Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊՈՐՏՈՒՄ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱՆ

Դեկտեմբեր 19,2007 00:00

\"\"ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանն «Առավոտի» հետ հարցազրույցում ամփոփում է անցնող տարին եւ խոսում 2008 թվականի ծրագրերի մասին:

– Պարոն Գրիգորյան: Շուրջ հինգ ա միս է, ինչ ղեկավարում եք սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Որո՞նք են ոլորտի առջեւ դրված առաջնային խնդիրները:

– Երկար տարիներ ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը վարչության կարգավիճակով որպես կցորդ գտնվել են մշակույթի նախարարության համակարգում: 2003 թվականին ոլորտին տրվեց պետական կոմիտեի կարգավիճակ: Դա առաջընթաց քայլ էր, ինչը ինքնուրույն աշխատելու, ռազմավարություն մշակելու հնարավորություն ընձեռեց: Ամենակարեւոր քայլը, որ այդ ընթացքում արվել է՝ օրենսդրական դաշտ մտնելն էր: Այս տարի ոլորտին տրվեց նախարարության կարգավիճակ, որով բազմապատկվեցին թե՛ պարտականությունները եւ թե՛ իրավունքները: Հիմա մենք շարունակում ենք իր ուղին հարթած քաղաքականությունը՝ անհրաժեշտ փոփոխություններով ու խմբագրումներով: Սպորտն աշխարհում շատ արագ է զարգանում: Ու մեր խնդիրն այդ տեմպերից հետ չմնալն է:

Սպորտում երկրորդական խնդիրներ չկան: Բոլորն էլ կարեւոր են: Նույն օրենսդրական դաշտում ժամանակի թելադրանքով հիմա պատրաստվում ենք որոշ դրույթների փոփոխություններ եւ լրացումներ կատարել: Առաջարկների փաթեթն արդեն ԱԺ-ում քննարկումների փուլում է: Լուրջ աշխատանք է կատարվում միջազգային կապերի ընդլայնման ուղղությամբ, առանց որի՝ կայուն հաջողությունների մասին մտածելն էլ անիմաստ է: Արդեն քանի տարի արդյունավետ համագործակցում ենք Ռուսաստանի հետ: 2007-ին պայմանագրեր ենք ստորագրել Իրանի, Բուլղարիայի հետ, իսկ հիմա Չինաստանի, Հնդկաստանի եւ այլ երկրների հետ համագործակցության փաստաթղթերը նախապատրաստական փուլում են: Ու այս աշխարհագրությունն ընդլայնվում է: Մասնավորապես, մենք եւ Բուլղարիան շեշտը դրել ենք մանկապատանեկան սպորտի զարգացման վրա՝ նաեւ նկատի առնելով, որ 2010 թվականին առաջին անգամ անցկացվելու են պատանեկան օլիմպիական խաղեր:

Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, թիվ մեկ խնդիրը ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը ազգաբնակչության լայն խավերում տարածելն ու արմատավորելն է: Որքան շատ մարդ զբաղվի սպորտով, հասարակությունն այնքան ավելի առողջ կլինի: Բացի դա, մասսայականությունն է վարպետության եւ ապագա հաղթանակների գրավականը: Հանրապետության ամբողջ տարածքում շարունակվում է մարզական շինարարությունը: Այսօր ունենք հիմնանորոգված 40 մարզադպրոց եւ ակումբ՝ ապահովված ժամանակակից գույքով, շուրջօրյա ջեռուցմամբ եւ անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Եկող տարի կշահագործվի եւս 12 մարզադպրոց: Վստահաբար կարող եմ ասել, որ 4-5 տարի հետո հանրապետության ամբողջ տարածքում կունենանք հարյուր տոկոսանոց նյութատեխնիկական բազա: Վերջին տարիներին մեծ տարածում են գտել նաեւ ֆիթնեսի, շեյփինգի եւ նմանատիպ այլ ակումբները:

– Որ մարզադպրոցներ են շահագործվում, դա, անշուշտ, ուրախալի է: Բայց առավել կարեւոր է դրանց արդյունավետ օգտագործումը: Իսկ ինչ վերաբերում է ֆիթնեսի եւ մյուս ակումբներին, դրանք վճարովի են ու բոլորը չէ, որ ի վիճակի են օգտվել դրանց ծառայություններից:

– Վիճակագրության տվյալներով՝ հիմնանորոգված մարզադպրոցներ հաճախող երեխաների թիվը մի քանի անգամ մեծացել է: Վճարովի ակումբների հետ կապված, այո, այդպիսի խնդիր կա: Սակայն այդ բացը որոշ չափով լրացվում է զանազան մրցույթների օգնությամբ: Օրինակ, լավագույն մարզական բակ, համայնք, քաղաք, ընտանիք եւ այլն, որոնց ակտիվ ներգրավված են նաեւ մարզերը: Այս մրցույթներին մասնակցելով՝ բակերը, գյուղերը, քաղաքներն ու համայնքները բարեկարգվում են եւ բնակչության համար սպորտով զբաղվելու պայմաններ են ստեղծվում: Եկող տարվա համար կան նոր ծրագրեր: Մասնավորապես, ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ 2008-ին սպորտը սիրող, բայց ոչ մի տեղ չմարզվող պատանիների համար կազմակերպելու ենք մարզական ճամբարներ: Այնտեղ երեխաները կզբաղվեն տարբեր մարզաձեւերով ու, համոզված եմ, շատերն ընդմիշտ կկապվեն սպորտի, մասնավորապես՝ ֆուտբոլ մարզաձեւի հետ: Նպատակ ունենք նաեւ վերածնել «Սպորտլանդիաները», որոնց կմասնակցեն հանրակրթական դպրոցների հազարավոր աշակերտներ:

– Եկեք խոսենք մեծ սպորտի մասին: Օգոստոս ամսին կմեկնարկեն ամառային օլիմպիական խաղերը: Ինչպե՞ս են ընթանում նախապատրաստական աշխատանքները:

– Սպորտի պետական կառույցի միջոցով պետությունը ֆեդերացիաներին աշխատանքները կազմակերպելու համար պետբյուջեից գումարներ է հատկացնում: ՀԱՕԿ-ի կազմում գործում է հանրապետական շտաբ՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ: Պարբերաբար հրավիրվում են նիստեր, որտեղ լսվում են հավաքականների գլխավոր մարզիչների, ֆեդերացիաների հաշվետվությունները եւ առկա խնդիրներին լուծուներ տրվում: Ստեղծվել է նաեւ Խաղերի նախապատրաստության կառավարական կազմկոմիտե, որի աշխատանքները ղեկավարում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Այնտեղ ընդգրկված են բոլոր գերատեսչությունները, որոնք կարող են ու պետք է աջակցեն աշխատանքների անխափան կատարմանը: Կազմկոմիտեի անդրանիկ նիստը կգումարվի, հավանաբար, եկող տարվա սկզբներին:

– 2007 թվականը նախաօլիմպիական էր: Տարվա ընթացքում մեր լավագույն մարզիկների հետ կատարված աշխատանքը ձեզ բավարարո՞ւմ է:

– Այս տարի ընդհանուր առմամբ անցկացվել է ՀՀ 78 առաջնություն, կազմակերպվել 113 ուսումնամարզական հավաք, ազգային հավաքականները մասնակցել են տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի 74 առաջնությունների, հանդես եկել 114 միջազգային մրցաշարում: Այս բոլորին մասնակցել է 1250 մարզիկ: Նրանք ընդհանուր առմամբ նվաճել են 104 ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ: Հայաստանի նման երկրի համար սրանք պատկառելի թվեր են: Որոշ մարզաձեւերում, ասենք՝ ծանրամարտում, հունահռոմեական ըմբշամարտում, բռնցքամարտում եւ ձյուդոյում, հավաքականների մարզիչները վատ չեն աշխատել: Իսկ հենակետային մյուս մարզաձեւերը խոստանում են վարկանիշներ ձեռք բերել, մեդալներ նվաճել 2008 թվականին: Այնպես որ, պետք է մի քիչ էլ սպասել: Օլիմպիական 2008 տարում ազգային հավաքականներին ու առաջատար մարզիկներին ավելի մեծ ուշադրություն է դարձվելու:

– Վերջին շրջանում մարզական ղեկավարներն ավելի հաճախ են ասում, թե մեզանում որակյալ մարզիչների խնդիր կա: Պետությունը իր հերթին, օլիմպիական կոմիտեն՝ իր, ամեն բան անում են հավաքական թիմերի, առաջատար մարզիկների պահանջները բավարարելու համար: Բայց քիչ չեն դեպքերը, որ հատկապես մարզիչները խոստումներ են տալիս ու երբ չեն կատարում, մեղավորներ փնտրում են ամեն տեղ, բայց ոչ իրենց մեջ: Այս հարցի լուծման տարբերակ երբեւէ կգտնվի՞:

– Ակնարկում եք այդպիսի մարզիչներին փոխե՞լը: Այո, հատկապես մեր հենակետային մարզաձեւերը խնդիրներ գրեթե չունեն եւ եղած հնարավորությունների առավելագույն չափով ամեն բանով ապահովվում են: Խնդիրն այն է, որ գործող օրենքով գլխավոր մարզիչներին ընտրում են ֆեդերացիաները: Ֆեդերացիաներն են կազմում նաեւ տարվա անելիքների ծրագրերը: Սա ճիշտ մոտեցում է: Նախարարությունը եւ օլիմպիական կոմիտեն դրանց միջամտել չեն կարող: Բայց վերահսկելու իրավունք, անշուշտ, ունեն: Ինչ վերաբերում է խոստումները դեռեւս չկատարած մարզիչներին փոխելուն, օլիմպիական խաղերից մի քանի ամիս առաջ նման քայլ կատարելուն ես համաձայն չեմ: Ասացի, որ 2008 թվականին դեռ վարկանիշային մրցումներ կան, Եվրոպայի առաջնություններ, որտեղ նույնպես օլիմպիական ուղեգրեր են խաղարկվելու: Իմ կարծիքով, ամենանպատակահարմարը այդ մրցումներին մեկնող թիմերի հետ նախարարության կամ օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչներ գործուղելն է, որպեսզի տեղում տեսնենք ու հասկանանք, թե մեր մարզիկներն ու մարզիչներն իրենցից իրականում ինչ են ներկայացնում: Անձամբ ես տրամադրված եմ ներկա լինել Եվրոպայի առաջնություններին: Ովքեր իրենց տեղում չեն՝ անպայման կհեռանան: Բայց դա, հավանաբար, կլինի օլիմպիական խաղերց հետո:

– Այսօրվա դրությամբ Հայաստանը 12 վարկանիշ արդեն ունի: Մինչեւ օլիմպիական խաղերը դրանք ավելանալու հույսեր կա՞ն:

– Իմ կարծիքով՝ մենք Պեկինում 20-25 մարզիկ պետք է որ ունենանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել