Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաներին սպառնում են «մրսացնել»

Նոյեմբեր 03,2007 00:00

Մանկապարտեզը ջեռուցելու համար երեխաների ծնողներից հավելյալ գումար են պահանջում:

Մեր երկրում սննդամթերքի գնաճին զուգահեռ՝ մայրաքաղաքի թաղապետարանները եւ մանկապարտեզի տնօրենները Երեւանի շատ մանկապարտեզներում 2-3 հազար դրամով բարձրացրին վարձերը՝ պատճառաբանելով, որ ծնողների տված գումարն այլեւս բավական չէ երեխաների նորմալ սննդակարգն ապահովելու համար: Օրերս էլ մի շարք մանկապարտեզների տնօրեններ ժողով են հրավիրել ու երեխաների ծնողներին տեղեկացրել, որ եթե չեն ուզում, որ իրենց երեխաները մանկապարտեզում ցրտից փայտանան, ապա, սկսած նոյեմբեր ամսից, բացի մանկապարտեզի ամսական վարձից, պետք է ջեռուցման համար հավելյալ գումար վճարեն: Երեկ «Առավոտին» էին դիմել Արաբկիր համայնքի թիվ 11 մանկապարտեզի երեխաների ծնողներն ու վրդովված պատմում էին, որ ընդամենը մեկ ամիս առաջ է մանկապարտեզի վարձը 5 հազարից 8 հազար դրամ դարձել, հիմա էլ տնօրեն Նաիրա Գեւորգյանն իրենցից պահանջում է, որ բացի ամսավճարից, ամսական 2 հազար դրամ էլ ջեռուցելու համար տան: Ծնողներից մեկի խոսքերով՝ «Մանկապարտեզում երկու երեխա ունեմ: Ես ու ամուսինս այնքան գումար չենք վաստակում, որ միայն 20 հազար դրամ մանկապարտեզի վարձ տանք: Մի կերպ համաձայնեցինք, որ 3 հազարով վարձը բարձրացնեն, քանի որ չէինք կարող մեր երեխաների սննդի հաշվին խնայողություն անել: Էսպես որ գնա՝ երեւի մինչեւ տարեվերջ ամսական 15 հազար դրամ վարձ կպահանջեն»:

Ծնողներն «Առավոտին» տեղեկացրին նաեւ, որ թիվ 11 մանկապարտեզի տնօրենն իրենց զգուշացրել է, որ եթե ջեռուցման համար գումար չտան՝ ապա ստիպված կլինեն երեխաներին կեսօրից հետո տուն տանել, քանի որ թաղապետարանի տված գումարներն ու իրենց սեփական միջոցները բավարարում են միայն մանկապարտեզը մինչեւ կեսօր ջեռուցելու համար:

«Նախորդ ամիս, երբ մանկապարտեզի վարձերը բարձրացնելու առիթով տնօրենն էլի ժողով էր հրավիրել, խոստացավ, որ դա վարձերի վերջին թանկացումն է լինելու ու հատուկ նշեց, որ անգամ ձմռանը վարձերն անփոփոխ են մնալու, քանի որ թաղապետն արդեն ջեռուցման հարցը լուծել է»,- պատմում էին ծնողները: Նրանց հավաստմամբ՝ այդ ժողովից հետո, հաշվի առնելով թաղապետի աջակցությունն իրենց մանկապարտեզին՝ Ն. Գեւորգյանը մանկապարտեզում թաղապետ Հովհաննես Շահինյանին նվիրված հատուկ անկյուն է սարքել, որտեղ թաղապետին ուղղված ձոներ ու գովեստներ է փակցրել: Ծնողների պատմելով՝ նախորդ տարիներին մանկապարտեզի ջեռուցման հարցը լուծելու համար տնօրենը բավարարվում էր միայն լուսամուտների համար ցելոֆաններ ու բամբակ ուզելով, այս տարի նա պատճառաբանում է, որ եթե առավոտյան 6-ից մինչեւ երեկոյան 6-ը ջեռուցիչ միացնի, ապա այդ գումարի տակից չի կարող դուրս գալ:

Այս առնչությամբ Արաբկիրի թիվ 11 մանկապարտեզի տնօրեն Նաիրա Գեւորգյանն «Առավոտին» պարզաբանեց, որ ինքը ծնողներից ոչ մի կոպեկ էլ չի պահանջել, դեռ ավելին՝ հաշվի առնելով շատ ծնողների անվճարունակ լինելը, նրանց հնարավորինս ավելորդ ծախսերից զերծ է պահել: «Ծնողներն իրենք ինձ մոտեցան եւ խնդրեցին, որ վարձից մի քանի հազար դրամ ավելի հավաքեն, միայն թե վստահ լինեն, որ մանկապարտեզը լավ է ջեռուցվում եւ իրենց երեխաներն այնտեղ չեն մրսի: Ես էլ այդ առիթով ժողով եմ հրավիրել, որպեսզի հավաստիանամ, որ բոլոր ծնողներն էլ վճարունակ են եւ կողմ են այդ որոշմանը: Հասկանալի է, որ 305 երեխաների ծնողների մի մասը, անշուշտ, դժգոհ կլինի, սակայն բոլոր նրանք, ովքեր չեն կարող այդ 2 հազարը մուծել, ես պատրաստ եմ նրանց ընդառաջել»: Տիկին Գեւորգյանը հավաստիացրեց նաեւ, որ ինքը միշտ էլ ծնողների շահերն է պաշտպանել, որի վկայությունն այն է, որ օրերս Տիկնիկային թատրոնից իրեն խնդրել են մանկապարտեզում ներկայացում տալ, սակայն ինքը հասկանալով, որ այդ մի քանի հարյուր դրամը շատերի համար ինչքան մեծ նշանակություն ունի՝ մերժել է նրանց:

Արաբկիրի թաղապետարանից էլ «Առավոտին» տեղեկացրին, որ ջեռուցման համար գումար հավաքելու մասին թիվ 11 մանկապարտեզի տնօրենն իրենց տեղյակ է պահել, եւ որ այդ մանկապարտեզը ինքնուրույն հաշվեկշիռ ունեցող առեւտրային կազմակերպություն է ու կարող է նման հարցերը լուծել՝ ինչպես ցանկանա: Նրանց տեղեկացմամբ՝ մանկապարտեզի տնօրինությունն իրավասու է անգամ իր տարածքը վարձով տալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել