Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն

Մարտ 25,2006 00:00

ՀՅԴ-ն մնաց անտարբեր Ուտուշ-խմուշի համար գումար ճարում են, իսկ գրքի համար չի ճարվում Օրեր առաջ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության նախաձեռնությամբ Երեւանի տիկնիկային թատրոնում անցկացվեց 1921թ. փետրվարի 18-ին Երեւանում ժողովրդական ապստամբության հաղթանակի 85-ամյակին նվիրված հուշ-երեկո, որտեղ ամեն ինչ կազմակերպված էր ճոխ, գեղեցիկ ու ճաշակով։ Արդեն երեք տարի սեփական նախաձեռնությամբ աշխատում եմ մի գրքի վրա, որ պայմանականորեն կոչել եմ «Բռնադատված հայ բժիշկներ։ 1920-1954թթ.»։ 1921թ. փետրվարյան ապստամբության հետ են կապված այնպիսի երեւելի բժիշկների անունները, ինչպիսիք են դաշնակցական ակնառու գործիչներ, ՀՀ արտգործնախարար եւ ՀՀ վարչապետ Համո Օհանջանյանը, ՀՀ խնամատարության նախարարի օգնական, բժշկա֊առողջապահական բաժնի ղեկավար Հովհաննես Տեր172Միքայելյանը, ՀՅԴ Երեւանի արտակարգ դատարանի նախագահ Հովսեփ Տեր-Դավթյանը եւ ուրիշներ։ Ուսումնասիրելով արխիվները, գրադարաններն ու ինտերնետը, հայտնաբերել ու համակարգել եմ Հայաստանում եւ ԽՍՀՄ այլ հանրապետություններում բանտարկված, աքսորված, գնդակահարված շուրջ 250 հայ բժիշկների կենսագրականներ, լուսանկարներ, փաստաթղթեր, հոդվածներ եւ այլն։ Երբ հասունացավ գիրքը հրատարակելու անհրաժեշտությունը, ինձ խորհուրդ տվեցին դիմել ՀՅԴ կուսակցությանը, քանի որ գրքիս հերոս դարձած բժիշկների մեծ մասը այդ կուսակցության գործիչներ են, մյուսները՝ համակիրներ կամ «դաշնակցականի» անվան տակ բռնադատվածներ։ Գրքի հրատարակության ծախսերը հոգալու խնդրանքով առաջին նամակ-դիմումը (25.12. 2004թ.) հանձնեցի ՀՅԴ կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնին, որտեղից պատասխանեցին, թե նամակս փոխանցել են առողջապահության նախարարին՝ «հնարավոր աջակցություն ցույց տալու խնդրանքով»։ Անցել է ավելի քան մեկ տարի, իսկ առողջապահության նախարարից դեռեւս պատասխան չեմ ստացել։ Նույն խնդրանքով երկրորդ դիմում-նամակը (15.4. 2005) հանձնեցի ՀՅԴ կուսակցության բյուրոյին, որտեղ խնդրեցին ապագա գրքից 10 էջ ներկայացնել ուսումնասիրելու համար։ Ներկայացրի։ Պատասխանեցին, որ «կզբաղվեն եւ կտեղեկացնեն»։ Շուտով կլրանա «զբաղվելու» մեկ տարին, սակայն դեռ չեն «տեղեկացրել»։ Երրորդ (14.11.2005) դիմումը հղեցի ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին։ Անցել է երեք ամիս՝ եւ դարձյալ ոչ մի պատասխան։ Հիմա ցավով եմ մտածում, որ ՀՅԴ֊ի նման հնագույն եւ պատկառելի կուսակցությունը, որն ահռելի գումարներ է ծախսում տարաբնույթ եւ ճոխ միջոցառումներ անցկացնելու վրա՝ չի կարողանում միջոցներ տրամադրել իր կուսակիցների՝ հանուն ազգի եւ գաղափարի ստալինյան բռնաճնշումների ենթարկված բժիշկների հիշատակը հավերժացնող հուշ-գիրք հրատարակելու համար։ Գտնվեցին մարդիկ, որ խորհուրդ տվեցին գրքի հրատարակման հարցով դիմել այլ կուսակցությունների, կազմակերպությունների կամ մեծահարուստների։ Սակայն ես որոշել եմ գիրքը հրատարակել բժշկի իմ համեստ միջոցներով (մանավանդ որ՝ վերջերս այն ավելանալով հասել է մի ամբողջ… քսան հազար դրամի), իսկ նախաբանում էլ տպագրել վերեւում թվարկած նամակ-դիմումներիս պատճեններն ու դրանց պատասխանները: ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ Անկուսակցական բժիշկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031