Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրածով փաստված կյանք

Մարտ 24,2006 00:00

Ապրածով փաստված կյանք Կան մարդիկ, ովքեր իրենց խոսքով ու ապրած կյանքով ներդաշնակ են եղել։ Անշուշտ, քիչ են այդպիսիք, բայցեւ նրանց գոյությունը բոլոր ժամանակներում առանձնահատուկ հմայք է հաղորդել թե իրենց շրջապատին եւ թե ընդհանրապես այն ժամանակաշրջանին, որում ապրել են։ Այդ մարդկանցից էր Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արտաշես Դրաստամատի Բաղդասարյանը։ Թեեւ նա ապրեց ընդամենը 57 տարի, սակայն թողեց բեղմնավոր կյանք, որն այսօր էլ օրինակ է շատ-շատերին։ Արտաշես Բաղդասարյանը ծնվել է 1931 թվականին, Երեւանում։ Նա ավարտելով Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ մնաց աշխատելու հարազատ կրթօջախում, ուր իր գիտելիքներն ու աշխատանքային փորձը փոխանցեց երիտասարդ սերնդին։ 1976-ից գլխավորելով Կիրառական արվեստի ամբիոնը՝ Արտաշես Բաղդասարյանը առանձնանում էր ոչ միայն իր աշխատանքով, այլեւ գործընկերներին նպատակաուղղում էր առավել կարեւորելու կիրառական արվեստը, որը մինչ այդ, թերեւս, հավուր պատշաճի չէր արժեւորված։ Նրա շնորհիվ արվեստի պատմության մեջ առանձնացավ եւ առանձնահատուկ տեղ ունեցավ կիրառական մշակույթը։ Դասախոսական աշխատանքին զուգահեռ, 1963-1969 թթ. աշխատեց որպես Երեւանի գլխավոր նկարիչ։ Իսկ 1977-ից Բաղդասարյանը քարտուղարի պաշտոնով աշխատանքի անցավ Նկարիչների միությունում, ուր ավելի ընդգծվեց նրա՝ հասարակական կյանքում ակտիվ դերակատարությունը։ Այս ամենի հաջողության գրավականը ոչ միայն նրա մարդկային բացառիկ տեսակն էր, այլեւ մասնագիտական կարողությունը, որի հետ չէր կարող հաշվի չնստել որեւէ մեկը, ով առիթ կունենար աշխատել նրա հետ։ 1982-ին Արտաշես Բաղդասարյանը ստանձնեց Նկարիչների միության առաջին քարտուղարի պաշտոնը, որին զուգահեռ նախագահում էր Հայաստանի կերպարվեստի ֆոնդը։ Նա մինչեւ իր կյանքի վերջին օրերն աշխատում էր եւ ուր էլ որ եղել է, թողել է հետագիծ։ Արվեստի պատմության մեջ նա ծանոթ ու հայտնի անուն է։ Սակայն, ցավոք, քչերը գիտեն նրա մասին։ Գուցե մեր ժամանակների դժբախտությունն այն է, որ պատմություն դարձած անունները հաճախ չեն թերթվում եւ երբեմն մոռացվում են։ Բարեբախտությունն այն է, որ Արտաշես Դրաստամատի Բաղդասարյանին հիշողները շատ են, գնահատողները՝ նույնպես, եւ այս ամենը հավատ է ներշնչում, որ նա շարունակելու է ապրել պատմության մեջ։ ՀՀ նկարիչների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել