Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐԵՆԱՑԻ ՉԿԱՐԴԱՑԱԾՆԵՐԻ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ

Մարտ 22,2006 00:00

Կամ՝ դասագիրք երեկ գրված, այսօրվա մասին ու վաղվա համար

Խոսքը, ինչպես կարծում եմ, բոլորդ ու միանգամից հասկացաք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեռեւս չհրապարակված գրքի մասին է:

…Որը ընդգրկելու է նրա տարաբնույթ հրապարակումները, ելույթները եւ հարցազրույցները, որտեղ ամենահրատապ եւ կենսական խնդիրներն են քննվում: Ու ոչ միայն քննվում են: Ելքեր են ցույց տրվում:

Սովորաբար չհրապարակված գրքերը չեն գրախոսվում:

Միանգամից նշեմ՝ սա գրախոսական չէ:

Ավելի շատ՝ մտահոգություն է մեր կորցրած հնարավորությունների համար: Եվ աղոտ հույս, որ ինչ-որ բան դեռեւս հնարավոր է փրկել:

Բայց նախ՝ տարիներ առաջ ասված եւ հիշածս ժողովածուում տեղ գտած որոշ մտքեր.

«Ես գտնում եմ՝ եթե ազգը չի կարողանում ճիշտ գնահատել իր ուժերը, ոչ միայն ազգը, այլեւ մարդը, եթե ինքը չի կարողանում գնահատել իր ուժերը, այդ ազգն ու այդ մարդը կարող են մատնվել խայտառակ վիճակների, ինչպես մենք տեսնում ենք ամեն քայլափոխում»:

«Ի՞նչ ենք մենք ուզում: Եթե դուք կարծում եք, որ այս պայմաններում՝ Ղարաբաղի հարցի չլուծվածության եւ առաջին հերթին շրջափակումների առկայության պայմաններում, Հայաստանը կարող է դառնալ նորմալ երկիր, Հայաստանի ժողովուրդը կարող է ապրել այնպես, ինչպես Եվրոպայի ժողովուրդներն են ապրում, դա նշանակում է՝ դուք Խորենացի չեք կարդացել»:

«Ղարաբաղին եւ Հայաստանին ձեռնտու չէ հարցի չկարգավորված վիճակը, որովհետեւ դա զգալիորեն խոչընդոտում է Հայաստանի, հետեւաբար նաեւ Ղարաբաղի տնտեսական զարգացմանը»:

«Հնարավոր է այդ երկու տարբերակները՝ փուլային ու փաթեթային, հեշտությամբ համատեղել: Գլխավորն այսօր… ընդհատված բանակցությունների վերսկսումն է:

…Ոչ ոք մեր փոխարեն չի լուծելու առկա կնճիռը: Մենք ենք լուծելու մեր ուժերի ներածի չափով: Մեր միակ դաշնակիցը արկածախնդրության մերժումն է»:

«Ես… իմ առաջին եւ գերագույն խնդիրը համարում եմ խաղաղության ապահովումը:

Երկրորդ խնդիրը. տնտեսության զարգացումը, առողջացումը, վերազինումն է:

Երրորդը ժողովրդի սոցիալական իրավիճակի բարելավումն է:

…Եթե մենք լուծել ենք ազգային խնդիրներ, եթե մենք լուծել ենք գոյության խնդիրներ, եթե մենք լուծել ենք պետական անվտանգության խնդիրներ, ապա սոցիալական ոլորտում մենք բավականին ետ ենք մնացել: Սա պետք է խոստովանել, չփնտրել արդարացումներ, չնշել օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներ, այլ արձանագրել եւ խնդիր դնել այդ հարցերը լուծելու: Մեր ժողովուրդը դեռեւս չի ապրում արժանապատիվ կյանքով:

Մեր ժողովուրդն արժանի է շատ ավելի մարդավայել, շատ ավելի քաղաքակիրթ կյանքի»:

Կրկնելով ենթավերնագիրը՝ մեկ անգամ եւս նշեմ. այս գիրքը դասագիրք կդառնա: Թե քաղաքագիտական, թե մշակութաբանական, թե պատմաքննական:

Ինչպես նաեւ՝ պրակտիկ քաղաքական գործիչների համար ուղեցույց: Նույն այսօրվա իշխանությունների համար նաեւ ու առաջին հերթին, որոնք ոչ միայն Խորենացի չեն կարդացել, այլեւ առաջնորդվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակումներից մեկի վերնագրով միայն… «Պատվերը կատարված է: Սպասեք շքանշանների»: Ու սպասում են: Եվ՝ ստանում:

Հիմնավորեմ միտքս: Վերնագրին առնչվողը չէ՝ դա ակնհայտ է:

Ուղեցույցին վերաբերողը:

Տեսեք ինչ է կատարվում:

ԿԳԲ-ի սարքած սումգայիթյան ոճրագործության 18-ամյակը ազգովի նշեցինք (առաջին անգամ): Իշխանության ինչ-որ մասը լղոզվեց ընդդիմությանը: Ընդդիմության ինչ-որ մասը լղոզվեց իշխանությանը: Արցախցիք եւ ոչ արցախցիք միմյանց հետ ու նաեւ ներքին հակասություններ ունեցող հայտարարություններ արեցին: Ադրբեջանի վրա մատ թափ տվեցինք: Ու վերջ… Ինչպես կասեր Սավելի Կրամարովը. «Ու մեռյալներն են գերանդիներով… ՈՒ… լռություն»:

Անելիքները չեն գտնում: Չգիտեն՝ է՞լ ինչ անեն: Խորենացի էլ չեն կարդացել: Ու չեն էլ կարդալու: Գոնե Լեւոն Տեր-Պետրոսյանի գիրքը կկարդան, որ իմանան ինչն, ինչպեսն ու երբը:

Ավանդազրույցը պատմում է, որ չին կայսրերից մեկի լոգարանի պատին մի գրություն է եղել. «Սա քեզ մնացած կյանքի առաջին օրն է…»:

Իսկ մենք էս վերջերս միայն 5 (հինգ) հարկանի շենքի 5-րդ եւ …6-րդ հարկում եղած տներն ենք ծախում…

Էնպես որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուտով հրատարակվող գիրքը ճիշտ ու ճիշտ ժամանակին է:

Նաեւ՝ որպես դասագիրք:

Ու նաեւ ժողովրդի համար: Թե ինչը հանդուրժի, ինչքան եւ ինչու…

ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել