
10 փողոցի 18 տան սեփականատեր, ԵՊՀ պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Բաբկեն
Հարությունյանը կարծում է, որ «դաժանորեն խախտված են» ինչպես իր, այնպես էլ համասեփականատեր
քրոջ՝ Քնարիկ եւ եղբոր՝ Միհրան Հարությունյանների իրավունքները: 18ա տան ընդլայնման
արդյունքում փակվել է իրենց՝ 18 տան արեւի լույսը: «Հյուսիսային կողմից պատ կառուցելով,
3,5 մ բարձրության սյուներին արդեն մասամբ դրված ծածկը լույսից բոլորովին զրկում
է մեր տան հյուսիսային սենյակներից աջակողմյանը, իսկ մյուսներն էլ ըստ էության բավարար
արեւային լուսավորություն չեն ստանում»,- «Առավոտին» բողոքեց Բ. Հարությունյանը:
Քաղաքապետարանը թույլատրել է 18ա-ի բնակչին՝ Կարինե Հարությունյանին, 6,4մ
երկարությամբ պատի կառուցում, ինչը, ըստ անվանի գիտնականի, «16 հարկանի երկու երկնաքերներով
հարակից շրջափակված ձախակողմյան սենյակը նորմային չբավարարող լուսավորությունից է
զրկում»: Նախագծման ժամանակ որեւէ մեկը հարկ չի համարել հանդիպել 18 տան տերերի հետ՝
ստանալու նրանց համաձայնությունը: Վիճահարույց շենքի նախագիծը կազմել է ճարտարապետության
եւ շինարարության համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի գործող դեկանը, հաստատել
է քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության պետը (նախկին դեկանը), իսկ շինարարությունն
իրականացնում է նշված ֆակուլտետի դեկան Տիգրան Բարսեղյանի եղբայրը: Ուշադրության
արժանի է այն, որ արեւահարության ռեժիմի հաշվարկը կատարվել է նույն ֆակուլտետի պրոֆեսոր,
դոկտոր Յուրի Հովսեփյանի կողմից: Սակայն, որքան էլ ճանաչված մտավորականը պնդում է,
որ խոցելի է տեխնիկական նախագիծը եւ իրենց տան ինսոլացիոն ռեժիմի մասին եզրակացությունը,
քաղաքապետարանը հակառակն է փորձում ապացուցել, մասնավորապես՝ տարբեր ժամանակներում
նույն տեքստը Բ. Հարությունյանին է ուղարկել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
ճարտարապետության վարչության պետի տեղակալը, ասելով, որ ոչ մի նորմ խախտված չէ: Ճարահատյալ
ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչը հղում է արել «Տեղեկատվության մասին» գործող
օրենքին, խնդրելով այդ օրենքի պահանջներից մեկը կատարել. տրամադրել Այգեստան 10-րդ
փողոցի 18 տան ինսոլացիոն ռեժիմի հաշվարկի պահանջը: Երեւանի ճարտարապետության եւ
շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հ. Թոքմաջյանը հունիսի 16-ին «այդուհանդերձ,
հարգելով մանկավարժ-գիտնականի վաստակը», Բ. Հարությունյանին ուղարկեց պահանջած տեղեկատվությունը,
նաեւ գիտահետազոտական սեկտորի եւ ճարտարապետության ֆակուլտետի ներկայացուցիչների
համատեղ նիստի (հունիսի 12) արձանագրությունը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ


















































