Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի

Մարտ 22,2006 00:00

Գազի գինը վարչապետի ձեռքերո՞ւմ է Ըստ Մանուկ Գասպարյանի՝ գազի սակագների բարձրացման մեղավորը ՀԾԿՀ-ն է, եւ կարծում է, որ գազի սակագինը կարող է իջնել: Կա՞, թե՞ չկա պայմանագիր «ՀայՌուսգազարդի» եւ «Գազպրոմի» միջեւ, որի հիման վրա ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշում է ընդունել ապրիլի 10-ից գազի սակագները բարձրացնելու մասին: ՀՀ ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը երեկ «Հայելի» ակումբում պնդում էր, որ նման պայմանագիր չկա, եւ հետեւաբար, ՀԾԿՀ-ն չարաշահել է իր լիազորություններն ու ժամանակից շուտ, առանց տեղեկանալու, թե ի՞նչ գնով է, ի վերջո, ՌԴ-ն վաճառելու իր գազը ՀՀ-ին, բարձրացրել է սակագները: Ավելին, պարոն Գասպարյանը սպառնաց, որ երբ մարտի վերջին կնքվի այդ պայմանագիրը, եւ նրանում 1000 խ/մ գազի գինը սահմանվի $110-ից պակաս (այնինչ ՀԾԿՀ-ն հենց այս թիվն է ընդունել իր հաշվարկների հիմք), ապա ինքը դատի կտա այդ հանձնաժողովին: Իսկ ահա Նիկոլայ Գրիգորյանը՝ ՀԾԿՀ նախագահի տեղակալը, հավատացնում էր, որ նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին այդ պայմանագիրը կնքվել է, եւ «ՀայՌուսգազարդը» սակագները վերանայելու հայտ է իրենց ներկայացրել հենց այդ պայմանագրի հիման վրա. «Առանց պայմանագրի մենք չէինք կարող որոշում կայացնել: Մենք աշխատել ենք օրենքին համապատասխան»: Պարոն Գասպարյանը դեկտեմբերի 28-ի փաստաթուղթն արհամարհաբար անվանում էր՝ «մտորումների արձանագրություն»: Նա նույնիսկ առաջարկեց՝ «եթե ՌԴ-ն մեզ ապրիլի 1-ից $110-ից ավելի էժան գնով գազ տա, Դուք եւ Նազարյանը (ՀԾԿՀ նախագահը) հրաժարական կտա՞ք»: Պարոն Գրիգորյանը չէր հասկանում, թե ինչու պիտի ինքը հրաժարական տա, բայց ընդունում էր, որ իրերի նման զարգացման դեպքում շատ անհարմար բան կստացվի: Բանն այն է, որ համաձայն օրենքի՝ այս հանձնաժողովի հաստատած սակագները պետք է գործեն նվազագույնը 6 ամիս: Հանձնաժողովն արդեն իսկ, որպես հաշվարկների հիմք ընդունելով այդ չարաբաստիկ՝ 1000 խ/մ-ը՝ $110 սակագինը, դրան ավելացնելով իր եւ «ՀայՌուսգազարդի» հաշվարկները՝ կորուստներ, մարժա, եւ այլն, բնակչության համար սահմանել է 1խ/մ-ը՝ 90 դրամ սակագինը: Այնինչ, եթե ՌԴ-ն հանկարծ որոշի ավելի էժան գնով մեզ վաճառել գազը, սակագինը կմնա նույնը եւս վեց ամիս: Դա նշանակում է՝ «ՀայՌուսգազարդին» գերշահույթի հնարավորություն տալ: Թեեւ պարոն Գրիգորյանը «հրաշք» է համարում մարտի վերջին նոր պայմանագրի ստորագրումը, այսուհանդերձ, մտածում է, որ կարելի է գտնել որեւէ սողանցք՝ օրենքի այս թնջուկից դուրս գալու համար: Ի դեպ, սակագների սահմանման ձեւն էլ է պարոն Գասպարյանը համարում ժողովրդին խճճելու տարբերակ. «Ձեռնարկությունների համար գրված է կոնկրետ՝ 1000 խ/մ-ը՝ $146, իսկ բնակչությանը չեն ասում կոնկրետ թիվ, այլ ասում են 90 դրամ, 100 դրամ, դե արի ժողովուրդ, հաշվիր, թե հազար խ/մ-ն ինչքան է անում»: Այնուհանդերձ, բնակչության համար այդ սակագինը շատ ավելի բարձր է լինելու, քան արտադրական ձեռնարկությունների համար: Այնինչ՝ բնակչությունը սպառում է հանրապետություն մտնող գազի միայն 21%-ը, իսկ մնացած 79%-ը սպառում են ձեռնարկությունները: Այնուհանդերձ, Մ. Գասպարյանը հավատում էր վարչապետի խոսքին, որ նախընտրական այս շրջանում հայտարարել էր, թե՝ այնպես եմ անելու, որ գազի գինը ժողովրդի վրա չծանրանա: Նիկոլայ Գրիգորյանը նկատեց, որ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 45%-ը կառավարությանն է, իսկ ընկերության սեփականատերն, ըստ օրենքի, կարող է իջեցնել հանձնաժողովի կողմից որոշված սակագինը: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031