Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ՝ «ՉԵՅՆՋ» ԹԱԼԱՆՈՂՆԵՐԻՆ

Նոյեմբեր 24,2007 00:00

Ըստ փաստաբանի, բանդիտիզմի հանցակազմ չկա

Անցյալ տարի հունվարին, մայրաքաղաքի կենտրոնում գտնվող փոխանակման կետերի վրա զինված հարձակում իրականացնելու համար ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց Վրաստանի քաղաքացիներ Անդրանիկ Թորոսյանի, Նուգզար Խոսիտաշվիլու, Կարեն Դավթյանի եւ Հայաստանի քաղաքացի Սերգեյ Մովսիսյանի նկատմամբ կայացված՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճիռը, ըստ որի՝ ցմահ ազատազրկման դատապարտվեցին Սերգեյ Մովսիսյանը եւ Անդրանիկ Թորոսյանը, իսկ Նուգզար Խոսիտաշվիլին՝ 14 տարվա, Կարեն Դավթյանը՝ 13 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ նրանք գումար հափշտակելու նպատակով ավազակային հարձակում էին գործել Ազատության պողոտայում եւ Բաղրամյան փողոցում գտնվող «Յուգավիա» եւ «Աերոէքս» ընկերությունների տարածքներում գործող փոխանակման կետերի վրա, եւ նրանց գործողությունների արդյունքում՝ հրազենային կրակոցից եւ դանակի հարվածներից մահացել էր փոխանակման կետերից մեկի աշխատակիցը՝ Արթուր Մկրտչյանը:

Նախաքննությամբ պարզվել էր, որ 2006-ի հունվարին Անդրանիկը իր ընկերոջ՝ Կարենի հետ եկել է Երեւան՝ իր հետ բերելով ապօրինի ձեռք բերված զենք, որը պետք է օգտագործվեր անհուսալի պաշտպանություն ունեցող փոխանակման կետերի վրա հարձակման եւ գումար հափշտակելու նպատակով: Տղաներն այստեղ հանդիպում են իրենց ծանոթներին՝ Սերգեյ Մովսիսյանին եւ Հայկ Սարգսյանին եւ նրանց հայտնում իրենց մտադրությունը, ապա վերջիններիս հետ ստեղծում են զինված ավազակային խումբ՝ բանդա, մշակում գործողությունների ծրագիր եւ կատարում դերաբաշխում: Անդրանիկը՝ հրազենով, Սերգեյը՝ դանակով զինված, ինչպես նաեւ Կարենը՝ դիմակավորված, մտնում են «Աերոէքսի» փոխանակման կետ: Սերգեյը նախ հարվածով գետնին է տապալում «չեյնջի» աշխատակից Վահե Անտոնյանին եւ պահանջում չշարժվել, իսկ Անդրանիկը՝ հրազենի սպառնալիքով, փոխանակման կետի տաղավարից դուրս է հանում Արթուր Մկրտչյանին՝ գումար հափշտակելու գործը թողնելով Կարենին: Մինչ վերջինս կավարտեր իր գործը, Արթուրը փորձում է կանխել հանցագործությունը եւ հարձակվում է Անդրանիկի վրա: Վերջինս անակնկալի գալով՝ կրակում է Արթուրի վրա, իսկ Սերգեյն «օգնության» է հասնում ընկերոջը եւ դանակի մի քանի հարված հասցնում տուժածին, ինչի հետեւանքով Արթուր Մկրտչյանը մահանում է: Հանցախմբի անդամները լքում են հանցագործության վայրը եւ ուղեւորվում Թումանյան փողոց, որտեղ նախնական պայմանավորվածության համաձայն, պետք է տաքսի մեքենայի մեջ սպասեր Հայկը եւ ապահովեր նրանց փախուստը, ինչն էլ անում է:

Սակայն անհաջող ու չկանխատեսված իրադարձություններն ու չափազանց քիչ ավարը չի գոհացնում խմբի անդամներին, եւ նրանք որոշում են ավելի կազմակերպված եւ արդյունավետ գործելու համար Երեւան հրավիրել Վրաստանի քաղաքացի, նախկինում բանդիտիզմի համար դատապարտված Նուգզար Խոսիտաշվիլուն: Վերջինս օրեր անց ժամանում է Երեւան՝ իր հետ բերելով ապօրինի ձեռք բերած «Մակարով» ատրճանակ, եւ որոշում են այս անգամ կողոպտել Ազատության պողոտայի սկզբնամասում գտնվող «Յուգավիա» ընկերության տարածքում գործող «չեյնջը»: Նախ՝ գումար փոխանակելու, իրականում՝ գումարի առկայությունը ստուգելու նպատակով Հայկը մտնում է փոխանակման կետ, որից հետո գրեթե նույն սցենարով՝ դիմակավորված եւ զինված Սերգեյը, Նուգզարն ու Անդրանիկը, մտնում են փոխանակման կետ եւ մեկուսացնելով ընկերության տարածքում գտնվող աշխատակիցներին՝ այնտեղից հափշտակում են մոտ 5, 5 մլն դրամին համարժեք արտարժույթ եւ աշխատակիցների բջջային հեռախոսները: Դրանից հետո նրանք շտապում են Բաբայան փողոց, որտեղ նրանց սպասում էր Հայկ Սարգսյանը՝ տաքսի մեքենայում: Խմբի անդամները իրենց ավարը բաժանում են միմյանց միջեւ, սակայն օրեր անց ձերբակալվում են: Ցմահ դատապարտվածներին՝ Անդրանիկ Թորոսյանին եւ Սերգեյ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվում բանդիտիզմի, ապօրինի զենք պահելու, կրելու (Ա. Թորոսյանին՝ նաեւ մաքսանենգ ճանապարհով զենք տեղափոխելու), շահադիտական նպատակներով եւ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն իրականացնելու համար, Նուգզար Խոսիտաշվիլուն՝ մաքսանենգության, ապօրինի զենքի, բանդիտիզմի, իսկ Կարեն Դավթյանին՝ բանդիտիզմի եւ մաքսանենգության համար (նա զենքի խլացուցիչ էր սահմանով անցկացրել):

Անդրանիկ Թորոսյանի պաշտպան Սիրանույշ Հարությունյանը համաձայն չէր դատավճռի հետ. «Անարդար էր, որովհետեւ …կարծում ենք, որ բանդիտիզմի հանցակազմ չկար: Առկա էր ընդամենը ավազակային խմբի կողմից ավազակային հարձակում եւ բոլոր հիմնավոր ապացույցները ներկայացվել էին… Չափազանց խիստ դատավճիռ էր, որովհետեւ իմ կողմից ներկայացվեցին վճռաբեկ դատարանի 2004-ի նախադեպային որոշումներ… զուտ պատժի առումով նախադեպ կիրառելու համար. եթե 104 հոդվածով վճռաբեկ դատարանը որոշել էր, որ 14 կամ 13 տարվա ազատազրկումը կարելի է թողնել անփոփոխ՝ անկախ ներկայացված բողոքներից, այսինքն առաջին ատյանի եւ վերաքննիչի դատավճիռները մնացին անփոփոխ վճռաբեկի որոշմամբ, որովհետեւ վճռաբեկը գտավ, որ սահմռկեցուցիչ սպանություն էր կատարվել, երբ դանակի բազմաթիվ հարվածներով, երկու հոգով, նախապես պլանավորած, դիտավորությամբ սպանել էին, այնուհետեւ պարանոցը կտրել ու մորթել էին, հետո նռնակը դրել էին տակն ու պայթեցրել, որպեսզի դիակը մնա անճանաչելի, վճռաբեկը որոշել էր, որ 13 եւ 14 տարին երկուսի համար համաչափ պատիժ է, իսկ այս դեպքում ունենք փաստ, որ ընդամենը եղել է պատահական կրակոց, որովհետեւ փոխադարձ քաշքշոցի ընթացքում էր ձգանը քաշվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել