Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵՔ ՎԱՐՍԱՎԻՐՆԵՐԻՆ

Նոյեմբեր 01,2007 00:00

\"\"Օրերս ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները «Այրարատ» կինոթատրոնի մոտ, Տիգրան Մեծի փողոցում նոր «օպերացիա» իրականացրին: \"\"

Գործողությունն, իբր, ուղղված էր որոշ ավտոմեքենաների վարորդների կողմից արհեստական խցանումներ առաջացնելու դեմ: Այդ պահին նշված վայրում մենք արձանագրեցինք, որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները փորձում էին օրինազանց վարորդներին «կարգի հրավիրել» ոչ պակաս օրինազանց աշխատաոճով: Գործող օրենքով սահմանված է, որ ճանապարհային ոստիկանը կանոնները խախտող վարորդին կանգնեցնելիս ձեռքին պետք է ունենա աշխատանքային գործիք հանդիսացող ծառայողական փայտը:

«Ռեյդի» ժամանակ, որին մասնակցում էին 8-ից ավելի ճանապարհային ոստիկաններ, նրանք իրենց գործողությունները կատարում էին առանց այդ ցուցափայտի: Ճանապարհային ոստիկանները հավաստիացնում են, թե արհեստական խցանումների պատճառներից մեկն էլ այն է, որ առանձին վարորդներ իրենց ավտոմեքենաները կայանում են ցանկացած հատվածում՝ անգամ հասարակական տրանսպորտի կանգառներում կամ նույնիսկ մայթերին՝ հետիոտնի համար ստեղծելով անանցանելի վիճակներ: Մեր այն դիտարկմանը, թե միջոցառման պահին ոստիկաններն իրենք էլ իրենց ծառայողական ավտոմեքենաները կայանել են այնպիսի տեղերում, որ արհեստական խցանումներ են առաջացնում, ծառայությունն իրականացնող ճանապարհային ոստիկաններից մի քանիսը անակնկալի եկան ու մեկը մյուսին զգուշացրին՝ «արա, քանի մեր ավտոները չեն նկարել՝ հանեք ըտեղից»: Իսկ մեքենաները նշված հատվածում մնացին մոտ կես ժամ:

Հայտնի է նաեւ, որ ճանապարհային ոստիկանության տեսուչները մեծամասամբ կանգնեցնում, իսկ որոշ դեպքերում էլ՝ տուգանային հրապարակ են տանում «խեղճ ու կրակ» ավտոմեքենաների վարորդներին, իսկ ահա արտասահմանյան մակնիշի, մթնեցված ապակիներով ու «գոլդ» համարանիշներով մեքենաների վարորդների՝ հիմնականում օլիգարխների, պետական տարբեր աստիճանի չինովնիկների եւ նրանց ուղեկցող սափրագլուխների կողմից կատարված բազմաթիվ օրինախախտումները չտեսնելու են տալիս: «Առավոտի» այս դիտարկմանն ի պատասխան, ճանապարհային ոստիկանության այդ օրվա աշխատանքները ղեկավարող բարձրաստիճան ոստիկաններից մեկը՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության կազմվերլուծական բաժնի պետ, գնդապետ Հայկ Սարգսյանն ասաց. «Սափրագլուխների հարցով դիմեք վարսավիրներին, իսկ ինչ վերաբերում է ձեր կողմից նշված անձանց ավտոմեքենաներին, ձեզ հավաստիացնում եմ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում նրանց կողմից նման բնույթի խախտումներ չեն կատարվել»: Ի դեպ, երբ գնդապետ Հ. Սարգսյանը նկատեց, որ լուսանկարում ենք իրեն՝ անակնկալի եկավ, փորձում էր համոզել, որ չլուսանկարենք: Նա դրա համար ծանրակշիռ պատճառ ուներ. «Ոստիկանության մասին» օրենքը պահանջում է, որ ոստիկանության ցանկացած սպա կամ շարքային, եթե ծառայողական համազգեստով է, ապա պետք է գլխին գլխարկ ունենա: Տվյալ դեպքում Հ. Սարգսյանը առանց գլխարկի էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել