Լրահոս
Օրվա լրահոսը

19

Մարտ 18,2006 00:00

19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԸ ԼԱՎ ՀԵՌԱՆԿԱՐ ՈՒՆԵՆ Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մրցաշրջան 2006-ում նույնպես լուրջ ծրագրեր է նախանշել, որոնց մասին «Առավոտին» տված հարցազրույցում պատմում է հավաքականի ավագ մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: – Տարվա ընթացքում մեզ սպասվող միջազգային մրցումներին նախապատրաստվել սկսել ենք «Այգ» մարզաբազայում: Սակայն վնասվածքի պատճառով հավաքին մասնակցել չեն կարողացել առանցքային վեց-յոթ ֆուտբոլիստներ, որոնց փոխարեն հրավիրել էինք 1988/1989 թթ. ծնված հեռանկարային այլ ֆուտբոլիստների: Մարզումների հագեցվածության առումով հավաքը հաջող էր: Կարծում եմ, մեր թիմը բավականին լավ հեռանկարներ ունի: Բայց դրա համար պետք է ամեն օր քրտնաջան աշխատել: – Առանց միջազգային մրցումների մասնակցության, անհրաժեշտ մրցափորձի, հնարավո՞ր է որեւէ հաջողության հասնել: – Միանշանակ՝ ոչ: Դրա համար էլ ապրիլի 28-30-ին Իրանում հյուրընկալվելու ենք այդ երկրի նույն տարիքային խմբի հավաքականին: Հիմա բանակցություններ են ընթանում հարեւան Վրաստանի հետ: Բացի դա, հետաքրքրվում ենք, թե արտասահմանում երիտասարդական ինչ մրցաշարեր կան: Ուզում ենք փորձարկել մեր 1988/1989 թվականներին ծնված ֆուտբոլիստներին: Նրանց վստահելը, խաղադաշտում իրենց ցուցադրելու հնարավորություն ընձեռելը, բացի մարզական վարպետության բարձրացումից, բարոյահոգեբանական հսկայական նշանակություն ունի: Հայաստանում բոլոր տարիքային խմբերում էլ ներուժ ունեցող շնորհալի ֆուտբոլիստներ կան: Պարզապես՝ անհրաժեշտ է նրանց հետ աշխատել քրտնաջան ու համբերատար: Միայն այդ դեպքում ակնկալվող արդյունքը կլինի: – Ուզում եք ասել, որ հանրապետության ներսում բավականաչափ քանակով համապատասխան կադրեր կա՞ն: – Իսկ ինչո՞ւ ոչ: Միայն թե հարկավոր է փնտրել ու կարողանալ տեսնել: Այսինքն, սելեկցիոն լուրջ աշխատանք կատարել: Օրինակ, իմ ծոցատետրում ֆուտբոլիստների անուններ կան նշված, որոնք խաղում են «Բանանցում», «Փյունիկ 2»-ում, մյուս ակումբներում: Նրանց խաղին հետեւելու ենք հանրապետության գավաթի խաղարկությունում, երկրի առաջնությունում: Սա փխրուն ու անկայուն տարիք է: Մեկը կարող է միանգամից աճել, մյուսին, հնարավոր է, ինքնադրսեւորվելու ժամանակ պահանջվի: – Իսկ դրսում սելեկցիա կատարո՞ւմ եք: – Իհարկե: Այսօր Դոնի Ռոստովից ունենք Եվգենի Սանյան, Հունաստանից՝ Արման Վարդապետյան: Երկու հոգու գտել ենք Ֆրանսիայում: Պիտի հանդիպենք: – Եվրոպայի առաջնությունում ապագա մրցակիցներով հետաքրքրվո՞ւմ եք: – Աշխատում ենք ձեռք բերել նրանց մարզումների, անցկացրած խաղերի տեսագրությունները, հավաքում ենք որքան հնարավոր է ամբողջական տեղեկատվություն ու մանրամասն ուսումնասիրում ենք: – Մինչեւ 19 տարեկանների հավաքականի անցած տարվա հաջողությունը կրկնելու հնարավորություն ունե՞ք: – Հնարավորություններ միշտ կան: Դրա համար, ինչպես արդեն ասացի, հարկավոր է շատ ու ճիշտ աշխատել: Պետք է յուրաքանչյուր մարզիչ ու ֆուտբոլիստ մտածի իր որակները բարձրացնելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել