Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՄՈԴԱՆ ՓՉԱՑՆՈՒՄ Է ԳՅՈՒՄՐԻՆ

Մարտ 23,2006 00:00

ԵՎՐՈՄՈԴԱՆ ՓՉԱՑՆՈՒՄ Է ԳՅՈՒՄՐԻՆ Վերջին շրջանում Գյումրիի կենտրոնի խայտաբղետ ձեւափոխությունները այնպիսի աղմուկ են հանել, որ սկսել են հետաքրքրել նույնիսկ Շիրակի մարզի դատախազությանը: Հուշարձանների պահպանության գործակ ալության Արագածոտնի եւ Շիրակի տարածքային բաժնի պետ Լարիսա Եգանյանը դժգոհում է, որ «Կումայրի» արգելոցին պատկանող մոտ 30 պատմամշակութային հուշարձան-շենքերում, մասնավորապես՝ Խաղաղության օղակի, Սայաթ-Նովայի, Տիգրան Մեծի եւ Ռիժկովի փողոցներում, առաջին հարկերը վերածելով սպասարկման օբյեկտների, ամեն մեկն իր ճաշակով փոխում է կառույցների ճակատները, բացում նոր մուտքեր, կառուցում դեպի մայթն առաջացող օժանդակ շինություններ: Ըստ նույն պաշտոնյայի, փոփոխությունները կատարելիս բացարձակապես հաշվի չեն առնում իրենց կառույցի կարծիքն ու հուշարձանների պահպանության մասին օրենքը: «Մենք ունենք հուշարձաններ, որոնց տեսքը խախտվել է ժամանակի բերումով, օրինակ՝ նախանցած տարի գարնանը ուժեղ հեղեղներից փլվեց Պեմզաշենի եկեղեցին՝ Մակարավանքը կամ Աբու Ղարիբի գերեզմանը: Բայց այլ բան է, երբ մարդը, եթե չասենք՝ միտումնավոր, բայց գոնե գիտակցաբար է ձեւափոխում հուշարձանը»,- «Առավոտին» ասաց Լարիսա Եգանյանը՝ որպես նորմալ երկրի օրինակ բերելով Ֆրանսիան, ուր պատուհանները ձեւափոխելու դեպքում անգամ համապատասխան կառույցը հրահանգում է, թե ո՞ր համարի ներկով գունազարդել, որպեսզի չտարբերվի հարեւանների պատուհաններից: Հնագետը վստահ է, որ եվրոպականացվելու ցավով տառապող բիզնեսմենները մեծ ծախսեր անելուց ու ձեւափոխելուց հետո այլեւս չեն համաձայնի քանդել իրենց սարքածը. «Ասենք թե՝ եվրոմոդան անցավ, ի՞նչ պիտի անեն»: Ըստ Լ. Եգանյանի, Շիրակի մարզում «Կումայրի» արգելոցի հուշարձանները միակը չեն, որ ենթարկվել են ինքնագլուխ ձեւափոխության: Այժմ մարզի դատախազությունում ուսումնասիրվում է նաեւ Բենիամին գյուղի միջազգային նշանակության հուշարձանի տարածքում ապօրինի հողհատկացումներ կատարելու փաստը: «Ամեն մի հուշարձան սովորաբար ունի պահպանական գոտի, այն հաստատվում է կառավարության կողմից եւ այդ հատվածում որեւէ գործ՝ շինարարություն, բնակարանի կառուցում կամ վարուցանք, խստիվ արգելվում է: Մինչդեռ Բենիամինի գյուղապետարանը հուշարձանի պահպանական գոտու տարածքում, որը մոտ 80 հեկտար է, գյուղացիներին հողեր է հատկացրել, ընդ որում՝ սեփականության իրավունքով»,- տեղեկացրեց հուշարձանների պահպանության գործակալության պետը: «Առավոտը» փորձեց պարզաբանումներ ստանալ մեղադրվող կողմերից մեկից՝ Գյումրիի քաղաքապետարանից: Քաղաքաշինության բաժնի պետ Հրայր Կարապետյանն էլ իր հերթին դժգոհեց. «Վեց տարի աշխատում ենք, Հուշարձանների պահպանության գործակալությունը որեւիցե անգամ դիմե՞լ է քաղաքապետարան, թե՝ էս ի՞նչ եք անում: Ես նոր-նոր եմ իմանում, որ այդպիսի կառույց կա»: Հրայր Կարապետյանի կարծիքով, խնդրի պատճառն այն է, որ աղմուկ հանած հուշարձան-շենքերը նախապես ընդգրկված չեն եղել «Կումայրի» արգելոցի հուշարձանների ցանկում, իսկ նոր ցուցակը կառավարության կողմից հաստատվել է 2004-ին: Ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի, ամենածանր վիճակն այսօր «Կումայրի» արգելոցի տարածքում ընդգրկված սեփական տներն են, որոնք քայքայվում են եւ «էսօր որեւէ օրենք չկա, որ մեր ձեռքը տա լծակ, որպեսզի կարողանանք հարցը կարգավորել»: Քաղաքապետարանի «Կումայրի» արգելոց-թանգարանի ենթաբաժնի պետ Պարույր Զագարյանը վստահ է, որ պետք է մտածել ավելի լուրջ խնդիրների մասին, օրինակ՝ կարելի է պետական մակարդակով փրկել երկու երկրաշարժ տեսած հուշարձանները, իսկ մասնակի փոփոխությունները, ըստ նրա՝ ոչ մի հորինվածքի վնաս չեն պատճառում, լրակառույցները մետաղական են եւ հանելուց հետո հուշարձանները կստանան իրենց նախնական տեսքը: Լ. Եգանյանի ասելով էլ՝ քաղաքապետարանի այս ենթաբաժինը ապօրինի է գործում, ավագանու որոշմամբ «Կումայրի» արգելոցը չէր կարող դառնալ քաղաքապետարանի ենթաբաժին. թանգարանը ստեղծվել է ՀՀ նախկին մինիստրների խորհրդի կողմից եւ վերջինիս կարգավիճակը փոխելու իրավունք ունի միայն կառավարությունը: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել