Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱՊԵՏԻ «ՄԱՏԸ ԽԱՌՆ Է»

Նոյեմբեր 08,2007 00:00

«Առավոտի» հոկտեմբերի 20-ի համարում «Մարդիկ կեղտաջուր են խմում» հրապարակման մեջ անդրադարձել էինք Արարատի մարզի Ոսկետափ գյուղի խմելու ջրի խնդրին, որում մասնավորապես նշվում էր, որ գյուղացիները որդերով ու կենդանիներով համեմված ջուր են խմում:

Սա մեզ հետ զրույցում չէր հերքել նաեւ գյուղապետ Սարգիս Աբրահամյանը, բայց մի քանի օր անց, իր ասածից փոշմանած, գյուղապետը հրաժարվել էր իր խոսքերից՝ մեր հրապարակումը համարելով «անհիմն»: Սակայն օրերս «Հայջրմուղկոյուղու»՝ Արարատի մարզը սպասարկող Կենտրոն-Արեւմտյան մասնաճյուղի տնօրեն Ֆելիքս Մելիքյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ Ոսկետափի ջուրը կեղտոտ լինելու հարցում նաեւ գյուղապետ Ս. Աբրահամյանն է մեղավոր:

Ըստ տնօրենի, 3 ամիս է, ինչ սպասարկում են Ոսկետափ գյուղի խմելու ջրի ներքին ցանցը. մինչ այդ այն շահագործել է գյուղապետը եւ 115 դրամի փոխարեն 1 խմ-ն 51 դրամով է ջուր ստացել. «Չգիտենք, թե ինչ միջոցներով է գյուղի ներքին ցանցը կառուցել, դա մենք նույնիսկ չենք էլ ընդունել, քանի որ խողովակը, որն օգտագործել են, շատ անորակ է, բացի այդ, մեզ հետ չի համաձայնեցրել տեխնիկական միջոցներն ու որակի սահմանված չափանիշները: Եվ չկարողանալով շահագործել, դիմում գրեց ու հրաժարվեց սպասարկումից՝ մեզ գցելով կրակը: Անընդհատ իր կառուցած հատվածում վթարներ են լինում»: Տնօրենի խոսքերով, Ոսկետափի գյուղապետի օրինակն աչքերի առաջ ունենալով՝ բոլոր գյուղապետերին նամակ են ուղարկել, որով խիստ զգուշացվում են, որ եթե ներքին ցանց անցկացնելիս «Հայջրմուղկոյուղու» թույլտվությունը չստանան՝ ընկերությունը դատի կտա:

Պրն Մելիքյանը չհերքեց, որ ջրի հետ կապված խնդիրներ ունեն, ավելին՝ նշեց, որ միայն Արարատի մարզում օրական ունենում են 300 վթար. «Խնդիրներ, իհարկե, ունենք, անմխիթար ցանց՝ ինչքան ասեք, այսօր Արարատ քաղաքին 2 ժամ ենք ջուր տալիս, Արտաշատին էլ տեխնիկական ջրով ենք կարողանում ապահովել»:

Ինչ վերաբերում է Ոսկետափի ջրի որակին, ապա, ըստ պարոն Մելիքյանի, ընկերությունը ավտոմատ կարգավորվող քլորակայաններ է կառուցել, որով ախտահանվում է ամբողջ ցանցը: Սակայն նկատենք, որ քլորը չի կարող չեզոքացնել ընկույզի մեծությամբ խողովակների անցքերից եկող գորտերը, մկները կամ ցեխաջրերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել