Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅ

Մարտ 25,2006 00:00

«ՀԱՅ ՍՈՒՊԵՐՍԹԱՐԸ» ԴԵՌ ՈՐՈՆՎՈՒՄ Է Հարցազրույց մրցույթի ժյուրիի անդամ Նաիրա Գուրջինյանի հետ «Առավոտը» քանիցս անդրադարձել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» նախագծին, որի իրավունքները պատկանում են համաշխարհային հեռուստաշուկայում հայտնի բրիտանական IDOLS ընկերությանը: Ներկայացնում ենք մեզ եւ ընթերցողներին հուզող հարցերը ժյուրիի միակ մասնագետ, երգչուհի, «Ջեզլ» կանանց վոկալ, «Վաղորդյան կաթիլներ» եւ «Շմակի» մանկական վոկալ անսամբլների գեղարվեստական ղեկավար Նաիրա Գուրջինյանին: – Ետեւում են Գյումրիի, Վանաձորի, Երեւանի եւ նրա հարակից շրջանների, Ղարաբաղի պատանիների լսումները: Ընդհանուր արդյունքում քանի՞ հոգի է անցել եւ հիմա ո՞ր փուլում է մրցույթը: – Ծանոթ լինելով ձեր թերթում տպագրված հոդվածներին, նախ ուզում եմ ցանկություն հայտնել, որ անհրաժեշտ է մեկս մյուսի հանդեպ լինենք բարյացակամ: Այսօր հայկական էստրադայում լճացում է եւ, ինչու չէ՝ գուցե այս նախագծի շնորհիվ մեր երիտասարդներից ոմանց նկատեն Եվրոպայում, հետագայում հրավիրելով տարբեր միջոցառումների, այդ թվում՝ միջազգային մրցույթների: Այս պահին կոնկրետ թիվը չեմ կարող հիշել, լսել ենք հազարավոր պատանիների, ընտրվել է 30-ը: Տեղեկացնեմ, որ ըստ նախագծում առկա կետի, ժյուրին արդեն ավարտել է իր աշխատանքը, թեեւ ժյուրիի անդամներս իրավունք ունենք ներկա գտնվելու նրանց ելույթներին եւ ընդամենը դիտողություններ ու ցանկություններ հայտնել: Ամեն ինչ որոշելու է հեռուստադիտողը: Այս 30 հոգին դեռ մի քանի ամիս հանդես կգան եթերով եւ, կախված հեռուստադիտողների միավորներից, նրանք աստիճանաբար դուրս կմնան ու վերջում կընտրվի հայ սուպերսթարը: Ընդհանրապես պետք է նշեմ, որ հանդիպել ենք ե՛ւ տաղանդավորների, ե՛ւ երգեցողության հետ կապ չունեցողների: – Մնացած երեսուն երիտասարդների հետ կաշխատե՞ն մասնագետներ: – Ես այդ մասին ոչինչ ասել չեմ կարող: Կրկնում եմ՝ ժյուրիի անդամներս արդեն ավարտել ենք մեր աշխատանքները: – Ճի՞շտ եք գտնում, որ ժյուրիի կազմում էին DJ Գլումովը եւ դերասան Միքայել Պողոսյանը: – Իսկ ո՞վ է ասում, որ ժյուրիի կազմում բոլորը պետք է լինեն մասնագետներ: Ժյուրիում եղած կոլեգաներս մշտապես հաշվի են առել իմ՝ մասնագետի կարծիքը: Ինչ վերաբերում է DJ Գլումովին եւ դերասան Միքայել Պողոսյանին, առաջինը պարզապես քայլող հանրագիտարան է: Եթե ոչ մասնագետից ավելի, ապա հավասար գիտե ջազի, փոփի, ռոքի պատմությունը: Հիշեցնեմ, որ ինքն է կազմակերպիչը «Ոսկե քնար» ժամանակակից երգի մրցույթի: Թեեւ ավելորդ եմ համարում, բայց նշեմ, որ երգչի մասնագիտության համար անհրաժեշտ է դերասանական վարպետությունը: Կարծում եմ՝ Միքայելին որպես դերասան ներկայացնելու հարկ չկա: – Դիտելով համանուն նախագծի ռուսաստանյան «Նարոդնի արտիստ» ծրագիրը, համենայնդեպս, եւ մենք, եւ մեր ընթերցողները չեն հանդիպել ռուսաստանյան ժյուրիի կողմից մասնակիցներին, ուղիղ ասած՝ ձեռ առնելու դեպքերի, ինչը առկա է ձեր պարագայում: Նման վերաբերմունքը բրիտանական նախագծի պայմանների՞ց է բխում: – Ի տարբերություն ձեզ եւ ձեր ընթերցողների, ժամանակին դիտելով «Նարոդնի արտիստ» հեռուստատարբերակները, նկատել եմ ու զարմացել, թե ինչպես ժյուրիի կազմում ռուսաստանյան աստղերը իրենց թույլ են տվել, ինչպես դուք նշեցիք՝ ձեռ առնել մասնակիցներին: Մեր կարծիքով, դա հայաստանյան ծրագրում բացակայում էր: Պարզապես IDOLS նախագծի ֆորմատն է այդպիսին՝ կատակներ, աշխույժ խոսք ու զրույց մասնակիցների հետ, մանավանդ՝ սա շոու-ծրագիր է: Մյուս կողմից էլ, հաճախ պետք է մասնակցին հասցնել այնպիսի լարվածության, որ նա հուզվի, թեկուզ լաց լինի, ապագա արտիստը պետք է պատրաստ լինի ամեն ինչի: Մենք՝ ժյուրիի անդամներս քանիցս դիտել ենք արտերկրում անցկացված այս նախագծի մրցույթները ու պետք է նշեմ, որ, օրինակ, Ամերիկայում մասնակիցները երեք օր ու գիշեր էին սպասում իրենց հերթին՝ հանգիստ, առանց հրմշտոցի, ուտելով իրենց համբուրգերը, ինչը չես ասի հատկապես երեւանյան փուլի համար: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել