Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԱՆ

Մարտ 24,2006 00:00

ԱՐՄԱՆ ՓԱՇԻԿՅԱՆԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ Երեկ կայացան շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների նախավերջին տուրերը: Թե կանանց եւ թե տղամարդկանց մրցաշարերում պայքարը բավականին թեժ է ու համառ: Հենց այդ է պատճառը, որ թեեւ այսօր կայանալիք եզրափակիչ տուրից առաջ կան միանձնյա առաջատարներ, սակայն չեմպիոնների ու մրցանակակիրների հարցերը դեռեւս մնացել են առկախ: Երեկ կանանց մրցապայքարում միայն առաջատարների՝ Նելլի Աղինյանի եւ Սիրանուշ Անդրիասյանի «վեճը» խաղաղությամբ ավարտվեց: Մյուսներում կողմերից մեկը հաղթանակ տոնեց: Արդյունքներն այսպիսին են. Լուսինե Ալավերդյան-Լիանա Աղաբեկյան՝ 0:1, Անահիտ Խառատյան-Նաիրա Մովսիսյան՝ 1:0, Մարիաննա Գասպարյան-Լիլիթ Գալոյան՝ 0:1, Նարինե Գասպարյան-Նունե Դարբինյան՝ 1:0: Ութ տուրից հետո կանայք մրցաշարային աղյուսակում դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ. 1. Նելլի Աղինյան (Երեւան) 6,5 2. Սիրանուշ Անդրիասյան (Էջմիածին) 6,0 3-5. Լիլիթ Գալոյան (Երեւան) 5,0 Նարինե Գասպարյան (Վանաձոր) 5,0 Լիանա Աղաբեկյան (Վանաձոր) 5,0 6-7. Մարիաննա Գասպարյան (Գյումրի) 4,0 Անահիտ Խառատյան (Վանաձոր) 4,0 8. Նունե Դարբինյան (Երեւան) 3,0 9. Լուսինե Ալավերդյան (Հրազդան) 1,0 10. Նաիրա Մովսիսյան (Վայք) 0,5 Առավել հետաքրքիր է ընթանում տղաների պայքարը, որում հենց երեկ ծնվեց շախմատի հայկական դպրոցի հերթական գրոսմայստերը: Նա երեւանցի միջազգային վարպետ Արման Փաշիկյանն է: Սեւերով գեղեցիկ ոճով հաղթելով Դավիթ Քալաշյանին՝ Արմանը առաջնության ավարտից մեկ տուր առաջ վաստակեց 5,5 միավոր, այնքան, որքան պահանջվում էր ՖԻԴԵ-ի 11-րդ կարգ ունեցող այս մրցաշարում այսուհետ միջազգային գրոսմայստերի կոչում կրելու համար: Սակայն ըստ կանոնակարգի, որը, հասկանալի է, առավել եւս նման դեպքում ձեւական բնույթ է կրում, նրա գործերը միջազգային ֆեդերացիա՝ հաստատելու ներկայացնել կարելի կլինի միայն այն դեպքում, եթե նա ավարտին հասցնի մրցաշարը, մի բան, որին կասկածելն անգամ բացառվում է: Երիտասարդ շախմատիստն իր մարզական կենսագրությունում երրորդ անգամ լրացրեց այդ նորման, որի համար սրտանց շնորհավորում ենք: Առաջատարը՝ Արտաշես Մինասյանը, համառ պայքարում պարտության մատնեց Արսեն Եղիազարյանին, Արա Մինասյանը Տիգրան Քոթանջյանի հետ ամբողջ պարտիայի ընթացքում ունենալով նյութական ու խաղային մեծ առավելություն՝ շատ-շատերի համար անսպասելի, վերջնախաղում «հալեցրեց» այդ առավելությունն ու ընդունեց իր պարտությունը, իսկ Կարեն Ասրյան-Տիգրան Նալբանդյան, Աշոտ Անաստասյան-Տիգրան Լ. Պետրոսյան հանդիպումներում գրանցվեցին ոչ-ոքիներ: Եզրափակիչ տուրից առաջ տղամարդկանց մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք է ստացել. 1. Արտաշես Մինասյան 6,5 2. Արման Փաշիկյան 5,5 3-5. Աշոտ Անաստասյան 5,0 Կարեն Ասրյան 5,0 Տիգրան Քոթանջյան 5,0 6. Տիգրան Լ. Պետրոսյան 4,5 7. Տիգրան Նալբանդյան 4,0 8. Արսեն Եղիազարյան 2,5 9. Արա Մինասյան 1,5 10. Դավիթ Քալաշյան 0,5 Առաջինը՝ ոչ-ոքի Մոնակոյում մեկօրյա հանգստից հետո երեկ վերսկսվեց աշխարհի ուժեղագույն 12 գրոսմայստերների մրցավեճը: 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը «կույր» շախմատում սեւերով ոչ-ոքի արեց Վասիլի Իվանչուկի հետ: Լեկոն հաղթեց Տոպալովին, Նիլսենը՝ Վան Վելլիին, Գրիշչուկը՝ Անանդին, Մորոզեւիչը՝ Սվիդլերին: Գելֆանդ-Վալյեխո պարտիան նույնպես ավելի ուժեղին ի հայտ չբերեց: Ուշ երեկոյան մրցակիցները հարաբերությունները պետք է պարզեին արագ շախմատում: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել