Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ կինոռեժիսորները չեն անտեսվում»

Նոյեմբեր 08,2007 00:00

Հավաստիացնում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆիլմերի ծրագրերի ղեկավար Մելիք Կարապետյանը:

Ազգային պատկերասրահի վերանորոգումից հետո, 2004թ. այնտեղ հիմնվեց կինոկենտրոն, իսկ 2005թ. մարտ ամսից սկսվեց տարբեր ժանրի ֆիլմերի կանոնավոր ցուցադրությունը: Նոյեմբերի 2-30-ը պատկերասրահի եւ «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճներում այդ կինոկենտրոնի նախաձեռնությամբ անցկացվում է 2004-2006թթ. եվրոպացի հայտնի կինովավերագրողների, այդ թվում՝ Պատրիցիո Գուզմանի, Գլեն Գուլդի, Վիլյամ Կարելի, Մարի Հելենի, Էլիզաբեթ Լըվրեի եւ այլոց աշխատանքների ցուցադրությունը:

«Առավոտը» քանիցս արձանագրել է, որ կինոկենտրոնի 110 տեղանոց դահլիճում, անգամ համբավավոր կինոռեժիսորների ֆիլմերի ցուցադրության ժամանակ, ներկա է եղել ընդամենը 15-20 հանդիսատես: Ասվածը հաստատեց նաեւ պատկերասրահի ֆիլմերի ծրագրերի ղեկավար Մելիք Կարապետյանը: Նա տեղեկացրեց, որ իրենք մշտապես համագործակցում են Հայաստանում ԱՄՆ-ի, Լեհաստանի, Իտալիայի եւ Ֆրանսիայի դեսպանատների հետ, հետո հավելեց. «Յուրաքանչյուր ամիս ցուցադրում ենք տարբեր ժանրերի ֆիլմեր, այս ամսվա ցուցադրությունն էլ կազմակերպված է Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ: Իհարկե, ոգեւորություն կա, բայց մի բան եմ նկատել: Օրինակ, երբ ժամանակին Ֆելինիի ֆիլմերի ամբողջական ցուցադրություն էինք կազմակերպել, դահլիճում յուրաքանչյուր օր կար ընդամենը 20 հանդիսատես: Ցավոք, հայերը ուզում են անպայման անձամբ տեսնել կինոգործչին, ինչպես դա եղավ Տոնինո Գուերայի դեպքում: Նրա ներկայությամբ Անդրեյ Տարկովսկու «Ճամփորդություն ժամանակի մեջ» ֆիլմի ցուցադրության ժամանակ ոչ միայն զբաղված էին բոլոր տեղերը, անգամ հանդիսասրահում կանգնելու տեղ չկար: Ընդ որում, Տարկովսկու նույն ֆիլմը մենք ցուցադրել ենք եւ այն դիտել է… 15 հանդիսատես»:

Իսկ հայաստանյան կինոաշխարհի մարդիկ հետաքրքրվա՞ծ են կինոկենտրոնի ծրագրերով: Այս առիթով էլ պարոն Կարապետյանը միայն նշեց, որ հանդիպելիս կինոգործիչներն իրենց ոգեւորությունն են արտահայտում, բայց միաժամանակ արդարանում, թե «ժամանակ չունենք հաճախելու»:

Ծրագրերի ղեկավարը հավաստիացրեց, որ իրենք աչքաթող չեն անում հայ կինոռեժիսորներին, օրինակ բերելով այն, որ այս տարվա մայիսին ցուցադրվել են ֆրանսահայ Ռոբեր Գեդիկյանի խաղարկային ֆիլմերը, 2005-ին մեկ ամիս շարունակ էլ՝ ֆիլմեր հայ կինոյի ոսկեֆոնդից: 2004-ին անցկացրել են հայկական համր ֆիլմերի ցուցադրություն: «Միայն մեկ պրոբլեմ կա. մենք տեխնիկապես հնարավորություն չունենք կինոժապավենով ցուցադրություններ կազմակերպելու, աշխատում ենք միայն DVD-ներով»,- նեղսրտեց Մ. Կարապետյանը: «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ իրենք չեն դիմում Հ1-ի եւ «Արմենիա» TV-ի ղեկավարությանը՝ հայ կինոռեժիսորների թվայնացված նկարները ձեռք բերելու եւ ցուցադրելու նպատակով, ծրագրերի ղեկավարն ասաց, որ առայժմ չեն դիմել, իսկ եթե այդ TV-ները տրամադրեն, ապա իրենք գոհ կլինեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930