Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը պատերազմին չի խոչընդոտի

Մարտ 28,2006 00:00

ԱՄՆ-ը պատերազմին չի խոչընդոտի Հայտարարել է թուրք գեներալ Նեջաթ Էսլենը «Ես հավատում եմ, որ պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը հաղթանակ կտանի: Սակայն մինչ այդ՝ անհրաժեշտ է լուծել մի շարք քաղաքական հարցեր, քանի որ Ադրբեջանի թշնամիները միայն հայերը չեն»,- ըստ «Նոյյան տապանի», այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի գլոբալ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի անդամ, պահեստի գեներալ-մայոր Նեջաթ Էսլենը: Թուրք գեներալի կարծիքով, Ադրբեջանն ինքը պետք է լուծի ԼՂ հարցը: «Եթե Ադրբեջանը քայլեր ձեռնարկի խնդրի լուծման ուղղությամբ, դրան չեն խոչընդոտի ոչ Եվրամիությունը, ոչ ԱՄՆ-ը, իսկ Թուրքիան պետք է պատրաստ լինի ցուցաբերելու ցանկացած օգնություն»,- ասել է Էսլենը: Ընդգծելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մի շարք հարցերում արդեն իսկ գործում են համատեղ, նա նշել է, թե այդ համագործակցությունը կփոխադրվի նաեւ ռազմական ոլորտ: «Անդամակցությունը ՆԱՏՕ-ին այն ժամանակ, երբ երկրի տարածքի մի մասն օկուպացված է, օգուտ չի բերի Ադրբեջանին: Սկզբում անհրաժեշտ է լուծել գրավյալ տարածքների ազատագրման խնդիրը»,- ասել է գեներալը: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ի հայերը բողոքի ցույց են կազմակերպել մեկ այլ թուրք գործչի՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Վեջդի Գյունուլի ելույթի դեմ: ԱՄՆ-ում անցկացվող «Եվրասիայում փոփոխվող անվտանգության իրադրության եւ Թուրքիայի ռազմավարական կարեւորության» թեմային նվիրված խորհրդաժողովի ժամանակ Գյունուլը անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին, որոնք նա համարել է Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնաքարերից մեկը: Այս մասին, հղում անելով թուրքական «Վաթան» թերթին, հաղորդում է «Արմինֆոն»: Թերթը հաղորդում է, որ նախարարն իր ելույթում անդրադառնալով այն հարցին, թե ինչու Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, պատասխանել է. «ըստ էության՝ ճանաչելու բան չկա»: Պատմելով, թե իբր Էրզինջանում հայերը սպանել են իր ընտանիքի անդամներին, թուրք նախարարն ասել է. «նախ ռուսներն ու հայերը միավորվելով սպանել են թուրքերին սեփական հողում: Այնուհետեւ թուրքերն ինքնապաշտպանության են դիմել: Ցեղասպանության մասին խոսք անգամ չի եղել»: Այս հայտարարությունից հետո ներկաներից մեկը բացականչել է, թե «այդ ամենը սուտ է», եւ անվտանգության ծառայության աշխատակիցները վերջինիս դուրս են հրավիրել դահլիճից: Մինչդեռ, իր պատկերացմամբ, հայերին ուղղված բարի կամքի հերթական ժեստն է արել Թուրքիայի ազգային կրթության նախարար Հյուսեին Չելիքը: «Աղթամար եկեղեցու վերականգնումը լավագույն պատասխանը կլինի Թուրքիային ցեղասպանության մեջ մեղադրող հայկական սփյուռքին»,- ըստ «Հյուրիեթի», ասել է Չելիքը Վանի մշակութային եւ բնական հարստությունների տարածաշրջանային խորհրդի վարչության բացման արարողության ժամանակ: «Ինչ կրոնի, ինչ շրջանի էլ որ պատկանեն պատմական եւ մշակութային ստեղծագործությունները, դրանք այն երկրինն են, որտեղ գտնվում են, դրանք մերն են»,- այնուամենայնիվ, ընդգծել է Թուրքիայի ազգային մշակույթի նախարարը: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել