Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի ամենատարօրինակ դատական գործերը

Նոյեմբեր 24,2007 00:00

Դատի են տալիս Աստծուն, հեռուստատեսությանը

«Առավոտը» ներկայացնում է դատաիրավական ոլորտի զավեշտալի պատմությունների գիտակ եւ հավաքող, պրոֆեսոր Գարի Սլեպպերի հավաքածուի առավել զվարճալի դրվագներից:

2004 թվականին ԱՄՆ-ի Ֆոնդ-դյու-Լաք քաղաքի բնակիչ Թիմոտի Դյումուշելը դատի էր տվել հեռուստակայաններից մեկին. «Ես ամեն օր ծխում եմ եւ խմում, իմ կինը գիրացել է եւ տառապում է ավելորդ քաշից, իսկ երեխաներս դարձել են ալարկոտ: Նրանք ողջ օրը զբաղված են միայն հեռուստաալիքները պտտելով: Այդ ամենի պատճառն այն է, որ վերջին չորս տարվա մեջ մենք միայն հեռուստացույց ենք դիտում եւ ուրիշ ոչինչ»: Այդ գործով զբաղվեց երկու փաստաբան, սակայն այն գերագույն դատարան այդպես էլ չհասավ:

2005 թվականին 31-ամյա բրազիլացի մի կին դատի էր տվել իր 38-ամյա սիրեկանին՝ մեղադրելով, որ նա սեռական բավարարվածությունը չի ապահովում: Դատաքննության սկիզբը շատ խոստումնալից էր, սակայն դատարանն էլ չբավարարեց հայցվորին եւ հրաժարվեց գործը քննել:

2005 թվականին ռուսաստանցի աստղագուշակ Մարինա Բայը դատի տվեց NASA –ին՝ տիեզերքի հետազոտման ԱՄՆ ազգային կենտրոնին: Հայցվորը գտնում էր, որ NASA-ն խախտել է տիեզերական ուժերի բնական հավասարակշռությունը: Նա պահանջում էր 165 մլն ֆունտ ստեռլինգ փոխհատուցում: Ըստ Մարինայի, NASA-ի ուղարկած Deep Impact տիեզերական զոնդը՝ փորձանյութ վերցնելու նպատակով, տիեզերքում բախվել է գիսաստղի, ինչի արդյունքում տեղի է ունեցել տիեզերական «ահաբեկչություն»: Գործի վարույթը գտնվում էր մոսկովյան դատարաններից մեկում: Չնայած անցկացվել են լսումներ, սակայն հետագայում հայցը մերժվել է:

2006 թվականին Նեւադա նահանգի գերա գույն դատարանը հաստատել է Լաս-Վեգասում ընդունված այն որոշումը, ըստ որի՝ արգելվում է մերկապարուհիներին «ծնկների վրա պարի ժամանակ» շոյել ստրիպ-բարերի այցելուներին: Վեճն այն մասին էր, որ տեղական օրենքը ձեւակերպված է չափազանց անորոշ, ինչի հետեւանքով իրականում հնարավոր է այն սխալ ընկալել: Որոշման մեջ գրված էր. «Բարերում ծառայություններ մատուցողներից ոչ ոք իրավունք չունի շոյել կամ փաղաքշել հաճախորդներին՝ սեռական գրգռվածություն առաջացնելու նպատակով»: Իրավաբանները մանրախնդրորեն քննարկեցին. արդյոք պարուհիների՝ հաճախորդին պատահական դիպչելը կարո՞ղ է դիտարկվել որպես փաղաքշանք եւ խախտվո՞ւմ է տվյալ դեպքում օրենքը, թե՞ ոչ: Դատարանը հայտարարել է, որ «օրենքի պահապաններն» ի վիճակի են սեփական փորձից ելնելով տարբերել պատահական հպումը փաղաքշանքից եւ արդյունքում որոշումը ճանաչվեց օրինական:

1874 թվականին Կանադայի քաղաքներից մեկի դատավոր Ֆրենսիս Էվանս Կորնիշը ստիպված էր դատել ինքն իրեն՝ հարբած վիճակում հասարակական վայրում հայտնվելու մեղադրանքով: Նա ինքն իրեն ճանաչել է մեղավոր եւ տուգանել 5 դոլարով, գումարած դատական ծախսերը: Հետագայում նա տուգանքը չեղյալ է հայտարարել՝ հաշվի առնելով մեղմացուցիչ հանգամանքը, այն, որ անցյալում եղել է օրինավոր մարդ:

2005 թվականին սպանության համար 20 տարով ազատազրկման դատապարտված մի ռումինացի դատի է տվել Աստծուն՝ պնդելով, որ խախտվել են իրենց երկուսի միջեւ կնքած պայմանագրի կետերը: Հայցվորի խոսքերով՝ «մկրտվելու ժամանակ նրանք եկել են համաձայնության, ըստ որի՝ աղոթքների դիմաց Աստված պարտավորվել է պահպանել իրեն անհաջողություններից»:

26-ամյա Քեթի Մակգոուենը անասելի ուրախացավ, երբ «Ռադիո Բաքսթոն» ռադիոկայանի հաղորդավարը հայտարարեց, որ նա ճիշտ է պատասխանել խաղ-վիկտորինայի հարցին եւ «Ռենո» մակնիշի ավտոմեքենա է ստանում մրցանակ: Սակայն ուրախությունը վերածվեց զայրույթի, երբ հասնելով ռադիոկայան, նրան հանձնեցին ավտոմեքենայի 4 դյույմանոց մոդելը: 2001 թվականին Մակգոուենը դիմեց դատարան, արդյունքում վճռվեց, որ ռադիոկայանը (որը, ի դեպ, հետագայում փակվեց) կնքել է ռադիոլսողի հետ օրինական պայմանագիր եւ պարտավոր է հայցվորին մուծել 8 հազար ֆունտ՝ իսկական ավտոմեքենայի ձեռքբերման համար:

2006 թվականին չինացի մի երիտասարդ ընկավ դատական քաշքշուկի մեջ այն բանի համար, որ առանց իրավաբանի հետ խորհրդակցելու՝ ինտերնետ-աճուրդներից մեկում վաճառքի է հանել իր հոգին: Կայքի ադմինիստրացիան ստիպված է եղել հայտը ջնջել՝ խոստանալով վերականգնել, երբ տղան ներկայացնի հոգին վաճառելու գրավոր թույլտվությունը «բարձրագույն ատյանից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել