Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ

Մարտ 22,2006 00:00

ՆԱԽԱՐԱՐԸ ՍԻՐՈՒՄ Է ՀՆԴԿԱԿԱՆ ԿԻՆՈ Հնարավոր է հայ-հնդկական կինոարտադրություն Մշակույթի նախարար Գեւորգ Գեւորգյանը թեեւ խոստացել էր, որ չի սպասի իր պաշտոնավարման 100 օրը լրանալուն եւ անպայման ասուլիս կտա, սակայն այդպես էլ խոստմնապահ չգտնվեց: Առայժմ նա գերադասում է առանց լրագրողների հանդիպումներ ունենալ մշակույթի ոլորտի տարբեր օղակների ու կառույցների հետ, ինչը նրան ոչ միշտ է հաջողվում: Հերթական հանդիպումը Հնդկաստանի «Բոլիվուդի» ներկայացուցիչների հետ էր: Հանդիպմանը մասնակցում էին «Vishesh Film»-ի տնօրեն Մուկեշ Բհատը, «Sahara One Motion Pictures»-ի խորհրդական Սաբիր Բոքսվալան, «Ashok Mehta Visual Pvt» ՍՊԸ-ի սեփականատեր Աշոկ Մեհտան: Պարզվեց, որ հնդիկ կինոարտադրողները լուրջ ծրագրեր ունեն Հայաստանի հետ կապված: «Մենք՝ հայերս, սիրում ենք հնդկական կինոն, սկսած «Պարոն 420»-ից վեջացրած այսօրվա ֆիլմերով»,- ասաց Գեւորգ Գեւորգյանը՝ հույս հայտնելով, որ հայկական հողի վրա հրաշալի հնդկական ֆիլմեր կնկարահանվեն: «ԽՍՀՄ փլուզումից հետո անկում ապրեց մեր կինոն, իսկ 90-ականներից հետո այսօր վերջապես կարողացել ենք ոտքի կանգնել ու այնպիսի ֆիլմեր նկարահանել, որոնցով մասնակցում ենք միջազգային ֆորումներին ու փառատոներին: Կարծում եմ, որ համատեղ կինոարտադրությունը երկուստեք ձեռնտու կլինի, ու հնարավորություն կտա ունենալ այն մեծ լսարանը՝ 1մլրդ 100 մլն-ից ավելին, որ ունեն մեր հնդիկ բարեկամները»,- շարունակեց նախարարը: Հնդիկ հյուրերին պրն Գեւորգյանը ծանոթացրեց Ալբերտ Մկրտչյանի հետ՝ հիշեցնելով, որ վերջինս եղբայրն է հայտնի դերասան Մհեր Մկրտչյանի, որը ժամանակին նկարահանվել է հնդկական մի քանի ֆիլմերում: Մշակույթի նախարարության մշակույթի վարչության պետ Կարո Վարդանյանն էլ կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ Հայաստանում բազմաթիվ դղյակներ կան՝ ռաջաներին վայել, որոնք նույնպես կարելի է օգտագործել հայ-հնդկական համատեղ պրոյեկտների ժամանակ: Գեւորգ Գեւորգյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ հանդիպմանը հրավիրված չէ Կինոգործիչների միության նախագահ, կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը: Նախարարը, բնականաբար, շրջանցեց հարցը: Հիշեցնենք, որ Կինոգործիչների միության նախագահի «Քարերը հավաքելու ժամանակը» ֆիլմը նախագահի մրցանակին չարժանացավ, իսկ կինոյի եւ թատրոնի ոլորտի գործերը քննող հանձնաժողովի կազմում նաեւ ներկայիս նախարարն էր, որը, ի թիվս այլ հանձնաժողովականների, Ռ. Գեւորգյանցի կողմից թուրք որակվեց: «Առավոտի» հաջորդ հարցին՝ եթե Հայաստանում նկարահանվող հնդկական որեւէ ֆիլմի համար ռաջայի դղյակ պետք լինի, հայ օլիգարխներից ո՞ւմ դղյակը կառաջարկի, Գ. Գեւորգյանը պատասխանեց. «Ես դժբախտաբար չունեմ դղյակ, չեմ ճանաչում նաեւ, թե որը ում դղյակն է»: Անդրադարձ եղավ քանդվող Կինոյի տան շենքին ու Կինոգործիչների միության վերնախավի, որի անդամ է նաեւ նախարարը, շուրջ պտտվող խոսակցություններին: «Ես չգիտեմ՝ Կինոյի տունը էլիտար շենքի վերածողները Կինոգործիչների միության վերնախավին բնակարաններ խոստացե՞լ են, թե՞ ոչ, ինչպես գրված է մամուլում: Ինձ, համենայնդեպս, նման առաջարկ չի արվել… Ես հեռախոսով Ռուբեն Գեւորգյանցից հետաքրքրվեցի՝ ինչու են Կինոյի տունը քանդում, ասաց, որ դա արվում է հանուն կինոյի եւ կինոմիության»: Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ ստեղծվելիք թատերական գործիչների նոր միության ու Անդրեի եվրատեսիլյան երգի մասին: Նախարարն ասաց, որ Երվանդ Ղազանչյանի ղեկավարած միությանը որպես հակակշիռ ստեղծվող միության մասին տեղյակ չէ, իսկ Անդրեի երգը բոլորովին իր սրտով չէ: Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ նախնական պայմանավորվածության համաձայն, առաջիկայում «Կուլտուրա» հեռուստաալիքի 8 ժամը կհատկացվի հայկական մշակույթին: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել