Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՀԱՆՋՈՒՄ ՈՒ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ

Դեկտեմբեր 27,2006 00:00 Share

Երեկ ԼՂՀ նախկին ԳԽ եւ գործող ԱԺ մի քանի պատգամավորներ ու արցախյան ազատամարտին մասնակցած նախկին հրամանատարներ բաց նամակով դիմել են ՀՀ բարձրագույն ղեկավարությանը՝ խնդրելով փոխել Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի նկատմամբ խափանման միջոցն ու նրանց ազատ արձակել՝ նկատի ունենալով վերջիններիս՝ արցախյան ազատամարտում «անուրանալի ծառայությունները», նաեւ՝ «խորապես համոզված լինելով, որ ՀՀ իշխանությունների ձեռնարկած միջոցները համադրելի չեն հասարակական-քաղաքական դաշտում Ժ. Սեֆիլյանի եւ Վ. Մալխասյանի ծավալած գործունեությանը»:

Նամակի հեղինակների կարծիքով՝ «Ազատամարտի հերոսների նկատմամբ նման վերաբերմունքը կարող է սասանել հայրենիքի պաշտպանության սուրբ պարտականության նկատմամբ մարդկանց հավատը»:

Երեկ ի պաշտպանություն Ժ. Սեֆիլյանի եւ Վ. Մալխասյանի՝ հայտարարություն են տարածել «Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն» հ/կ-ն՝ ի դեմս Գայանե Մարկոսյանի, «Հայաստանի հելսինկյան կոմիտեն»՝ Ավետիք Իշխանյանի գլխավորությամբ, եւ Վարդան Հարությունյանի ղեկավարած «Իրավունքի եւ ազատության կենտրոնը»: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ Ժ. Սեֆիլյանին ու Վ. Մալխասյանին առաջադրված մեղադրանքն ու ՔՕ համապատասխան հոդվածը՝ «սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչ», «իր բովանդակությամբ զուտ քաղաքական է, եւ իրապես ժողովրդավար երկրներում, ուր ժողովուրդն է իշխանություն ձեւավորողը եւ ապահովված է խոսքի ազատությունը, դժվար է պատկերացնել նման հոդվածի կիրառումը: Սույն հոդվածը բռնապետական բնույթ ունեցող երկրներում դամոկլյան սրի պես կախված է յուրաքանչյուր այլախոհի գլխին եւ այն կամայականորեն կարող է կիրառվել ցանկացած քաղաքացու նկատմամբ»: Հայտարարության հեղինակները, դատապարտելով «ՀՀ-ում խոսքի ազատության եւ քաղաքական գործունեության սահմանափակման ցանկացած դրսեւորում», կոչ են արել «հասարակական եւ քաղաքական կազմակերպություններին, հասարակությանը իրենց բողոքի ձայնը բարձրացնել երկրում շարունակվող քաղաքական հետապնդումների դեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031