Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՒԳԱՀԵՌՆ

Մարտ 28,2006 00:00

ԶՈՒԳԱՀԵՌՆ ԱՆՏԵՂԻ Է Այսպես ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը երեկ ասուլիսում արձագանքեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի արձագանքին՝ Հին Ջուղայում խաչքարերի ոչնչացման վերաբերյալ. «Նա ասել էր, որ ԵԽ նախարարների կոմիտեն եւս կուղարկի փորձագետներ՝ ուսումնասիրելու խնդիրը: Ընդ որում, կուղարկի փորձագետներ Նախիջեւան եւ ԼՂ: Ես կարծում եմ՝ այս զուգահեռը բացարձակապե՛ս տեղին չէ, որովհետեւ նախ սրանք տարբեր կարգավիճակ ունեցող տարածքներ են: Նախիջեւանում անցած դարասկզբից հետո տեղի չի ունեցել որեւէ պատերազմ: ԼՂ-ում պատերազմը դադարեցվել է ընդամենը 1994 թվականին: Եվ համեմատությունները բացարձակապես տեղին չեն: Ես կարծում եմ, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք այս հանգամանքի վրա: Կարծում եմ, հանդիպում կլինի Թերի Դեւիսի հետ եւ, բնականաբար, ես անպայման իր ուշադրությունը կհրավիրեմ այդ տարբերության վրա, որ նման զուգահեռներ անցկացնելը բացարձակապես անտեղի է: Այլ խնդիր է, եթե ԼՂ այցելելու ցանկություն կա՝ ինչ-ինչ հարցեր պարզելու եւ ճշտելու, բնականաբար, սա պետք է քննարկվի: Եվ կարծում եմ, եթե ԼՂ իշխանությունների հետ իրենք համաձայնության գան, ապա այդ այցը կկայանա»: Տիգրան Թորոսյանը նաեւ տեղեկացրեց, որ մարտի 21-ին Բրյուսելում ԵԽԽՎ փախստականների, ժողովրդագրության եւ միգրացիայի հարցերի հանձնաժողովում ներկայացվել է մի ծրագիր, ըստ որի հոլանդացի պատգամավոր Լեո Պլատֆոյդը պետք է պատրաստի զեկուցում Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում անհայտ կորած անձանց մասին. «Որպես ապագայում սպասվող աշխատանքներ՝ կարելի է նշել նաեւ «Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում կանանց վիճակի մասին» զեկույցը, որը պետք է պատրաստի ռուսաստանցի պատգամավոր Վերա Օսկինան, որն ապրիլի կեսերին կգա Հայաստան: Լեո Պլատֆոյդի այցը նախատեսվում է մայիսին կամ հունիսին»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել