Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԼՈՒԾՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ»

Դեկտեմբեր 25,2007 00:00

\"\"ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ադրբեջանական «Դեյ-Ազ»-ին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ մեզանում գունավոր հեղափոխությունները բացառված են:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Աշոտյանը ադրբեջանական «Դեյ-Ազ»-ին տված մեծածավալ հարցազրույցում գնահատելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, նկատել է, որ մեզանում այն հանդարտ է այնքանով, որքանով անհրաժեշտ է պահպանելու համար սահմանադրական չափանիշները եւ քաղաքացիական ազատությունները, եւ ակտիվ է այնքանով, որքանով պետք է ակտիվ լինի ժողովրդավարական տրամադրություններ ունեցող հասարակությունը, որ կանգնած է նախագահական ընտրությունների նախաշեմին: Ժխտելով «նարնջագույն հեղափոխության հավանականության մասին» Ադրբեջանի լրագրողի հարցը, Արմեն Աշոտյանը նկատել է. «Հայաստանում բացակայում են գունավոր հեղափոխության նախադրյալները: Մեզանում չկա բեւեռացված հասարակություն, չկան հակառուսներ, ոչ էլ «հակա ինչ-որ» տրամադրություններ: Վերջին տարիների աննախադեպ տնտեսական աճի շնորհիվ նվազել է սոցիալական լարվածությունը, կառուցվել է արդյունավետ պետական համակարգ եւ, ի վերջո, խորհրդարանական վերջին դեմոկրատական ընտրությունները»: Հերքելով գունավոր հեղափոխության հնարավորությունը, պատգամավորը նկատում է, որ «ծայրահեղ դեպքում մենք կարող ենք ականատես լինել այդ «գունավորի» անգույն որոշ իմիտացիաների»: Պատասխանելով ադրբեջանցի լրագրողին, որը հարցրել է, թե վերջինիս կարծիքով նախագահի թեկնածուներից ո՞ւմ վարկանիշն է ավելի բարձր, Արմեն Աշոտյանը ասել է. «Որպես մի լրատվամիջոցի ներկայացուցիչ, որը մշտապես «մոնիտորինգի» է ենթարկում դրությունը Հայաստանում, իմ կարծիքով՝ դուք մի փոքր ձեւ եք թափում՝ ինձ այդ հարցը տալով: Համարձակվում եմ ենթադրել, որ ձեր հարցի պատասխանը դուք ինձնից լավ գիտեք: Իհարկե, ընտրվելու ամենից լավ հնարավորություններն ունի Հայաստանի վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Դրա մասին են վկայում ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան հայտնի կենտրոնների կողմից անցկացված սոցհարցումների տվյալները (բրիտանական «Քոմռես», ամերիկյան «Գելափ»)»: Արմեն Աշոտյանը ադրբեջանցի լրագրողին խորհուրդ է տալիս այս ամենին գումարել նաեւ կառավարության էֆեկտիվ աշխատանքը եւ հասարակության հետ ակտիվ երկխոսությունը:

Այս հարցազրույցի առթիվ «Առավոտը» հետաքրքրվեց պատգամավորից՝ ինչո՞ւ է ինքն այդքան վստահ, որ Հայաստանում գունավոր հեղափոխություններ չեն լինի: Ըստ հանրապետական պատգամավորի, հեղափոխությունների տեխնոլոգիաները կիրառվել են հետխորհրդային տարածքներում, եւ դրանց կիրառման համար անհրաժեշտ մի քանի նախապայմաններ Հայաստանում գոյություն չունեն. «Իհարկե, սոցիալական խնդիրների հետ մեկտեղ, հասարակության սոցիալական բեռը թեթեւացել է, չկան տրամադրվածություններ՝ կապված այս կամ այն պետության վերաբերմունքի հետ, Հայաստանում հնարավոր չի իրականացնել գունավոր հեղափոխություն նաեւ այն պատճառով, որ մեր հասարակությունը իր հարեւանների՝ Ուկրաինայի, Վրաստանի օրինակով տեսավ, որ գունավոր հեղափոխությունները չեն լուծում գերկարեւոր խնդիրները, որոնք կանգնած են հասարակության առջեւ»: Իսկ ի՞նչ նկատի ունի պատգամավորը, երբ ասում է, որ հնարավոր են գունավոր հեղափոխության որոշ իմիտացիաներ: Արմեն Աշոտյանն ասաց, թե չի բացառում, որ նախագահական ընտրությունները օգտագործելով՝ որոշ ուժեր, հնարավոր է, փորձեն «ինչ-որ գունավոր գամմա տալ այս կամ այն զանգվածային կամ կիսազանգվածային ակցիաներին, հնարավոր է օգտագործվեն այդ հեղափոխություններին բնորոշ հռետորականությունն ու բառապաշարը, հնարավոր է կարգախոսները նմանեցվեն, հնարավոր է փորձեն «քաղաքացիական անհնազանդության» քայլեր անել, բայց այդ ամենը, կրկնում եմ, կլինի զուտ իմիտացիա, որովհետեւ, եթե չկան այդ գործընթացներով իշխանության հասնելու օբյեկտիվ պատճառներ, ապա այդ ամենը գուցե տեսախցիկի համար բեմադրվող քաղաքական շոու կամ միջոցառում է լինելու: Հայ հասարակությունը խնդիրները չի փորձելու լուծել հեղափոխությունների միջոցով, շատ լավ հասկանալով, որ ցնցումները ոչ միայն մեր առջեւ ծառացած մարտահրավերները չեն լուծելու, այլ նաեւ առաջացնելու են անցանկալի նոր խնդիրներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել