Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԸ ԱՌԱՔՎԵԼՈՒ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐՈՎ

Նոյեմբեր 24,2007 00:00

Կրպակների ցուցափեղկերում թերթը երեւացող տեղում ցուցադրելու համար խմբագրությունները պետք է ավելի շատ վճարեն:

«Երբ թերթերին առաջարկում ենք տպաքանակը նվազեցնել, քանի որ լավ չեն վաճառվում եւ ստիպված ենք լինում վերադարձնել, չեն համակերպվում, մտածում են՝ մենք իշխանության պատվերն ենք կատարում: Սակայն մենք պարզապես անհանգստանում ենք մեր բիզնեսի տեսանկյունից: Եթե թերթը տպագրվում է 4000 տպաքանակով, բայց մեր կրպակներում վաճառվում է ընդամենը 1500 օրինակ, մեզ ձեռնտու չէ թերթերը վերադարձնել խմբագրություններին: Ավելի տպաքանակի դեպքում ստիպված ենք լինում ավելի աշխատողներ պահել, որոնք պետք է հաշվեն վերադարձվող թերթերը: Բացի այդ, մեծ պահեստ ենք վարձում այդ թերթերը պահելու համար»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Պրես Ստենդ» ընկերության ֆինանսական տնօրեն Գուրգեն Սարուխանյանը: Այս ընկերությունն արդեն 1,5 ամիս է՝ ստանձնել է «Հայմամուլի» պարտականությունները եւ այս ոլորտում նախատեսում է իրականացնել մի շարք փոփոխություններ: «Հայմամուլը» գնելու գաղափարը եղել է ընկերության տնօրեն եւ սեփականատեր Արման Սահակյանինը: Ըստ Գ. Սարուխանյանի՝ քանի որ Ա. Սահակյանը նաեւ «Բիզնես կլաս», «90 րոպե» եւ «Կապիտալ» պարբերականների սեփականատերն է, իր անձնական փորձով տեսել է, որ բախշման գործընթացն արդյունավետ չի կատարվում, ուստի որոշել է ինքը զբաղվել տպագիր մամուլի առաքմամբ. «Արմանը որոշեց եվրոպական ստանդարտներին համապատասխան ընկերություն բացել: Այդ ստանդարտները պահպանելու համար էլ Հայաստանի բոլոր մարզերում 1,5 տարվա ընթացքում ընկերությունը նախատեսում է բացել 400-500 թերթի կրպակ»: Այս պահին հանրապետության ողջ տարածքում գործում է «Հայմամուլից» ժառանգած 213 կրպակ: Քանի որ Երեւանի կենտրոնում թերթի կրպակների մեծ մասը սեփականաշնորվել է, ուստի ընկերությունն առաջին հերթին կրպակներ կտեղադրի մայրաքաղաքի կենտրոնում:

Մեր այն հարցին, թե պարբերականներից շատերը «ձախ» շրջանառություն ունեն եւ իրենց եկամուտները գոյանում են թերթերի «ձախ» վաճառքից, այդ դեպքում «Պրես Ստենդը» ինչպե՞ս է վերահսկելու դա, պարոն Սարուխանյանը պատասխանեց. «Մենք բանակցություններ ենք վարում թերթերի ղեկավարների հետ, որ այդ «ձախ» եկամուտների դաշտը կարգավորենք: Մենք նրանց ասում ենք՝ ամբողջ տպաքանակը մեզ տվեք, մենք, միեւնույն է, ձեր եկամուտները ձեզ կտանք, մենք չենք ցանկանում, որ այդ «ձախը» ընդհանրապես առաջարկվի կրպակավաճառներին: Արդեն 30 կրպակավաճառ աշխատանքից հեռացվել է, քանի որ «ձախ» վաճառողների հետ գործարքի մեջ է մտել: Մենք շահագրգռված ենք, որ մաքուր աշխատենք, ուստի բոլոր կրպակի աշխատողներին շատ ուշադիր հետեւում ենք: Մշակել ենք բոնուսային համակարգ, ըստ որի՝ մեր վաճառողները պետք է շահագրգռված լինեն ավելի շատ թերթ վաճառել, քանի որ դրանից է կախված լինելու նրանց աշխատավարձը»: Գ. Սարուխանյանի ներկայացմամբ, նաեւ փոխել են պարբերականների բաշխման կառուցվածքը. այսուհետեւ դրանք կբաժանվեն ոչ թե մասնաճյուղերի, ինչպես անում էր «Հայմամուլը», այլ՝ տարածքային ղեկավարների միջոցով: Այս ղեկավարներն էլ վերահսկում են կրպակների աշխատանքը: Մեր այն դիտարկմանը, թե այդ դեպքում «ձախ» շրջանառվող թերթերը կվաճառվեն «Հայփոստում» կամ էլ շրջիկ լրագրավաճառների միջոցով՝ այդ կերպ վնասելով «Պրես Ստենդի» գործունեությանը, Գ. Սարուխանյանն ասաց. «Դրսի լրագրավաճառները մեծ թվով թերթեր չեն վաճառում, ուստի չեն կարող մեզ խանգարել, իսկ «Հայփոստը» մեզ նման մաքուր է աշխատում, մենք նրան դիտարկում ենք որպես մրցակից»:

Գ. Սարուխանյանը նշեց, որ «Պրես Ստենդը» պատրաստվում է գնել «Հայմամուլ» ապրանքանիշը եւ կրպակների վրա թողնել հենց այդ անվանումը: Իսկ թե «Հայմամուլի»՝ թերթերին պարտք մնացած գումարներն այս ընկերությունը վերադարձնելո՞ւ է մեր հարցին պարոն Սարուխանյանն ասաց. «Մենք իրավահաջորդ չենք, մենք գնել ենք միայն ակտիվները: Որպես ֆինանսիստ, ես խիստ դեմ էի այդ գծով էլ ժառանգորդ լինել, քանի որ այդ դեպքում հնարավոր է նոր պարտատերեր հայտնվեին: Մենք դեռ մեկ ամիս ենք աշխատում, բայց արդեն մեխանիզմը մշակել ենք, ինչպես տալ թերթերի գումարները՝ մենք շաբաթվա կտրվածքով ենք տալու գումարները, որպեսզի չկուտակվի»: Նշենք նաեւ, որ այս ընկերությունը մշակել է, թե կրպակի որ մասում որ թերթը պետեք է դրվի: Ցուցափեղկի ամեն սմ-ն, ըստ Գ. Սարուխանյանի, գումար արժե, եթե թերթերի տնօրենները ցանկանում են, որ իրենց թերթը լինի երեւացող տեղում, պետք է դրա համար վճարեն: Բացի այդ, ընկերությունը տասը «Ռենո» մակնիշի մեքենաներ է բերել, որպեսզի թերթերը մարզեր ավելի արագ առաքվեն: Ինչ վերաբերում է թերթերի գների ավելացմանը, պարոն Սարուխանյանն ասաց, որ «դա կլինի փոխադարձ համաձայնությամբ, դեռ բանակցում ենք խաչբառների գները բարձրացնելու կամ էլ տպաքանակը կրճատելու շուրջ, իսկ թերթերի հետ կբանակցենք հաջորդ տարի: Մենք նախատեսում ենք ֆիլտրացիա անել, որպեսզի վաճառենք վաճառվողը»:

«Առավոտի» տնօրեն Պետրոս Պետրոսյանն էլ վստահեցրեց, որ այս 1,5 ամսվա ընթացքում, ինչ նշված ընկերության հետ են աշխատում, որեւէ խնդիր չի առաջացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել