Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՊԵՍ ԷՐ ՈՐՈՇԵԼ ՓԱԽՉԵԼ

Նոյեմբեր 08,2007 00:00

Այդ հետեւությանն են հանգել Չիկագոյում Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավարն ու հավաքականի գլխավոր մարզիչը:

Սիրողական բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը Չիկագոյում անցկացված աշխարհի առաջնությունից, որտեղ օլիմպիական երեք ուղեգիր էր նվաճել, տուն Է վերադարձել առանց 54 կգ քաշային Վաչագան Ավագյանի:

Քանի դեռ մեր պատվիրակությունը Ամերիկայում էր, մարզիկի անհետանալու հետ կապված տեղեկատվությունը սուղ էր: Չնայած դրան, «Առավոտն» այդ ընթացքում կարողացել է հնարավորին չափ առավել տեղեկատվություն հայթայթել: Հիմա թիմը վերադարձել է: Վաչագան Ավագյանի փախուստի մանրամասների մասին «Առավոտին» պատմեցին պատվիրակության ղեկավար, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը եւ հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը:

Դերենիկ Գաբրիելյան. «Հավաքականը մրցավայր հասել էր հոկտեմբերի 15-ին, իսկ ես եւ մրցավար Սուրեն Ղազարյանը մեկնեցինք ամսի 20-ին: Համաձայն Հայաստանի սպորտի ղեկավարների հետ ունեցած մեր պայմանավորվածության, Չիկագոյում բռնցքամարտիկների անձնագրերը պետք է լինեին ինձ մոտ: Տեղ հասնելով՝ ես պարոն Մեհրաբյանից անձնագրերն ուզեցի: Նա խնդրեց, որ դրանք առայժմ մնան իր մոտ, քանի որ կշեռքի ժամանակ անձնագրերը ներկայացվում են կազմակերպիչներին: Որպես պատվիրակության ղեկավար ու Եվրոպայի բռնցքամարտի ասոցիացիայի փոխնախագահ, ԱՄՆ-ում գտնվելու առաջին իսկ օրից անընդհատ զբաղված էի լինում. Միջազգային ֆեդերացիայի կոնգրես, տարբեր ժողովներ ու սեմինարներ, հազար ու մի խնդրի քննարկում եւ այլն: Կշեռքը եղավ հոկտեմբերի 23-ի առավոտյան, իսկ օրվա երկրորդ կեսին սկսվեցին մրցումները: Վաչագանը նույն օրը պարտվեց, իսկ հաջորդ օրը, մոտավորապես ժամը 16-ից 17-ի սահմաններում, արդեն անհետացել էր: Չհասցրի պարոն Մեհրաբյանից անձնագրերը ստանալ: Ոչ մեկիս մտքով չէր անցնում, որ այդ տղան կարող է այդպես վարվել: Համոզվելով, որ նա թիմի հետ չէ, դիմեցինք Չիկագոյի ոստիկանություն: Շատ էինք անհանգստացած, որ հանկարծ վատ բան պատահած չլինի: Զանգեցինք նաեւ Երեւան՝ ծնողներին: Բայց նրանք շատ տարօրինակ կերպով անհանգստացած չէին: Իսկ քույրը բառացիորեն ասաց. «Ի՞նչ եք խառնվել: Վաչիկն իրեն շատ լավ է զգում»: Հետո պարզվեց, որ մեկնել է Լոս Անջելես, ինչպես ինքն էր զանգել թիմակիցներին եւ մարզչին ու ասել, թե գնացել է ինչ-որ մտերիմ ընկերոջ հարսանիքին: Օգտվելով այն բանից, որ Ամերիկայի հայկական ալիքի աշխատակից, մարզական մեկնաբան Արամայիս Ղարիբյանը Չիկագո-Լոս Անջելես հեռուստակամուրջ էր կազմակերպել մեր հայրենակիցների հետ, դիմեցի բոլոր նրանց, ովքեր կարող են մարզիկի տեղն իմանալ, որպեսզի համոզեն՝ վերադառնա: Բայց, ինչպես տեսնում եք, անարդյունք: Ասում են, թե խոստացել է վերադառնալ դեկտեմբերի վերջերին, բայց ես մտածում եմ, որ նման մտադրություն չունի:

Ցավալի է, որ մարզիկը սխալ քայլ կատարելով խաղաց Հայաստանի հեղինակության հետ: Եթե ուզում էր մասնակցել ընկերոջ հարսանիքին, թող գնար իր հաշվին, այլ ոչ թե պետության փողերով: Եթե մնա, չգիտեմ, թե ինչով է զբաղվելու: Ամերիկայում էլ օրվա հացը վաստակելը հեշտ չէ: Գուցե մտքին կա պրոֆեսիոնա՞լ ռինգ տեղափոխվել: Ժամանակին նման մտադրություն ուներ Արտյոմ Սիմոնյանը, որը Վաչագանից ավելի բարձրակարգ բռնցքամարտիկ էր: Բայց համոզվելով, որ Ամերիկան, պրոֆեսիոնալ բռնցքամարտն իր տեղը չեն, վերադարձավ եւ հիմա այստեղ մարզիչ է աշխատում:

Ինձ հարցնում են, թե ինչպե՞ս է անձնագիրը հայտնվել նրա ձեռքին: Կարծում եմ, ամենաճիշտ պատասխանը կարող է տալ գլխավոր մարզիչը»:

Ռաֆայել Մեհրաբյան. «Այդ տղան անչափ վատ վարվեց: Երբեւէ չէի մտածի, որ ընդունակ է նման ստոր քայլի: Հավաքականի կազմում նա արտասահման շատ է մեկնել ու որեւէ բանում կասկածելու առիթ չի տվել: Ավելին, մի անգամ Ֆրանսիայում ինձ դիմեց երկու օրով այնտեղ բնակվող քրոջը հյուրընկալվելու խնդրանքով: Թողեցի: Եվ ճիշտ իմ ասած ժամին վերադարձավ: Երբ Չիկագոյում անհետացավ, չէինք կարողանում հասկանալ, թե անձնագիրն ինչպե՞ս է հայտնվել նրա մոտ: Դրանք ես պահում էի սեյֆում: Այդ չարաբաստիկ օրվա նախօրյակին կշեռքից հետո տեղում բոլորի անձնագրերը կրկին հավաքեցի ու այդ անգամ դրեցի սեղանի դարակում՝ մտածելով, որ ցերեկվա մրցումից հետո կդնեմ սեյֆում: Հաստատ տեսել էր: Երբ մենք մրցումների էինք, մոտեցել է հարկում հերթապահող ոստիկանին, ցույց տվել իր մասնակցի հավատարմագիրը եւ ասելով, որ մարզիչը մարզադահլիճում է, իսկ անձնագիրն իրեն պետք է, մտել է սենյակ ու տրցակի միջից իր անձնագիրը վերցրել:

Հիմա մտածում եմ, որ Վաչագանն Ամերիկայում մնալու մտադրություն վաղուց է ունեցել: Երբ Լոս Անջելեսից զանգահարեց, ասում էր՝ կներեք, գիտեմ, որ սխալ եմ վարվել, բայց իզուր եք ոստիկանություն դիմել, եթե անձնագիրս ուզեի՝ չէիք տա: Հիշեցրի Ֆրանսիան: Համոզում էի, որ ճիշտը հիմա հավաքական վերադառնալն է եւ միասին Հայաստան մեկնելը: Կտրականապես հրաժարվեց՝ ասելով, որ ընկերոջ հարսանիքին պետք է մասնակցի ու վիզայի ժամկետը հենց լրանալու լինի՝ կվերադառնա»:

Հ. Գ. Աշխարհի այս առաջնությունում Վաչագան Ավագյանի փախուստը միակը չէ: «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ իրենց հավաքականը լքել են նաեւ երկու ուգանդացիներ: Դերենիկ Գաբրիելյանը մեզ տեղեկացրեց նաեւ, որ Վրաստանը նույնպես երկու մարզիկի կորուստ ունի: Ընդ որում, նրանցից մեկը փախել է առանց անձնագրի: Ավելին, ըստ պարոն Գաբրիելյանի, վերադարձին Չիկագոյի օդանավակայանում պարզվել է, որ էլի երկրներ կային, որ ստիպված էին տուն վերադառնալ ոչ ամբողջական կազմերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել