րդ առաջնության
ընթացքին հետեւում էին նաեւ օրերս Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում
անհաջողության մատնված գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը:
Հասկանալի է, նրանց հետ զրուցելու հարմար առիթը ձեռքից բաց թողնել չէր կարելի:
Սկզբում զրուցեցի Լիլիթի հետ: – Հազվադեպ է պատահում, որ հենց առաջին
տուրից հետո դուրս մնաս պայքարից, որքան էլ բարձրակարգ մրցում լինի: Ինչպե՞ս պատահեց:
– Ծանր մրցախաղ էր: Առաջին երկու պարտիաներում էլ մեծ առավելություն ունեի:
Բայց չկարողացա իրացնել, ու դրանք ավարտվեցին ոչ-ոքի: Ափսոսում եմ հատկապես մեկնարկային
պարտիայի համար, որում, կարելի է ասել, հաղթած դիրք ունեի: Դե, արագ շախմատի ժամանակ
հոգնածությունս զգացնել տվեց: Իսկ չորրորդ պարտիան շատ վատ խաղացի: Այլեւս ուժ չէր
մնացել: – Լավ չէի՞ր նախապատրաստվել: – Ոչ այնքան: Իր սեւ դերը կատարեց
հունվարի 20-ին ավտովթարի ենթարկվելս: Թեւս էի կոտրել, ուղեղի ցնցում ստացել: Բժիշկները
մի որոշ ժամանակով կտրականապես արգելել էին շախմատով զբաղվել: Բաց թողեցի Արզնիում
անցկացված հավաքը, «Աերոֆլոտի» բաց մրցաշարը: Հետո, երբ ամեն բան որոշ չափով կարգավորվեց,
աշխարհի առաջնությունից անմիջապես առաջ մարզչիս՝ Արսեն Եղիազարյանի եւ գրոսմայստեր
Կարեն Ասրյանի հետ միասին մասնակցեցի Սմբատ Լպուտյանի՝ կրկին Արզնիում կազմակերպված
հավաքին: Շատ լավ էինք նախապատրաստվել հատկապես սկզբնախաղերին, դրա համար էլ Եկատերինբուրգում
սկզբնախաղերից հետո մեծ առավելություն էի ստանում: Սակայն, ինչպես պարզվեց, պետք
էր ուշադրություն դարձնել նաեւ ֆիզիկական պատրաստվածությանս վրա: Դրա պատճառով վատ
հանդես եկա: Ուժերս չբավականացրին դիմանալու լարվածությանը: – Շուտով Ստամբուլում
մեկնարկելու է Եվրոպայի անհատական առաջնությունը: Մասնակցելո՞ւ ես: – Անպայման
գնալու եմ: Բայց այս անգամ պետք է աշխատեմ նաեւ ֆիզիկապես լավ պատրաստվել, որպեսզի
աշխարհի առաջնության նման ուժասպառ չլինեմ ու մի սխալի պատճառով ամեն ինչ չփչացնեմ:
Էլինան թեեւ առաջին արգելքը հաղթահարեց, պայքարից դուրս մնաց երկրորդ տուրի
ավարտից հետո, չնայած զիջեց ուժեղ մրցակցի՝ ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկին:
– Ի՞նչ կասես քո մրցելույթի մասին: – Բնականաբար, գոհ չեմ: Բայց ինձ
վրա շատ ազդեց հատկապես ռումինացի Ֆոյշորի հետ առաջին մրցամարտի երկրորդ թայ-բրեքը:
Անչափ ծանր էր: Այն ավարտվեց շատ ուշ: Հյուրանոց հասա գիշերը 1.30-ին: Ուզում էի
ուղեղս անջատել, չստացվեց: Ամբողջ գիշեր չկարողացա քնել: Իսկ հաջորդ օրը կրկին պետք
է խաղայի: Չէի զգում, թե ինչքան ժամանակ եմ ծախսել, ինչքան է մնացել: Ինքս ինձ գցեցի
ցայտնոտի մեջ: Ալեքսանդրան հաղթելու ոչ մի հեռանկար չուներ: Ոչ-ոքի անելու իրական
հնարավորություն կար, բայց սխալ ընտրություն կատարեցի ու տանուլ տվեցի: Երկրորդ պարտիայում
արդեն խանգարեց ավելորդ զգացմունքայնությունը, 0:1 հաշվով զիջելու մասին մտածմունքը:
Այդուհանդերձ, կարծում եմ վատ չխաղացի: Կայուն առավելություն ունեի: Գնացի ռիսկի:
Ցանկանում էի նրան սադրել սխալ շարունակություն ընտրել: Չստացվեց: Մեկ-երկու ճշգրիտ
քայլ, ու պարտիան ավարտված էր: Այնպես որ, պարտվեցի միայն իմ հիմարության պատճառով:
– Լիլիթը վատ նախապատրաստվելու հարգելի պատճառ ունի: Իսկ դո՞ւ: – Ես
ընդամենը մեկ շաբաթ ժամանակ ունեցա: Մասնակցում էի «Aeroflot Open»-ին, հետո Ֆրանսիայում
տղամարդկանց միջազգային մրցաշարի մասնակցեցի, որտեղ 9 հնարավորից վաստակեցի 6,5 միավոր
եւ վեց հարյուրից ավելի մասնակիցների մեջ կանանց պայքարում բաժանեցի 1-6-րդ տեղերը:
– Եկատերինբուրգ գնացել էիր առանց մարզչի՞: – Այո: Անցած տարի ինձ
օգնում էր բելառուսցի գրոսմայստեր Անդրեյ Կովալյովը: Մինչեւ մեկնելս օգնում էր Տիգրան
Նալբանդյանը: Բայց նա չէր կարող գալ, քանի որ մասնակցելու էր Հայաստանի առաջնությանը:
Այս անգամ էլ Անդրեյի հետ պայմանավորվել էինք, որ եթե երկրորդ փուլն անցնեմ, գա:
– Հիմա ի՞նչ ծրագրեր ունես: – Մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Ուզում
եմ այնտեղ լավ խաղ ցուցադրել: – Մարզվո՞ւմ ես: – Ժամանակ կա: Բայց
առայժմ հանգստանում եմ: Պետք է նյարդերը թուլացնել: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031