Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԿԵՐՆԵՐԸ,

Մարտ 22,2006 00:00

ԸՆԿԵՐՆԵՐԸ, ՊԱՐԶԱՊԵՍ, ԽԱՂՈՒՄ ԵՆ Ռեյկյավիկում ավարտված շախմատի միջազգային ներկայացուցչական մրցաշարի հաղթող, միջազգային գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը վերադարձել է Երեւան: Մեր մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը հանդիպեց նրան: Ինչպես միշտ՝ քչախոս է: Մտերիմ ընկերոջ՝ Լեւոն Արոնյանի պես իր մարզական նվաճումներին (իսկ Ռեյկյավիկում հաղթել, որտեղ հանդես են գալիս շախմատային աշխարհի ընտրյալներից շատերը, ամեն մարդու բան չէ) մեծ նշանակություն չի տալիս, ասես, չի գիտակցում դրա արժեքը: Ինքն էլ չի սիրում պատմել, թե որքան ծանր մրցամարտ էր, որքան դժվար էր ամեն մի միավոր վաստակելը, որքան էներգիա էր հարկավոր վատնել… Հարցերիդ էլ պատասխանում է մի տեսակ ամաչելով: – Մտածո՞ւմ էիր, որ կհաղթես: – Պարզապես խաղում էի: – Մրցաշարին հատուկ նախապատրաստվե՞լ էիր: – Կարելի է ասել՝ ոչ: – Ինչո՞ւ, մարզի՞չ չունեիր: – Մարզչի անհրաժեշտություն, կարծում եմ, չկա: Արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ համագործակցում ենք Լեւոն Արոնյանի հետ: Ու, կարծես, վատ չի ստացվում: Երբ նա պատրաստվում էր վերջին շրջանի կարեւորագույն մրցաշարերին, օգնում էի նրան: Իհարկե, դա ինձ համար էլ թե՛ մարզում էր, թե՛ նախապատրաստություն: Ուրախ եմ, որ արդյունքները լավ են: – Ռեյկյավիկում հաղթելուց հետո շախմատային աշխարհի վերնախավում քո վարկանիշն էլ, անկասկած, կտրուկ աճել է: Նոր հրավերներ կլինե՞ն: – Հնարավոր է: Բայց առայժմ նորություններ չկան: – Ի՞նչ ես անելու: – Երկու տարի է, որ պայմանագրով հանդես եմ գալիս Գերմանիայի «Վատենշայդ» ակումբում: Դա Լեւոնի նախկին ակումբն է: Ապրիլի 1-ին եւ 2-ին կայանալու է Բունդեսլիգայի բարձրագույն խմբի առաջնությունը: Մասնակցելու եմ: Իսկ այս ընթացքում ինտերնետով նայելու եմ, թե որտե՞ղ եւ ե՞րբ հետաքրքիր մրցաշարեր կան, որպեսզի մասնակցության հայտ ներկայացնեմ: – Մայիսի 19-ին Թուրինում մեկնարկելու է շախմատի համաշխարհային օլիմպիադան: Հայաստանի տղամարդկանց հավաքականն ի՞նչ նպատակներ է դրել իր առջեւ: – Համենայնդեպս, պիտի պայքարի առնվազն դիրքերը չզիջելու համար: – Ովքե՞ր են լինելու մեր ընտրանու կազմում: – Բոլոր լավագույնները: – Անշուշտ, դու նույնպես: – Չգիտեմ: Ինչպես կորոշվի: Ժամանակից առաջ չեմ ուզում ընկնել: – Հավաքականի թեկնածուները միասին ուսումնամարզական հավաք անցկացնելո՞ւ են: – Կարծում եմ, անպայման: Բայց երբվանի՞ց, հիմա չգիտեմ: Ասեմ, որ Լեւոնը, հավանաբար, Երեւան կժամանի մայիսի սկզբներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել