Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՉԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԱՊՀ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՑ

Մարտ 22,2006 00:00

Նրանք եւս հիացած են Բելառուսի նախագահական ընտրություններով

Մինչ եվրոպական եւ ամերիկյան կառույցները խստորեն քննադատում են Բելառուսի նախագահի մարտի 19-ի ընտրությունը՝ Հայաստանի ընդդիմադիր «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Աղասի Արշակյանը, որը նույնպես դիտորդական առաքելություն էր իրականացնում՝ Բելառուսի պետական hեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց. «Ձեր հպարտ ժողովուրդը կատարեց իր ճիշտ ընտրությունը: Կարող եմ միայն շնորհավորել ձեզ այդ ընտրության առթիվ, հայտնել իմ գոհունակությունը եւ ցանկանալ, որ մեր երկրում կայանան նման ընտրություններ»:

«Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը, սակայն, այս կապակցությամբ ասաց. «Ո՛չ մեր կուսակցությունը, ո՛չ խմբակցությունն Աղասի Արշակյանին չեն գործուղել Բելառուս դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Իմ կարծիքով, պրն Արշակյանն առավելագույնը 1-2 ընտրատարածքում եղած կլինի, եւ պետք է որ կարծիք հայտներ միայն իր տեսածի՝ այդ ընտրատարածքներում կատարված խախտումների կամ դրանց բացակայության մասին»:

Մինչդեռ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը փորձեց դիվանագիտական հնարք համարել Աղասի Արշակյանի (վաղուց իրականացված) ցանկությունը, որ Հայաստանում էլ կայանան նման ընտրություններ, ինչպես Բելառուսում. «Տեսեք, թե ի՜նչ իմաստուն պատասխան է տվել Աղասի Արշակյանը: Իսկ ի՞նչ կարող էր նա ասել, որ միջազգային կառույցների, եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի ուշադրությունը մեկ անգամ եւս սեւեռեր հայաստանյան ընտրությունների վրա: Հիմա այդ մարդիկ կպատկերացնեն՝ եթե անգամ իսկ Բելառուսի ընտրությունները, որոնց վերաբերյալ միարժեքորեն դրսեւորված վերաբերմունք կա՝ երանելի են Հայաստանի համար, ուրեմն՝ թող միջազգային կառույցները խորհեն, թե ի՜նչ խայտառակ ընտրություններ են անցել ՀՀ-ում: Ահա՛ թե ինչ է արել Աղասի Արշակյանը»:

Հայաստանից Բելառուսի նախագահական ընտրություններին հետեւել է նաեւ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը: Նրա հիացական գնահատականը Բելառուսում կատարվածին արդեն այդչափ արտառոց չէր, որքան ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչի գովասանքը: «Բելառուս ժողովրդի վերաբերմունքը նախագահ Լուկաշենկոյի նկատմամբ բավական դրական է,- ասաց Կարեն Կարապետյանը:- Հասարակության մի հատվածը դեռեւս պահպանել է անցյալի պահպանողական հոգեբանությունը, իսկ մեկ այլ հատված, որն իմ դիտարկումներով՝ 50 տոկոսից ավելին է՝ անթաքույց է սիրում Լուկաշենկոյին»: Ըստ պրն Կարապետյանի՝ այդ սիրո պատճառը Բելառուսի բյուջեի կառուցվածքն է. «20 մլրդ բյուջե ունեցող երկրում սոցիալական բլոկի ներարկումները կազմում են 65 տոկոս: Նվազագույն կենսաթոշակը 170 դոլար է, նվազագույն աշխատավարձը՝ 140 դոլար: Մանկավարժները ստանում են 250-300 դոլար աշխատավարձ: Գործազրկության պաշտոնական տոկոսը մոտ 3 է, իհարկե՝ կա նաեւ թաքնված գործազրկություն: Կոլտնտեսությունները պահպանվել են ու պետությունից ստանում են լրավճարներ: Փաստ է, որ չի քանդվել այն, ինչ գոյություն ուներ նախկինում: Փաստ է, որ Բելառուսում մարդիկ ունեն աշխատատեղեր: Փաստ է, որ ապահովված է նվազագույն սպառողական զամբյուղը: Այս ամենից ենթադրում եմ, որ Լուկաշենկոյին անթաքույց սիրող այդ շերտը կարող էր նրա համար ապահովել քվեարկության այն տվյալները, որոնք հրապարակվել են»:

Հիշեցրինք, սակայն, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը հայտարարեց, թե պիտի վերանայվեն քվեարկության արդյունքները: Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության ղեկավարն ափսոսանք հայտնեց, որ Լուկաշենկոն կրկին բաց թողեց հնարավորությունը ապահովել ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրություններ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հայտարարեց, թե Բելառուսի իշխանությունները ընտրախախտումներ են արել մինչ քվեարկությունը: Այս մեջբերումներին ի պատասխան՝ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավարն ասաց. «Եթե երկիրը ժողովրդավարության որոշակի ճանապարհ անցած լինի՝ միգուցե անթերի լինի նախնական ընտրության այդ համակարգը, երբ 5 օր առաջ է սկսվում քվեարկությունը: Սակայն այդ համակարգը սխալ է այն երկրի համար, որն աստիճանաբար է դուրս գալիս ամբողջատիրական համակարգից ու փորձում ինչ-ինչ քայլեր անել ժողովրդավարական երկիր դառնալու համար: Կարող է եւ թերացումներ եղել են մինչեւ քվեարկության օրը՝ նախորդող 5 օրերի ընթացքում, երբ ընտրությանը մասնակցել էին ընտրողների 20-ից ավելի տոկոսը: Բայց ինքս որեւէ ճնշում չեմ նկատել ընտրատեղամասերում: Իսկ ես եղել եմ Մինսկի 20-30 տեղամասերում եւ գյուղական վայրերի 4-5 տեղամասերում: Ապահովված էին քվեարկության գաղտնիությունը եւ ընտրությունների թափանցիկությունը: Ինքս չեմ արձանագրել ընտրախախտումների վերաբերյալ փաստեր»: Ճիշտ այնպես, ինչպես դրանք սովորականի պես չեն տեսել նաեւ ԱՊՀ դիտորդները:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել