Լրահոս
Օրվա լրահոսը

15 ՔՄ-ՈՒՄ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՅՈԹ ՀՈԳՈՎ

Նոյեմբեր 24,2007 00:00

Տասը տարի է՝ Կարախանյանների ընտանիքն ապրում է առանց լույսի, ջրի ու անգամ զուգարանի

\"\"Սա տնակի բնակիչների «լոգարան-զուգարանն» է. այստեղ նրանք ե՛ւ լողանում են, եւ լվացք անում, ե՛ւ օգտագործում որպես զուգարան:

\"\"Գոհարի 2 մանուկները մեծանում են նման անմարդկային պայմաններում:

\"\"5-ամյա Գալուստը մեր այցելության առիթով շատ էր ուրախացել եւ մեզ ցույց էր տալիս իր փոքրիկ շունն ու մաշված խաղալիքները:

ՀՀ իշխանությունների արձանագրած 13 տոկոս տնտեսական աճն իր վրա ոչ մի կերպ չի զգում սարսափելի պայմաններում ապրող Կարախանյանների ընտանիքը: 7 անձից բաղկացած ընտանիքը բնակվում է ընդամենը 15 քմ-ում՝ կենցաղային պայմաններից զուրկ տնակում: Նրանց կացարանը տեղակայված է Թբիլիսյան խճուղու վերջնամասում՝ ամայի հողատարածքում:

21-րդ դարում այս մարդիկ ոչ լույս ունեն, ոչ ջուր, բնական կարիքներն էլ հոգում են դրսում՝ թփուտների տակ, ինչի հետեւանքով տնակի շուրջը հակահիգիենիկ վիճակ է տիրում: Ընտանիքի մայրը՝ Գոհար Սարգսյանը, նման անմարդկային ու հակասանիտարական պայմաններում 2 երեխա է մեծացնում: Նրա որդիներից մեկը՝ Գալուստը, 5 տարեկան է, իսկ Էռնեստը՝ 9 ամսական: Գումար չունենալու պատճառով Գալուստը մանկապարտեզ չի հաճախում: Մոր պատմելով՝ «նա առավոտից իրիկուն փողոցում է խաղում»: Գ. Սարգսյանը մի դուստր էլ է ունեցել, որը մի քանի տարի առաջ մահացել է: Գոհարի խոսքերով. «Երեխան քնեց ու այլեւս չարթնացավ: Բժիշկներն ասացին, որ սիրտն է կանգնել»: Գոհարն իր առաջին ամուսնությունից Լուսինե անունով 7 տարեկան մի աղջիկ էլ ունի, որին, սակայն, մայրը հանձնել է մանկատուն, քանի որ երեխան չի հարմարվել երկրորդ ամուսնու հետ. «Մանկատնից էլ աղջկաս հետ վերցրեց մայրս եւ իր հետ տարավ Ռուսաստան: Ինձ էլ էր ասում՝ արի, սակայն ես ինչպե՞ս ամուսնուս թողնեի, տղամարդը մենակ չի կարող մնալ»: Գ. Սարգսյանը ծնունդով Վանաձորից է, ապրում է ամուսնու, հաշմանդամ տալի, սկեսրայրի, տագերոջ եւ 2 որդիների հետ: Տարիներ շարունակ ընտանիքի անդամները ջուրը կրում են մի քանի հարյուր մետր հեռավորությունից, լցնում ժանգոտած տարայի մեջ, որպեսզի գոնե մի քանի օր օգտագործեն: Տնակի շուրջբոլորը մաշված կոշիկներ, կեղտոտ հագուստ, ջարդուխուրդ եղած տեխնիկա էր թափթփված: Բնակարանում անգամ 1 սմ տեղ չլինելու պատճառով ամռանը տան խոհանոցը տեղափոխվում է դուրս ու չնայած շրջապատում տիրող հակասանիտարական վիճակին՝ դրսում են ճաշ պատրաստում, լվացք անում:

Տանտերերի պատմելով, ձմռանը տնակում վառարան են տեղադրում եւ տաքանում՝ ողջ ամառ այստեղից-այնտեղից հավաքած փայտե եւ պլաստմասսայե անպետք իրերով: Գոհարի սկեսրոջ՝ 65-ամյա Մանուկ Կարախանյանի խոսքերով. «Աղջիկս հոգեկան հիվանդ է, որի համար ընդամենը 4000 դրամ է ստանում, բայց նա շատ հաճախ է բժշկական օգնության կարիք ունենում, իսկ դա անվճար չէ: 4000 դրամով միայն մի քանի օրվա հաց ենք կարողանում գնել: Ես էլ 12 հազար դրամ թոշակ եմ ստանում: Այդքան չնչին գումարով անհնար է յոլա գնալ»: Գոհարի ամուսինը մշտական աշխատանք չունի: Ընտանիքին կերակրելու համար նա փողոցներից գունավոր մետաղներ է հավաքում ու հանձնում:

Նշենք նաեւ, որ վերջերս Կարախանյանների տնակը տեղափոխվել է մի քանի հարյուր մետր այն կողմ, քանի որ տարածքը վաճառվել է: Այդ հատվածում բոլոր ազատ հողատարածքներն էլ վաճառքի ենթակա են: Շուտով ընտանիքը ստիպված է լինելու, տնակով հանդերձ, այդ տարածքն էլ լքել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել