
Բաղդասարյանը՝ Հայաստանի եւ գունավոր հեղափոխությունների մասին Արթուր Բաղդասարյանը
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահն է, որը Հայաստանի խորհրդարանում ներկայացված
կուսակցություններից երկրորդն է, նախագահի տվյալներով՝ ունի մոտ 60000 անդամ եւ երկրի
ամենամեծ կուսակցությունն է: 1968 թվականին ծնված քաղաքական գործիչը 2003-ից խորհրդարանի
նախագահն է եւ համարվում է երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հաջորդը, որը երկու անգամ
նախագահ լինելուց հետո չի կարող 2008-ի ընտրություններին մասնակցել: – Ժողովրդավարությունը
Հայաստանում այնքան լավ վիճակում չէ: Դուք կառավարական կոալիցիային եք պատկանում,
սակայն արդար ընտրությունների, իրավական պետության եւ ժողովրդավարության վերաբերյալ
Ձեր դիտողություններով, կարծես, ընդդիմադիր քաղաքական գործիչ լինեք: Ինչպե՞ս կարող
եք դա բացատրել: – Լինել կառավարությունում չի նշանակում, որ պետք չէ պայքարել
բարեփոխումների համար: Մենք չենք կարող մեր աչքերը փակել եւ ասել, որ չենք տեսնում,
թե երկրում ինչն է վատ: Լինել կառավարությունում մեզ համար առաջին հերթին նշանակում
է պատասխանատվություն ստանձնել: Մեզ համար դա պարտավորություն է եւ ոչ՝ հաճույք:
Ժողովրդավարությունը Հայաստանում դեռ երիտասարդ է եւ շատ թույլ: Մենք պետք է այն
ուժեղացնենք, քանի որ այն տարածաշրջանում ազատության եւ խաղաղության գրավականն է:
– Դուք հաճախ ասել եք, որ Հայաստանում պայքար կա հին եւ նոր ուժերի միջեւ:
Ովքե՞ր են հին եւ նոր ուժերը: – Դա պայքար է երեկվա եւ այսօրվա միջեւ: Հին
ուժերը նրանք են, որոնք դեռ պահպանում են յոթանասունամյա խորհրդային գաղափարախոսությունը:
Նրանք կողմ են բարեփոխումներին մինչեւ այն կետը, քանի դեռ խնդիրն իրենց չի վերաբերում:
Եվ նրանք մեծ ուժ են Հայաստանում: – Այդ ուժերը կառավարությունո՞ւմ են: –
Իհարկե, նրանք կան նաեւ կառավարությունում: Մեր կոալիցիան նման է մի ամուսնության,
որտեղ ավելի շատ պայքար կա, քան սեր: – Վրաստանում՝ Միխայիլ Սահակաշվիլին,
Ուկրաինայում Վիկտոր Յուշչենկոն իրենց երկրներում կառավարության անդամներ են եղել:
Երբ նրանք նկատեցին, որ տիրապետող ուժերով հնարավոր չէ բարեփոխումներ իրականացնել,
նրանք դուրս եկան եւ դարձան գունավոր հեղափոխությունների ղեկավարներ: Դուք կդառնա՞ք
նման ղեկավար Հայաստանում 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ: –
(Ծիծաղում է): Ես բարեփոխումների կողմնակից եմ: Բոլոր նրանք, ովքեր դեմ են խաղաղ
բարեփոխումներին, նպաստում են, որպեսզի հեղափոխություններ տեղի ունենան: Սակայն հեղափոխությունը
21-րդ դարում ճիշտ ճանապարհը չէ: Մենք պայքարում ենք նրա համար, որ բարեփոխումները
շարունակվեն, եւ դրա համար Հայաստանում պետք է ազատ ընտրություններ անցկացվեն: 2007-ի
խորհրդարանական եւ 2008-ի նախագահական ընտրությունները երկրի համար մեծ նշանակություն
ունեն, դրանք պետք է ցույց տան, թե ուր ենք գնում, դեպի Եվրո՞պա, թե՞ հետ: Այն մարդիկ,
ովքեր դեռ մտածում են, թե կարող են ընտրությունները կեղծել, պետք է հասկանան, որ
այդ ժամանակները Հայաստանում արդեն անցել են: Եթե եւս մեկ անգամ այնպիսի կեղծիքներ
լինեն, ինչպես նախորդ ընտրություններում, երկրում մեծ ցնցումներ տեղի կունենան: Ոչ
միայն երկրում, այլ նաեւ արտասահմանում այդպիսի ընտրություններն այլեւս չեն կարող
ընկալվել: Ինչ կլինի ապագայում՝ կյանքը ցույց կտա: – Դուք ասացիք, որ ժողովրդավարությունը
տարածաշրջանին խաղաղություն կբերի: Ինչպիսի՞ փոխզիջումների եք պատրաստ Ադրբեջանի
հետ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման կապակցությամբ: – Լեռնային Ղարաբաղի
խնդրի կարգավորման հետ կապված բանակցությունները ակտիվ փուլում են գտնվում: Դրանք
վարվում են երկրի նախագահի կողմից, եւ Հայաստանը գտնվում է բավական կառուցողական
դիրքերում: Մեր նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախկինում եղել է Ղարաբաղի նախագահ եւ խնդիրը
շատ լավ գիտի: Իմ կարծիքով՝ թե՛ հայկական եւ թե՛ ադրբեջանական կողմերը պետք է ինչոր
բան զիջեն խնդրի կարգավորման համար: Պետք է փոխհամաձայնություն լինի: – Կարծում
եք, որ հայ հասարակությունը պատրա՞ստ է զիջումների, թե՞ բողոքներ կլինեն: –
Մենք՝ քաղաքական գործիչներս պետք է պատասխանատվություն ստանձնենք: Մեր ժողովուրդը
խաղաղություն է ցանկանում: Իհարկե, շատերը դեմ կլինեն ինչ-որ բան զիջելուն, բայց
դա է ապագայի ճանապարհը: 2006-ը պատուհան է խաղաղության համար, քանի որ թե՛ Հայաստանում
եւ թե՛ Ադրբեջանում չկան ընտրություններ, 2007-ը պատուհան է ժողովրդավարության համար:
Մենք պետք է դա օգտագործենք: Հայաստանը իրեն շատ կառուցողական է պահում: Եթե Դուք
այս մասին խոսեիք Ադրբեջանում ինչ-որ մեկի հետ, նա կմեղադրեր հայերին՝ ասելով, թե
նրանք դա չեն անում, նրանք դա չեն ցանկանում: Ես այդպիսի բան չեմ ցանկանում ասել
ադրբեջանական կողմի համար: Երբ ես այսպես խոսում եմ, գիտեմ, որ ոչ բոլորը Հայաստանում
ինձ կպաշտպանեն, բայց սա է ճշմարտությունը: – Հարաբերությունները Ադրբեջանի
եւ Թուրքիայի հետ շատ բարդ են: – Մենք չենք կարող մոռանալ ցեղասպանությունը,
երբ 1,5 միլիոն հայեր սպանվեցին, բայց մեր ապագան չպետք է կառուցենք անցյալի հիման
վրա: Անձամբ ինձ համար ավելի կարեւոր է առաջընթացի իրական հույսը, քան սոսկ անցյալի
տխուր հիշողությունը: Սա նշանակում է, որ մենք բաց եւ ազատ պետք է խոսենք Թուրքիայի
հետ, այդ երկխոսության կարիքն ունի նաեւ Թուրքիան: Մենք պետք է սեղանի շուրջ նստենք
եւ մեր խնդիրները լուծենք: Իհարկե, ոմանք այս կարծիքին չեն Հայաստանում: –
Մինչ այժմ Հայաստանը եւ Ռուսաստանը լավ գործընկերներ են եղել: Կփոխվի՞ դա՝ կապված
գազի սակագնի խնդրի հետ: – Հայռուսական հարաբերությունները պետք է նոր մակարդակի
անցնեն: Մենք բարեկամական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, բայց այդ հարաբերությունների
բովանդակությունը պետք է քննարկվի: Ինչպիսի՞ն է այդ բարեկամությունը: Այն միայն արտաքնապե՞ս
է, թե՞ ունի նաեւ բովանդակություն: Շատ հարցեր կան, որոնք պետք է լուծվեն: Ես հուսով
եմ, որ գազի սակագնի հարցում մենք դեռ համաձայնության կգանք: Իմ կուսակցության անունից
կարող եմ ասել, որ մենք կողմ ենք էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացմանը: Էներգետիկ
ռեսուրսները չպետք է քաղաքական զենք դառնան: Ինձ մեկ անգամ հարցրել են, թե ինչո՞ւ
Հայաստանը Ռուսաստանից գումար չի պահանջում Հայաստանում ռուսական ռազմակայանների
համար: Ես պատասխանեցի, որ այդ հարցին դժվար է պատասխանել: Մեկ անգամ էլ հարցրել
են, թե ինչո՞ւ Ռուսաստանն Ալժիրին ներեց 4 միլիարդ դոլարի պարտքը, իսկ Հայաստանից,
որ միայն 100 միլիոն պարտք ուներ, պահանջեց ինդուստրիալ գործարաններ, որոնք այսօր
չեն աշխատում: – Նշանակո՞ւմ է դա, որ Դուք գոհ չեք Ռուսաստանի եւ Հայաստանի
այսօրվա փոխհարաբերություններից: – Շատ ոլորտներում մեր հարաբերությունները
շատ լավն են եւ լավ զարգանում են: Բայց Հայաստանի ապագան Ռուսաստան-Բելառուս միության
հետ չէ: Հայաստանի ապագան ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն են: Այդ ճանապարհին մենք պետք է Ռուսաստանի
բարեկամը մնանք, ոչ թե այնպես, ինչպես Վրաստանը, որի հարաբերությունները Ռուսաստանի
հետ շատ լարված են: Բայց նաեւ Ռուսաստանը չպետք է կանգնի դեպի Եվրոպա մեր ճանապարհին:
– Հույս ունե՞ք, որ ԵՄ-ն ինչ-որ ժամանակ պատրաստ կլինի ընդունելու Հայաստանին:
– Ես դրանում համոզված եմ: Դա այլընտրանք չունի: Ոչ միայն Հայաստանը, այլ
նաեւ Վրաստանը եւ ինչու չէ՝ նաեւ Ադրբեջանը: Մենք փոքր երկրներ ենք: Դա մեր համագործակցության
եւ խաղաղության համար լավագույն կառույցը կարող է լինել: Եվրոպային պետք է անվտանգ,
կոնֆլիկտներից զերծ Կովկաս եւ ժողովրդավար հարեւաններ: ՌԱՅՆԱՐԴ
ՎԵԶԵՐ Frankfurter Allgemaine 19 ապրիլի, 2006

















































