Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե

Մարտ 18,2006 00:00

Եթե անվճար է՝ կդիտեն Երեւանում բրիտանական ֆիլմերը փառատոնի շրջանակներում ցուցադրելուց հետո, Հայաստանում Բրիտանական խորհրդի պատվիրակները ուղեւորվեցին Գյումրի: Տեղի «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ «Բրիտանական ֆիլմերի փառատոնի» եւ «Եվրամիությունը եւ ես» լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Այն կազմակերպվել էր Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի եւ Հայաստանում եվրոպական հանձնաժողովի պատվիրակության համատեղ ջանքերով, եւ նպատակը տարբեր մարզերում տարբեր զբաղմունքի տեր անձանց լուսանկարների ու կարծիքների միջոցով ազգային եւ եվրոպական ինքնությունների նմանություններն ու տարբերությունները ցուցադրելն էր: Բացման խոսքում Գյումրիի փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին եւ ասաց. «Գյումրին մի փոքր ուղղեց իր կորացած մեջքը եւ այժմ հայացքն ուղղում է դեպի մշակույթը»: Նա նաեւ հույս հայտնեց, որ բրիտանական կազմակերպության հետ իրենց համագործակցությունը կզարգանա այլ ասպարեզներում եւս: Բրիտանական խորհրդի տնօրեն Նայջլ Թաունսոնն ասաց, որ հաճելի է կրկին վերադառնալ Գյումրի, ապա ներողություն խնդրեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի անունից: Վերջինս վատառողջության պատճառով չէր կարողացել մասնակցել Գյումրիի միջոցառմանը: Տնօրենը իր գոհունակությունը հայտնեց բրիտանական ֆիլմերի նկատմամբ երեւանյան հասարակության դրսեւորած հետաքրքրության կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ Գյումրիի կինոդահլիճը նույնպես լեցուն կլինի: «Առավոտի» հարցերին, թե հոգսաշատ Գյումրիում այցելուների պասիվությունը չի՞ հիասթափեցնի նրանց եւ հաջորդ տարի կրկին կկազմակերպե՞ն ֆիլմերի ցուցադրություն, Ն. Թաունսոնն ասաց, որ իրենք ցանկացողների համար համապատասխան հնարավորություններ են ստեղծում. երեք օրերի ընթացքում կինոդիտումն անվճար է լինելու: Հավելեց նաեւ, որ հաջորդ տարի նույնպես նման ձեռնարկ կլինի: Ինչ վերաբերում է ցուցահանդեսին, ապա լուսանկարիչ Հայկ Բիաջյանի ֆոտոխցիկը նկատել էր գործազուրկ Էդգար Հովհաննիսյանին եւ արձանագրել նրա կարծիքը. «Մենք ապրելակերպով ավելի ասիական ժողովուրդ ենք, գաղափարով՝ եվրոպական»: Վազգենյան հոգեւոր դպրանոցի սան Միհրան Գաբրիելյանն էլ գրում է, որ Եվրամիությանն անդամագրվելու ճանապարհին «բացասականը ազգային ավանդույթներից նկատելի նահանջն է: Դրականը՝ մարդու ազատությունը»: Գորիսեցի Նվեր Նուրիջանյանն էլ, որը լուսանկարում պատկերված էր խոզերի ընկերակցությամբ, հույս ուներ, որ Եվրամիություն մտնելուց հետո կփոխի իր շրջապատը: Այնուհետեւ փորձեցինք ճշտել գյումրեցիների մշակութասիրության աստիճանը: «Հոկտեմբեր» կինոթատրոնի պատի տակ հավաքված թոշակառուներին հարցրինք, թե երբ են վերջին անգամ այցելել մշակութային օջախներ: Գուրգեն Գեւորգյանն ու Ալեքսան Խաչատրյանը հիշեցին, որ այս տարի մի անվճար ցուցադրություն է եղել «Հոկտեմբեր» կինոթատրոնում, եւ իրենք առիթից օգտվել են, բայց չհիշեցին, թե ինչ են դիտել: Իսկ Սարգիս Դանիելյանին դա չէր հետաքրքրում. «Եթե մարդը սոված ա, ի՞նչ կինո»: Ամեն դեպքում, տեղեկացրի, որ բրիտանական ֆիլմերի ցուցադրությունն անվճար է լինելու: Մի թեթեւ ուրախացան եւ ասացին. «Եթե անվճար ա, պատի տակ կանգնելու փոխարեն՝ կինո կնայենք, ներսը տաք ա»: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել