Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրագույն խմբում ՀՀ վարչապետն է

Նոյեմբեր 08,2007 00:00

Հարցման ենթարկված ՀՀ 2 հազար քաղաքացիների 67 %-ը վստահ է, որ նախագահական ընտրություններում հաղթելու է Սերժ Սարգսյանը:

Բրիտանական ComRes հարցախուզական ընկերության անցկացրած հարցումների համաձայն՝ Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններից չորս ամիս առաջ նախագահի թեկնածուների «հիթ-շքերթում» առաջին եւ անվիճելի տեղը զբաղեցնում է Սերժ Սարգսյանը:

Ընկերության ղեկավար Էնդրյու Հոգինսը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ֆուտբոլային լեզվով մեկնաբանելով նախագահացուների գրաված խմբերը՝ հայտարարեց, որ թեկնածուներից Սերժ Սարգսյանը գտնվում է բարձրագույն լիգայում, իսկ բոլոր մյուսները առաջին եւ երկրորդ խմբերում են: «Առավոտը» հետաքրքրվեց, թե բրիտանական այս ընկերությունը ուրիշ ո՞ր երկրներում է ընտրություններից մոտ չորս ամիս առաջ նման հարցումներ անցկացրել եւ արդյոք դրանց արդյունքում ստացվե՞լ է հայաստանյան իրավիճակին նման պատկեր: Պարոն Հոգինսի ներկայացմամբ, ընկերությունը նման հարցումներ անցկացրել է Ֆրանսիայում նախագահական ընտրություններից առաջ, Մեծ Բրիտանիայում, Արաբական միացյալ թագավորությունում եւ այլ երկրներում, սակայն որեւէ երկրում նախ՝ նախագահի թեկնածուներն այսքան շատ չեն եղել, որքան Հայաստանում, եւ երկրորդ՝ որեւէ երկրում թեկնածուներից մեկն այսքան առաջ չի եղել մյուսներից, որքան թեկնածու Սերժ Սարգսյանը:

Լրագրողի հարցին՝ իսկ իրենց հարցումները ընտրությունների արդյունքում քանի՞ %-ով են իրականանում, պարոն Հոգինսը պատասխանեց, որ ընտրության արդյունքը գրեթե միշտ համապատասխանում է հարցման արդյունքներին՝ մեկ-երկու % տարբերությամբ: Մենք նաեւ ուզեցինք ճշտել՝ Էնդրյու Հոգինսն անձամբ ճանաչո՞ւմ է մեր նախագահացուներից որեւէ մեկին։ Ասաց. «Ցավոք, ոչ մեկի հետ ծանոթ չեմ»: Սոցիոլոգների հարցին, թե ո՞ւմ օգտին կքվեարկեին, եթե ընտրությունը լիներ առաջիկա կիրակի օրը, հարցվածների 38%-ը տվել է Սերժ Սարգսյանի անունը: Երկրորդը Րաֆֆի Հովհաննիսյանն է՝ ընդամենը 13%-ով, նրան մեկ % է զիջում Արթուր Բաղդասարյանը: Գեղամյանը չորրորդն է՝ 8, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը հինգերորդն է՝ 6%-ով: Այնուհետեւ Վազգեն Մանուկյանն է՝ 5%, հետո Գագիկ Ծառուկյանը՝ 4%, հետո Տիգրան Կարապետյանն ու Վահան Հովհաննիսյանն են՝ դարձյալ 4%-ով, իսկ վերջին երեք տեղը մեկական %-ով զբաղեցնում են Արամ Կարապետյանը, Ստեփան Դեմիրճյանն ու Արմեն Ռուստամյանը:

Ըստ հարցման տվյալների, հարցման ենթարկվածների 52%-ը անհնարին է համարում Վրաստանի կամ Ուկրաինայի օրինակով գունավոր հեղափոխությունը Հայաստանում, իսկ 24%-ն այն կարծիքին է, որ հեղափոխության հավանականությունը կախված է իրավիճակից: Տեղեկատվական աղբյուրների ազդեցությունը թեկնածուների քարոզարշավի վրա հարցվողները գրեթե չեն կարեւորել: Ըստ 28%-ի՝ քարոզարշավը «որոշ ազդեցություն» կունենա, իսկ ըստ 57 %-ի՝ «ոչ մի»:

Ընտրողների մեծ մասը (հիշեցնենք, որ հարցումը կատարվել է 2 հազար քաղաքացու շրջանում) գտնում է, որ երկրի առաջ ծառացած հիմնախնդիրները կարող է լուծել Սերժ Սարգսյանը: Տնտեսության, սոցիալական հարցերի, անվտանգության ճանապարհների եւ ենթակառուցվածքների, ԼՂ հարցի, պատերազմի վտանգի դեմն առնելու, նույնիսկ Ցեղասպանության ճանաչման հարցում, հարցվողների որոշ տատանումներով, 35-40%-ը կարծիք է հայտնել, որ Սերժ Սարգսյանը կարող է այս հարցերը լուծել, մյուս թեկնածուները նրանից զգալի ետ են մնում: Միայն կոռուպցիայի դեմ պայքարի հարցում Սերժ Սարգսյանին գրեթե հավասար ձայներ է ստացել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Մեկ անգամ առիթ ենք ունեցել զարմանալու, որ մեր ընտրողները չեն հիասթափվել ընտրություններից, եւ եթե հավատանք բրիտանացի հետազոտողների հարցման արդյունքներին, ապա 56%-ը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել նախագահական ընտրությանը: Ընտրություններին մասնակցելու ամենից ավելի ակտիվ ցանկություն են ցուցաբերել Արագածոտնի մարզի բնակիչները՝ 89%, Տավուշի՝ 75 եւ Գեղարքունիքի՝ 74%, իսկ պասիվ են Կոտայքի՝ 43% եւ Արարատի մարզերը՝ 38%:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930