Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՐԴԱՑԵՔ, ՆԱԽԱՆՁԵՔ, ԵՍ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՄ»

Նոյեմբեր 10,2007 00:00

Երեւանցի մի քանի տասնյակ երեխաներ այդ բանը չեն կարող ասել

«Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան եւ քաղաքացիության իրավունք»- սա «Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքի» 6-րդ հոդվածում է ամրագրված: Երեխայի ծննդյան փաստը, այս նույն օրենքի պահանջով, գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից: Երեւանի քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Սեդա Բարսեղյանի տվյալներով, սակայն, ներկայումս Երեւանում շատ երեխաներ ծննդյան վկայականներ չունեն: «Այս փաստը մենք արձանագրեցինք վերջերս քաղաքապետարանի առողջապահության վարչության հետ համատեղ անցկացված ուսումնասիրությունների արդյունքում: Այդպիսով, ըստ պոլիկլինիկաներից ստացված տվյալների, այսօր մայրաքաղաքում 0-13 տարեկան 176 երեխա ծննդյան վկայական չունի: Իհարկե, սա խնդրի ամբողջական պատկերը չէ»,- ասում է Ս. Բարսեղյանը եւ ավելացնում, որ խնդրին արագ լուծում տալու նպատակով դիմել են ՀՀ արդարադատության նախարարություն: Ծննդյան վկայական չունեցող երեխաներից շատերի ծնողներն իրենց հերթին չունեն անձնագրեր, մշտական բնակության վայր: Երեխաների մի մասն էլ արտերկրում կամ ՀՀ մարզերում են ծնվել եւ մի բնակավայրից մյուսը տեղափոխվելը նրանց համար ծննդյան վկայական ձեռք բերելու հարցում լրացուցիչ բարդություններ է առաջացրել: Բացի այդ, քիչ չեն նաեւ մայրերը, որոնք նախընտրում են ծննդաբերել տանը, ինչի արդյունքում նույնպես երեխան հաճախ առանց ծննդյան վկայականի է մեծանում: «Մեզ արդարադատության նախարարությունից խոստացել են, որ քաղաքացիական ակտերի գրանցման բոլոր վարչություններին հրահանգ կիջեցվի, համաձայն որի՝ վերջիններս հնարավորինս կաջակցեն մեր քաղաքացիներին ծննդյան վկայականներ ձեռք բերելու հարցում»,- ասում է տիկին Բարսեղյանը: Նկատենք, որ ծննդյան վկայականի բացակայությունը հետագայում կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ երեխային կրթության, առողջապահության համակարգից օգտվելու, պետության սահմաններից դուրս գալու, անձնագիր ձեռք բերելու եւ մի շարք այլ հարցերում: Չմոռանանք, որ առանց անձը հաստատող փաստաթղթի՝ մարդը, փաստորեն, նաեւ դուրս է մնում զինվորական հաշվառումից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել