Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Նոյեմբեր 01,2007 00:00

Մեկ ուղեգիր արդեն կա

Չիկագոյում շարունակվող սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մինչեւ 64 կգ քաշային Էդուարդ Համբարձումյանը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը՝ այս անգամ կորեացի Պարկ Կվան-Սուի նկատմամբ, եւ մտավ լավագույն ութնյակ: Այսպիսով, նա դարձավ Հայաստանի բռնցքամարտիկներից առաջինը, որը 2008 թվականին Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց մեր երկրի համար: Երեւանցին հաջորդ մենամարտն անցկացնելու է նոյեմբերի 1-ին եւ հանդիպելու է Ճապոնիայի ներկայացուցիչ Մասացուգո Կավաչիի հետ: Եթե հաջողությունն այս անգամ էլ ուղեկցի Էդուարդին, նա իր համար կապահովի առնվազն աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:

Ցավոք, վարկանիշի ճանապարհին վերջին քայլն անել չհաջողվեց մինչեւ 57 կգ քաշային Ազատ Հովհաննիսյանին: Նա չկարողացավ արժանի դիմադրություն ցույց տալ ամերիկացի Ռայնել Ուիլյամսին եւ դուրս մնաց նաեւ մեդալների համար պայքարից:

Երեկ ուշ գիշեր ռինգ պետք է մտներ մեր հանրապետության եւս երեք բռնցքամարտիկ: Մինչեւ 48 կգ քաշային կարգում Հովհաննես Դանիելյանը մրցելու էր վրաստանցի Զվիադ Խադուլիի, 60 կգ քաշային Հրաչիկ Ջավախյանը՝ ֆիլիպինցի Ջենեբերտ Բասադրեի, իսկ Ցոլակ Անանիկյանը (81 կգ)՝ լիտվացի Դաուգիրդաս Սեմիոտասի հետ: Այս զույգերի հաղթողները նույնպես օլիմպիական ուղեգրերի են արժանանալու:

Քանի դեռ թիմն ԱՄՆ-ում է

«Առավոտը» շարունակում է հետամուտ լինել ԱՄՆ-ում ընթացող սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հայաստանցի 54 կգ քաշային Վաչագան Ավագյանի փախուստի հետ կապված մանրամասներին:

Մեր ունեցած տեղեկություններով, նա մեկնել է Լոս Անջելես: Բայց հետաքրքիր է, թե ինչպե՞ս է մարզիկն առանց անձնագրի Չիկագոյից հասել այնտեղ: Բանն այն է, որ արտերկիր մեկնող մեր մարզական պատվիրակությունների պատասխանատուները մարզիկների անձնագրերը, որպես կանոն, պահում են իրենց մոտ եւ վերադարձնում Երեւան վերադառնալուց հետո: Մեր տեղեկություններով, Հայաստանի պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը պատրաստվում էր ելույթ ունենալ ԱՄՆ-ում հեռարձակվող հայկական հեռուստաալիքներից մեկով եւ մարզիկի տեղն իմացող մեր հայրենակիցներին կոչ անել՝ նրան վերադարձնել հավաքական, քանի դեռ թիմն Ամերիկայում է:

Հաղթանակ եւ ոչ-ոքի

Հունաստանի Կրետե կղզում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3,0:1,0 հաշվով հաղթելով Ավստրիային՝ թիմային պայքարում բարձրացավ 12-րդ հորիզոնական, իսկ մեր աղջիկները ոչ-ոքի՝ 2,0:2,0 խաղացին գերմանուհիների հետ եւ մրցաշարային աղյուսակում առայժմ 15-րդն են: Երեկ կայանալու էր չորրորդ տուրը, որում մեր տղաները մրցելու էին Դանիայի, իսկ աղջիկները՝ Մոնտենեգրոյի հավաքականների հետ:

Աշխարհի 2014 թվականի առաջնությունը՝ Բրազիլիայում

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության (FIFA) գործկոմն իր նիստում պաշտոնապես հաստատել է, որ 2014 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվելու է Բրազիլիայում: Վերջին անգամ մոլորակի ուժեղագույն ազգային հավաքականները Հարավային Ամերիկայում հավաքվել են հեռավոր 1950 թվականին: Նույն օրը գործկոմը միաձայն որոշում է կայացրել նաեւ 2018-ից սկսած, աշխարհի առաջնության կազմակերպման համար երկրի ընտրության հարցում հրաժարվել մայրցամաքների ռոտացիայի սկզբունքից: Մայրցամաքների ռոտացիայի սկզբունքին առաջին հերթին դեմ էին եվրոպական երկրները: Նրանք դժգոհ են այն բանից, որ իրենք աշխարհի առաջնություն ընդունելու շանս ունենում են միայն 24 տարին մեկ անգամ: Իսկ այս որոշումն ուժի մեջ է մտնելու 2018 թվականից՝ այն պատճառով, որ 2010 թվականի առաջնությունը նշանակված է ՀԱՀ-ում, իկ 2014-ինը՝ արդեն Բրազիլիայում:

Ամենահարուստները

«Forbes» հանդեսը կազմել է աշխարհի ամենահարուստ մարզիկների հերթական ավանդական ցուցակը, որի առաջին հորիզոնականը կրկին զբաղեցրել է գոլֆիստ Թայգեր Վուդսը: Նա 2007 թվականին վաստակել է $100 միլիոն: Հետաքրքիր է, որ լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ «թոշակի գնացած» մարզիկներ, ինչպիսիք են, օրինակ, Միխայել Շումախերը եւ Մայքլ Ջորդանը: Եվ այսպես, աշխարհի տասը ամենահարուստ մարզիկները դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ:

Թայգեր Վուդս գոլֆ 100 մլն

Օսկար դե լա Խոյա բռնցք. 43

Ֆիլ Միքելսոն գոլֆ 42,2

Կիմի Ռայկոնեն ֆորմուլա1 40

Միխայել Շումախեր ֆորմուլա1 36

Դեւիդ Բեքհեմ ֆուտբոլ 33

Կոբի Բրայանթ բասկետբոլ 32,9

Շաքիլ Օ՝ Նիլ բասկետբոլ 31,9

Մայքլ Ջորդան բասկետբոլ 31

Ռոնալդինյո ֆուտբոլ 31:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել