Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՎԱԾՆԵՐԸ ՉԵՆ ԽՈՍԻ ԲԱՐՁՐ ՄԱՏԵՐԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Դեկտեմբեր 21,2007 00:00

\"\"Հիշեցնում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Լյուդմիլա Հարությունյանը

– Դուք առաջիկա ընտրությունները համարում եք պատմական: Ինչո՞ւ եք դրանք կարեւորում: Մի՞թե սրանք հերթական ընտրություններ չեն:

– Կարեւորում եմ, որովհետեւ կարծում եմ՝ այսօրվա ժամանակահատվածը, որին նախորդել է խաղաղության բավական երկար ժամանակահատված՝ շեշտակիորեն դնում է ժողովրդավարության հիմնախնդիրը: Եվ միտումները եւս մեզ ստիպում են այսօր փորձել հասկանալ՝ ինչի՞ ենք հասել, ո՞ւր ենք գնում: Եթե մենք սրա մասին խոսեինք 1996-ին՝ պետք է մեծ ուրախությամբ արձանագրեինք հաջողությունները ղարաբաղյան ճակատում: Բայց այսօր մենք խոսում ենք արդեն այն մասին, թե հայ հասարակությունը վերջապես ո՞ր կետին է հասել: Այսօրվա վիճակը ես գնահատում եմ իբրեւ փակուղի: Ինչո՞ւ. քանի որ տարածաշրջանի բոլոր միտումներն այլ են, զարգացման ուրիշ պարադիգմ է ձեւավորվել, աշխարհաքաղաքական գործընթացները շատ արագ են ընթանում: Իսկ Հայաստանում ժամանակն ինչ-որ չափով կանգ է առել: Եվ մենք պետականության զարգացման մեջ տեսնում ենք շատ լուրջ խնդիրներ, ինչպիսին է կոռուպցիան, հասարակության զարգացման մեջ՝ շատ լուրջ խնդիր, ինչպիսին է հասարակության անտարբերությունը եւ քաղաքացիական հասարակության չկայանալը: Եվ տեսնում եմ շատ լուրջ խնդիրներ ազգի զարգացման մեջ, որոնք վերջին հաշվով՝ ձեւավորում են հայ ազգի տարբեր հատվածների հեռանալն իրարից: Նախագահի ընտրությունը գալիս է լուծելու այս խնդիրները: Սրանք սովորական ընտրություններ չեն: Հաջորդ նախագահի ուսերին դրված է լինելու այս խնդիրը՝ նա չի կարող շարունակել այսպիսի իներցիոն զարգացումը եւ պիտի շեշտակի քայլեր կատարի պետականության, հասարակության եւ ազգի զարգացման ուղղությամբ:

– «Գելափի» համակարգմամբ անցկացված հետազոտության ընթացքում հարցին ի պատասխան, թե ինչ պիտի անեն Հայաստանի իշխանություններն առաջին հերթին, որ ստանան ՀՀ բնակչության մեծամասնության աջակցությունը՝ առաջին հերթին կարեւորվել են սոցիալ-տնտեսական խնդիրները: Իսկ ժողովրդավարությունը եւ այն խնդիրների լուծումը, ինչի մասին Դուք խոսում եք՝ մեղմ ասած, հետին պլանում են: Այսինքն, հասարակությունն այդ ամենը չի կարեւորո՞ւմ:

– Սա համապատասխանում է իրականությանը, եւ այդպես էլ պետք է լինի: Սոված հասարակությունը չի՛ կարող խոսել բարձր մատերիաների մասին: Մարդու պահանջմունքները ձեւավորվում են ավելի ցածր կենսական պահանջից դեպի ավելի զարգացածը՝ սա վաղուց հայտնի փաստ է: Հիմա, եթե հասարակությունն օրվա հացի խնդիր ունի, եթե գոյություն ունի փողի արժեզրկման միտում, եթե գները բարձրանում են այսպիսի արագությամբ՝ ի՞նչ եք հասարակությունից ուզում. հասարակ մարդը պիտի թողնի իր երեխային կոշիկ, դպրոցական պիտույքներ առնելու եւ օրվա հոգսերը ու խոսի ժողովրդավարությա՞ն մասին: Ինքն իսկի չի էլ հասնում ազատությունների գաղափարին: Սովետական միության ժամանակահատվածում ո՞վ էր բողոքում ՍՍՀՄ որակից. մտավորականությո՛ւնը: Ովքե՞ր էին այլախոհները. մտավորականությո՛ւնը, որ հասել էր ազատության՝ որպես պահանջմունքի ընկալմանը: Իսկ հասարակ մարդն իրեն երջանիկ էր զգում, քանի որ վստահություն ուներ, օրվա խնդիրը բավարարված էր, վաղվա համար աշխատանք ուներ, թոշակ էր ստանում: Այս առումով՝ ոչ մի նորություն չկա. բողոքում են նրանք, ովքեր հասկանում են, որ ազատությունը, հավասարությունը, սոցիալական արդարությունը մեծագույն արժեքներ են: Իսկ «Գելափը» խոսում է հասարակ մարդու մասին:

Սակայն չեմ ուզում ասել, թե իշխանությունը, որ գալու է՝ պիտի լինի մի թեմայի իշխանություն: Եթե լսեք աղքատ հայ մարդուն՝ այդ իշխանությունը պիտի տա հաց: Բայց մեր առջեւ ծառացած խնդիրները, որոնք ես տարանջատեցի իրարից՝ հացով չեն լուծվի: Հացը շատ կարեւոր է: Սակայն՝ ոչ միայն հացիվ:

– Սեւ գույներով նկարագրեցիք այն խնդիրները, որ ունեն հասարակ մարդիկ: Մինչդեռ իշխանությունները խոսում են տնտեսական աճի, կյանքի որակի բարձրացման, կենսամակարդակի բարելավման մասին: Ձեր եւ նրանց նկարագրած պատկերները չե՞ն հակասում իրար:

– Հակասում են, եւ այդպես էլ պետք է լինի, քանի որ իշխանությունը սիրում է այն, ինչ անում է: Ես կուզենայի, որ իշխանությունն այդքան չսիրեր իր արածը եւ դրա արդյունքը: Եթե այդ շքեղ մեքենաներից մի պահ իջնեն եւ կանգնեն հողին՝ նրանք կտեսնեն ե՛ւ կեղտը, ե՛ւ անբարեկարգությունը, ե՛ւ՝ որ անգամ փողոցներ չեն մնացել քայլելու համար: Նաեւ կտեսնեն, թե մարդու իրավունքներն ինչ չափով են ոտնահարված եւ մարդն ինչքան է նսեմացած: Այսինքն, կարծում եմ, որ այստեղ ճաշակի հարց չէ անգամ՝ տեսնելու ունակության խնդիր է: Եվ եթե եկող իշխանությունը չտեսնի իրականությունը, ապա որեւէ փոփոխություն չի կարողանա անել: Պարտադիր չէ գորշ գույներով տեսնի՝ թող ավելի վարդագույն տեսնի, սակայն լուծելիք խնդիրները գույնից չեն փոխվում. վերլուծությունի՛ց են փոխվում: Ինչո՞ւ ենք մենք տարբեր ձեւով մեկնաբանում իրականությունը. քանի որ ես կարծում եմ, որ այս իրականությունը փոխելու համար պետք է փոխել ինստիտուտները եւ մեր ամբողջ մտածելակերպը, սկզբունքներն ու ապրելակերպը: Իսկ նրանք, ովքեր պայքարում են իշխանության համար՝ մտածում են, թե պետք չէ փոխել իրականությունը, այլ ընդամենն «աթոռային» փոփոխություններ են պետք: Կարծում եմ, որ դա բավարար չէ, եւ շատերն են այդպես կարծում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել