Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր բեւեռը ձեւավորվել է

Նոյեմբեր 10,2007 00:00

Ասում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը

Երեկ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը «Հայելի» ակումբում, անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին, հայտարարել է, թե հակված չէ առաջադրել իր թեկնածությունը, որովհետեւ գիտակցում է, որ որեւէ թեկնածու ընտրություններին միայնակ մասնակցելու դեպքում հաղթելու շանս չունի, եթե այդ թեկնածուի նպատակը հաղթելն ու երկրում իրական փոփոխությունների հասնելն է: Նա կարեւորել է ընդդիմադիր դաշտում ուժեղ բեւեռի ձեւավորումը, որին ուղղված են նաեւ ՀԺԿ-ի ջանքերը՝ նկատելով, որ այդպիսի բեւեռ արդեն ձեւավորվում է ՀՀ առաջին նախագահի շուրջ: Նրա գնահատմամբ, այսօր հաղթելու ամենամեծ հնարավորություն ունեցող թեկնածուն ընդդիմադիր դաշտում Լեւոն Տեր-Պետրոսյանն է, թեեւ ՀԺԿ-ն առայժմ չի հայտնել իր պաշտոնական դիրքորոշումը նրան պաշտպանել-չպաշտպանելու հարցում: «Մենք կքննարկենք այդ հարցը ոչ հեռու ապագայում եւ մեր դիրքորոշումը հստակ կներկայացնենք»,- ըստ լրատվական գործակալությունների, հայտարարել է Ստ. Դեմիրճյանը:

Ինչ վերաբերում է Լ. Տեր-Պետրոսյանին, ապա ՀԺԿ նախագահն արձանագրել է, որ ՀՀ առաջին նախագահը ընդդիմադիր միակ թեկնածուն է, որն ունի ընդդիմադիր դաշտն ու հասարակությանը համախմբելու լուրջ ներուժ, եւ այդ համախմբման միտումն առկա է. «Շատ քաղաքական ուժեր, մտավորականներ արդեն իսկ սատարում են նրան, եւ ես գտնում եմ, որ Լ. Տեր-Պետրոսյանը վերաիմաստավորել է իր անցած ուղին եւ առաջադրվելով՝ կլինի բավականին ուժեղ թեկնածու: Ըստ իս, հիմնական պայքարը կլինի նրա եւ իշխանական թեկնածուի միջեւ»: Ստ. Դեմիրճյանի դիտարկմամբ, 10 տարվա լռությունից հետո մեր երկրի առաջին նախագահը քաղաքական դաշտին թարմություն է բերել, նաեւ համոզված է, որ նրա վարկանիշը դեռ աճելու մեծ միտում ունի: Անդրադառնալով տարատիպ սոցհարցումներին եւ մասնավորապես բրիտանական «Քոմրես» կազմակերպության եւ սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանի կողմից իրականացրած հարցման տվյալին, ըստ որոնց՝ Տեր-Պետրոսյանի վարկանիշը 6 տոկոս է, իսկ Սերժ Սարգսյանինը՝ 38, Ստ. Դեմիրճյանը ասել է՝ որեւէ մեկը չի կարող լուրջ վերաբերվել այդ տվյալին:

Խոսելով Լ. Տեր-Պետրոսյանի իշխանավարության տարիների մասին, որ այս օրերին խիստ արդիական է ու դարձել է գործող իշխանության եւ իշխանամետ ԶԼՄ-ների քննադատության թիրախ, ՀԺԿ նախագահը հիշեցրել է, թե չպետք է մոռանալ, որ հե՛նց առաջին նախագահի իշխանության օրոք է հայ ժողովուրդը հաղթել ղարաբաղյան պատերազմում՝ եւ հավելել է. «Չպետք է մոռանալ, որ նրա ղեկավարած տարիները բարդ ժամանակներ էին եւ, իհարկե, այդ օբյեկտիվ դժվարությունների պայմաններում հնարավոր էին նաեւ սխալներ, որոնց մասին Տեր-Պետրոսյանն ինքն էլ է լավ գիտակցում, եւ առաջիկա հանրահավաքին նա պատասխանելու է հասարակությանը հուզող այս եւ մյուս հարցերին»: Զուգահեռներ անցկացնելով այս օրերին Վրաստանում տեղի ունեցող եւ Հայաստանում 2004-ի ապրիլյան դեպքերի միջեւ՝ նա նկատել է, որ երկու դեպքում էլ իշխանությունները ժողովրդի հանդեպ ուժ են կիրառել, բայց եթե դրանից հետո Վրաստանի նախագահը, այնուամենայնիվ, որոշեց ընդառաջ գնալ ընդդիմությանն ու վրաց հասարակությանը եւ նախագահի արտահերթ ընտրություններ նշանակել, ապա Հայաստանում բարության մասին խոսող նախագահ Քոչարյանը ժողովրդի դեմ ուժ կիրառելուց հետո էլ չկատարեց ընդդիմության պահանջը՝ անցկացնել նախագահի վստահության հանրաքվե, որը 2003թ. ապրիլին ՍԴ-ի որոշման դրույթներից մեկն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել