Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԿՈՐԾԱՆԻ ՁԵԶ

Նոյեմբեր 03,2007 00:00

\"\"ՀՀ իշխանությունը չի հանդուրժում նրանց, ովքեր իր կողքին չեն

«Չարությունը ժամանակին կործանեց ՀՀՇ-ն»,- օրերս ասաց Ռոբերտ Քոչարյանը: Զարմանալի էր նման բառեր լսել ՀՀ նախագահից, որի բարության մարմնացում լինելու մասին բնավ չեն վկայում այն քայլերը, որոնք իրականացվում են իշխանությանն ընդդիմախոս գործիչների եւ զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ: Ինչ արժե միայն «Գալա» հեռուստաընկերության հետ կատարվածը, որի «հարկային խախտումների մասին» նախագահի աշխատակազմից հարկային ծառայություն գործուղված ղեկավարն ազդարարեց ավելի շուտ, քան սկսել էին ստուգումները: «Գալան» ցուցադրական թիրախ է, որը պիտի դաս դառնա որեւէ այլ հեռուստաընկերության համար, որը կհամարձակվի եթեր տրամադրել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ իր թիմակիցներին: Մի ցուցադրական թիրախ էլ դարձել է «Սիլ» կոնցեռնը, որի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը հստակ հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելու մասին: Սա թերեւս աններելի հանդգնություն համարվեց, քանի որ Հայաստանի բոլոր խոշոր գործարարներն այս ընտրություններում եթե Սերժ Սարգսյանի կողքին չեն, ապա գոնե չեզոք են: Եվ ահա հարկային ծառայությունը ստուգումներ է անցկացնում «Սիլ» կոնցեռնին պատկանող գրեթե բոլոր ձեռնարկություններում: Այս առումով ամենաուշագրավը Երեւանի ալրաղացում ստուգումներն են. քանի դեռ այն պատկանում էր Լեւոն Սարգսյանին (որն ԱԺ-ում հայտնվում է միայն կարեւոր քվեարկությունների ժամանակ՝ պետք եղած կոճակը սեղմելու համար)՝ Երեւանի ալրաղացը յուրօրինակ «ազատ տնտեսական գոտի» էր: Այժմ ինչ էլ հայտնաբերած լինեն հարկային մարմիններն այստեղ՝ ակնհայտ է, որ վերաբերելու է ոչ թե Սուքիասյանների ընտանիքին, որն ընդամենն ապրիլից է լիովին տնօրինում Երեւանի ալրաղացը, այլ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Սարգսյանին: Թերեւս այդ պատճառով էր իշխանական մի թերթ օրերս հրապարակելով «Սիլ» կոնցեռնին պատկանող ձեռնարկություններում բացահայտված չարաշահումների եւ կալանավորված անձանց ցանկը՝ լռության մատնել Երեւանի ալրաղացը:

Հայտնի է նաեւ, թե Հայաստանում միայն իշխանությանը մերձ գործարարները կարող են անգամ հրապարակավ հայտարարել, որ հարկերը թաքցնում են. «Շատ էլ լավ ենք անում, եթե էդքան բանը բաշարում ենք, ուրեմն լավ ենք անում: Հարկ տամ, որ գնան Մոնտե Կառլոյում խաղա՞ն… Շատ կներեք, ես տալիս եմ անապահով խավին, մանկապարտեզներին, բուժօգնությանը, պետությանն էլ ինչքան տվել ենք՝ հերիք ա» («Ժամանակ-Երեւան» օրաթերթին ԲՀԿ-ի ղեկավարի մոր՝ Ռոզա Ծառուկյանի հարցազրույցից):

Երեկ փորձեցինք պարզել, թե այն պատգամավորները, որոնք զբաղվում են գործարարությամբ՝ ինչպե՞ս են վերաբերվում այս երեւույթին:

Փորձ առաջին՝ «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր, «Տոնուս» ընկերության հիմնադիր Աշոտ Տոնոյանի հետ մեր զրույցը՝ բառացի:

– Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ ոչ իշխանության թեկնածուին աջակցող միակ խոշոր գործարարի ընտանիքին պատկանող ձեռնարկություններում անմիջապես սկսվեցին ստուգումներ ու ձերբակալություններ:

– Տեղյակ չեմ ես էդ ձեր ասած ուղղություններից: Ես ո՞նց կարամ տեղյակ ըլնեմ:

– Թերթերի հրապարակումներից:

– Էն շփումները, որտեղ որ ես ունեմ՝ տենց բան չեմ տեսե, ասենք, որտեղ որ ինձ ծանոթ ա, ասենք, որտեղ որ ես անմիջական շփումներ ունեմ՝ ես չեմ նկատե տենց բաներ: Մեր կողմերում ես չեմ տեսե, ասենք, տենց ուղղվածություններ, որ ով, ասենք, ոնց որ, քաղաքական ուղղվածության հիման վրա հետապնդումներ, ես չեմ նկատե՝ ընդեղ, որտեղ որ ես եմ շփվում:

– Իսկ այդ որտե՞ղ եք շփվում:

– Ես Քանաքեռ-Զեյթունի դեպուտատն եմ:

– Գիտեմ: Այսինքն՝ Զեյթունո՞ւմ չեք նկատել:

– Հա: Դե, մեր միջավայրում, էլի:

Փորձ երկրորդ՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ավանի աղի կոմբինատ» ընկերության բաժնետեր Արեգ Ղուկասյանը նույնպես պնդեց, թե տեղյակ չէ մեր շարադրած փաստերից. «Չգիտեմ, դրդապատճառները չեմ իմանում: Մի հատ հետաքրքրվեմ, իմանամ՝ նոր խոսենք»: Իսկ երբ նրա համար մեջբերումներ արեցինք «ՀԱ»-ից՝ Արեգ Ղուկասյանն ասաց. «Եթե ձերբակալումները, խախտումների բացահայտումը կամ ստուգումները քաղաքական նպատակներ են հետապնդում՝ իհարկե, դատապարտելի է: Բայց եթե իրականում ստուգումներն ի հայտ են բերում սխալներ, խախտումներ, եւ դրանք խոշոր չափի են՝ կարծում եմ, որ պետությունը պարտավոր է կազմակերպել իր գործառույթները՝ անկախ նրանից, թե դա իշխանակա՞ն թեւից է կամ ոչ: Եվ եթե Ձեր ասած բիզնեսմեններից ոմանք եւս խախտում են օրենքները, նրանց նկատմամբ նույն ստուգումներն իրականացվեն՝ դա եւս կլինի նորմալ»: Վերջին դիտարկումը պատասխան էր մեր նշած այն փաստին, որ հարկային ծառայության վերջերս հրապարակած 300 խոշոր հարկատուների ցուցակից Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա ցեմենտն» ընդհանրապես դուրս էր՝ 551-րդ տեղում էր, թեեւ չեն նվազել ցեմենտի գներն ու պահանջարկը:

Փորձ երրորդ՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արամայիս Գրիգորյանը մեր հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այս երեւույթը, որ արդեն իսկ խնդիրներ են ծագում այն գործարարների համար, որոնք չեն պաշտպանում իշխանության թեկնածուին՝ ասաց. «Նմանատիպ բան դեռեւս չեմ լսել ես»: Նրա համար էլ ընթերցեցինք նույն թերթը, որից հետո պրն Գրիգորյանն ասաց. «Դե, եթե այդպես է, բնականաբար, դա լավ չի: Բայց կարող է եւ ուղղակի տարեկան ստուգումնե՞ր են կատարվում, թերթը տեղեկություն չունի՞… Չեմ կարող ասել: Շատ հարգում եմ ես Սուքիասյանին, բայց նման տեղեկություն չունեմ»: ՀՅԴ խմբակցության պատգամավորին էլ բերեցինք «Միկա ցեմենտի» օրինակը՝ հետաքրքրվելով՝ արդյոք այս փաստը չի՞ վկայում, որ միայն քանի դեռ գործարարը իշխանության կողքին է՝ կարող է այսպես վճարել հարկերը: «Ոչ, այդպես չէ: Չեմ մտածում, թե դա է իրականությունը»,- պատասխանեց նա:

… Սրանից հետո դադարեցրինք փորձերը: Քանի որ ակնհայտ էր՝ չէինք գտնելու եւ որեւէ մեկին, որը կդատապարտեր այս երեւույթը՝ հասկանալով, թե այս «ուղտն իրենց դռանն էլ կչոքի», եթե երբեւէ համարձակություն ունենան հանդես գալ սեփական դիրքորոշմամբ, որը կտարբերվի իշխանականից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել