Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՄ

Մարտ 18,2006 00:00

ԻՄ ՕՐՈՔ ՈՉ ՄԻ ՄԱՐԶԱՏԱՐԱԾՔ ՉԻ ՕՏԱՐՎԻ Ասում է մայրաքաղաքի Արաբկիր համայնքի թաղապետ Հովհաննես Շահինյանը – Պարոն Շահինյան, դուք թաղապետ ընտրվեցիք անցած տարվա հոկտեմբերի 25-ին: Հասկանալի է, համայնքը բազմաթիվ խնդիրներ ունի լուծելու: Դրանց մեջ ազգաբնակչության առողջության պահպանմանը, ֆիզիկական կուլտուրային ու սպորտին ի՞նչ կարեւորություն եք տալիս: – Եթե մարդն առողջ չլինի, չի կարող առողջ մտածել: Մեր թաղապետարանը 2006 թ. համար համայնքում առողջ ապրելակերպը զարգացնելու համալիր ծրագրեր է մշակել, որոնց իրականացումն արդեն սկսված է: Առաջինը համայնքում ֆիզիկական կուլտուրայով զբաղվելու համար համապատասխան պայմաններ ստեղծելն է: Այս գործում անձամբ ես կարեւորում եմ համայնքում մեր N1 ՄԴ-ի բազայի վրա մարզական խոշոր համալիր-կենտրոն ստեղծելը: Մարզադպրոցի շենքը, շնորհիվ տնօրինության հոգատարության, բավականին լավ է պահպանված: Հիմա այնտեղ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում: Դրանք կավարտվեն մոտ երկու ամսից, եւ շահագործումից հետո կառույցը պատանի մարզիկներին, շրջակա շենքերի ու համայնքի բնակիչներին կդիմավորի խաղային եւ ուժային մարզաձեւերի հարմարավետ դահլիճներով, վարժասարքերի սրահներով, հանդերձարան-ցնցուղարաններով: Ճիշտ է, ջեռուցման խնդիրը դեռ լուծված չէ, բայց ես դիմել եմ հանրապետության մարզական ղեկավարներին, նրանք էլ այդ հարցում մեզ խոստացել են աջակցել: Բացի դա, պատրաստակամություն են հայտնել հնարավորության սահմաններում օգնել նաեւ անհրաժեշտ մարզագույքով: Ինչո՞ւ սկսեցի հենց այդ մարզադպրոցից: Որովհետեւ դրա հետ կապված ստիպված ենք եղել որոշ խրթին հարցեր լուծել ու ապագայի լուրջ ծրագրեր կան: Տարիներ առաջ իմ նախորդները մարզադպրոցի առաջին հարկի հսկա դահլիճներից մեկի մի զգալի հատվածն օտարել էին «Արայ» ֆիրմային՝ որպես պահեստ օգտագործելու նպատակով: Հիմա ֆիրմայի ղեկավարության հետ իմ բանակցությունների արդյունքում թաղապետարանն այդ տարածքը ետ է գնում ու վերադարձնում է մարզադպրոցին: Ինչ վերաբերում է ապագայի ծրագրերին, համայնքի ավագանին դիմել է քաղաքապետին՝ քաղաքապետարանի ՕՀՀՈՒ-ի սուսերամարտի մարզադպրոցը թաղապետարանի հաշվեկշիռ փոխադրելու առաջարկով: Մենք պատրաստ ենք ապահովել եղած ֆինանսավորումը, շենքը հիմնանորոգել, պատշաճ տեսքի բերել տարածքը: Ավելին, նպատակ ունենք հյուրանոցային համալիր կառուցել, որպեսզի տարբեր մարզաձեւերի թիմեր, հատկապես՝ խաղային, որից հետ ենք մնում, հենց Երեւանում հավաքներ անցկացնելու, մրցումներ կազմակերպելու հնարավորություն ունենան: Համալիրն ամբողջական տեսք կստանա, երբ ֆուտբոլի ֆեդերացիան թաղապետարան-քաղաքապետարան-ֆեդերացիա եռակողմ պայմանավորվածության համաձայն նույն տարածքում տեղադրի ՈՒԵՖԱ-ի «փոքր խաղադաշտեր» ծրագրով նախատեսված ֆուտբոլի երկու մինի հրապարակ: – Եկեք խոսենք բակերի վիճակի մասին, որտեղ երեխաների համար խաղալու տեղ գրեթե չի մնացել: – Բարեբախտաբար, մեր համայնքում ոչ բոլոր բակերն են ավտոտնակներով ու այլ կառույցներով ապականվել: Բակերի հարցում առանձնահատուկ մոտեցումներ ունենք: Այն, ինչը կխանգարի համայնքային ծրագրերի իրականացմանը, կիրառելու ենք օրենքով սահմանված կարգով մեզ տրված լիազորությունները: Չեմ բացառում նաեւ, որ որոշ տեղերում ինչ-ինչ շինություններ կարող են քանդվել: Աշխատանքների հիմնական ուղղություններից մեկը բակերում պարզ տիպի խաղահրապարակներ կառուցելն է: Իսկ այն շենքերի բակերում, որտեղ կան խաղադաշտեր, վերանորոգելու ենք, կարգի ենք բերելու: Այստեղ հույս ունեմ, որ մեզ ակտիվ կաջակցեն նաեւ շենքերի բնակիչները: Մարտի 25-ից ամեն շաբաթ ամբողջ համայնքի տարածքում կազմակերպվելու են շաբաթօրյակներ: Անելու ենք այնքան, որքան հարկ լինի: Մասնակցելու են թաղապետարանի ստորաբաժանումները, համայնքի տարածքի բոլոր միավորները: Ուզում ենք, որ համայնքը մաքուր լինի: Հենց այդ ընթացքում էլ կտեսնենք, թե որ բակում խաղահրապարակից ինչ է մնացել, ինչ անելիք կա: Ի դեպ, համատիրություններին թենիսի սեղաններ բաժանելու ծրագիր էլ ունենք: – Երկար տարիներ որպես մանկավարժ աշխատել եք դպրոցում: Հետեւաբար քաջատեղյակ եք, որ ֆիզկուլտուրա առարկան գրեթե արհամարհված է: Դահլիճներն անմխիթար վիճակում են, խաղահրապարակները վերածված են աղբանոցի: – Չկա շաբաթ, որ որեւէ դպրոց չմտնեմ: Պարբերաբար մասնակցում եմ տնօրենների խորհրդակցություններին, որոնցում այդ հարցերն էլ են քննարկվում: Ու պիտի ասեմ, որ նրանց մեծ մասը ֆիզկուլտուրա առարկային բավականաչափ լուրջ է վերաբերվում: Պատահական չէ, որ մեր համայնքի դպրոցները հաջող են հանդես գալիս տարբեր մրցումներում: Օրինակ, թիվ 148 դպրոցը մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների միջեւ 2005 թվականին անցկացված շախմատի մրցումների հաղթողն է, իսկ թիվ 56-ը՝ ՀՀ նախագահի հովանու ներքո կազմակերպվող դպրոցականների սպարտակիադայում գրավել է թիմային առաջին տեղը: Թաղապետարանի աշխատողներով հանդիպել ենք նրանց, շնորհավորել եւ փորձում ենք աջակցել ինչով հնարավոր է: Իսկ որպես ֆիզկուլտուրայի զարգացման եւս մի խթան, մեր կրթության բաժնին հանձնարարել եմ ամբողջ ուսումնական տարվա ընթացքում տարբեր մարզաձեւերից ներհամայնքային դպրոցական մրցումներ կազմակերպել, որից հետո կհրավիրենք նաեւ մյուս համայնքների դպրոցներին: – Արաբկիրում մի ժամանակ կային նաեւ մարզաբազաներ, որոնք ոչ միայն համայնքային, այլեւ քաղաքային նշանակություն ունեին: Դրանք մեծամասամբ դադարել են գույություն ունենալ: – Այո: Ու, ցավոք, անվերադարձ կորսվել են: Օրինակ, ժամացույցի գործարանի ֆուտբոլի դաշտի, որ այնքան սիրում էր երիտասարդությունը, տեղում շենք է կառուցվել: Չկա նաեւ Բաբայան փողոցի ֆուտբոլի ծածկած խաղադաշտը: Հիմա էլ վտանգված է հենց թաղապետարանի հարեւանությամբ գտնվող «Հյուսիսային ճառագայթի» տարածքում հայտնված նախկին զբոսայգու հսկա խաղադաշտը: Երբ տեղեկացա, որ դա էլ օտարվում է ինչ-որ շենք կառուցելու նպատակով, անմիջապես դիմեցի քաղաքապետին, որպեսզի վերանայվի այդ որոշումը: Մի դաշտ էլ թող շենք չդառնա: Մենք էլի պատրաստակամ ենք այն բարեկարգել, հանդիսականների համար նստելատեղեր ստեղծել ու տրամադրել ժողովրդին: Իմ սկզբունքը հետեւյալն է. այն, ինչ մնացել է իմ թաղապետ ընտրվելու օրվանից, չի օտարվելու ու ծառայելու է իր նպատակին: Իսկ եթե ուժերս չների, դիմելու եմ Սպորտպետկոմ, Օլիմպիական կոմիտե, հարկ եղած դեպքում նաեւ հանրապետության նախագահին: – Իսկ համայնքի տարածքում գտնվող հանրապետությունում միակ նախկին 50 մետրանոց ծածկած լողավազանի ճակատագրի մասին ի՞նչ կասեք: – Տարիներ առաջ դա էլ է վաճառվել: Արդեն մի քանի սեփականատեր է փոխվել: Ու թե ո՞վ է վերջինը, առայժմ չգիտեմ: Անպայման գտնելու եմ նրան: Ուզում եմ զրուցել: 1997-2002 թթ. եղել եմ Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահը ու քաջատեղյակ եմ, թե մեր հանրապետությունը հատկապես ջրային մարզաձեւերում ինչ աղետալի վիճակում է: Ինքս չեմ մտել ներս, բայց հիմա այնտեղ շինարարություն է ընթանում: Ըստ տեղեկությունների, լողավազանը պահպանվում է: Եթե ճիշտ է՝ ուրախ կլինեմ: – Սպորտը ձեր կյանքում: – Առաջնային տեղ ունի: Սիրողական մակարդակով զբաղվել եմ վոլեյբոլով, ֆուտբոլով: Եղել եմ ՀԱՕԿ-ի նախագահության անդամ: Բայց հիմա էլ ինձ սպորտից դուրս չեմ համարում: Շաբաթը մեկ-երկու անգամ աշխատանքից հետո հաճախում եմ «Հայաստան» առեւտրի կենտրոնի լողավազան, ֆիտնեսի դահլիճ: Հիմա էլ նպատակ ունեմ մրցումներ կազմակերպել մայրաքաղաքի թաղապետարանների աշխատակիցների միջեւ: Եթե հաջողվի՝ լինելու եմ մեր թիմի ամենաակտիվ մասնակիցներից մեկը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել