Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ

Մարտ 22,2006 00:00

ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի վերջին նիստում արծարծվել է նաեւ երկքաղաքացիության խնդիրը: Այս մասին երեկ ասուլիսում հայտնեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, որը նշեց, թե ՀՅԴ-ն արդեն իսկ պատրաստել է հայեցակարգը, որի հիման վրա կարող է ընդունվել «Երկքաղաքացիության մասին» օրենքը. «Ուշադրություն էինք դարձրել մի կարեւոր հակասության վրա՝ ռուսական օրենսդրությունը փաստորեն արգելում է երկքաղաքացիությունը: Իսկ մեզ համար երկքաղաքացիների հիմնական շտեմարանը կարող են դառնալ ռուսահայերը, որոնք կարող են բավական մեծ թվով դիմել ՀՀ քաղաքացիության համար: Եթե ՌԴ-ն արգելի նրանց, ապա նրանց ձգտումը կտրուկ անկում կապրի, բայց մյուս կողմից՝ կա ՌԴ Սահմանադրությունը, որը թույլատրում է երկքաղաքացիությունը, այսինքն՝ առնվազն չի արգելում: ՌԴ հիմնական օրենքը մոտավորապես այնպիսին է, ինչպես այսօր մերը՝ այնտեղ հիշատակվում է երկքաղաքացիությունը եւ ասված է, որ երկքաղաքացիության հարցերը ճշտվում են օրենքով եւ երկկողմ համաձայնագրերով: Մենք մեր խորհրդարանական գործընկերների առջեւ դրեցինք մի կողմից՝ հակասության այս հարցը, մյուս կողմից՝ այս հակասությունը լուծելու ճանապարհների որոնման անհրաժեշտությունը: Վիկտոր Նեֆյոդովը, որն աշխատում է Դումայի ԱՊՀ եւ արտասահմանում ապրող հայրենակիցների հարցերով զբաղվող կոմիտեում, ընդունեց, որ հակասությունը կա, նաեւ ընդունեց, որ պետք է վերանայվի ՌԴ քաղաքականությունը երկքաղաքացիության եւ ընդհանրապես քաղաքացիության ասպարեզում: Մեզանից խնդրել են մեր նկատառումներն այս առումով: Եվ արդեն գոյություն ունեցող հայեցակարգը կներկայացնենք նրանց ուսումնասիրությանը»: Վահան Հովհաննիսյանը նաեւ հայտնեց, թե հանձնաժողովի նիստերն անցնում էին սուր բանավեճերով. «Ներկայացրինք, որ տարբեր միջազգային ատյաններ եւ պետություններ արձագանքեցին Նախիջեւանում եւ Ջուղայում կատարված վայրագությանն ու հանցագործությանը, իրենց դժգոհությունը արտահայտեցին: Լուռ մնաց միայն Ռուսաստանը»: Ըստ նրա, երբ ռուս գործընկերները հարց են տալիս, թե ինչու ՀՀ-ն չի պաշտպանում ՌԴ-ին Վրաստանի հետ ծագող խնդիրներում՝ հայկական կողմը կարող է դա բացատրել, սակայն «Ռուսաստանը Նախիջեւանի դեպքերի հետ կապված լռության վերաբերյալ բացատրություն չունի»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031