Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՇԱՐԺՈՒՄԸ»

Դեկտեմբեր 25,2007 00:00

\"\"Դեկտեմբերի 22-ին հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ վերլուծելով իր շուրջ ձեւավորված համաժողովրդական շարժման եւ իշխանությունների ծավալած գործունեության արդյունքը:

Դեկտեմբերի 22-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող շուրջ 17 քաղաքական ուժերի եւ ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպությունների կոնգրես: Ու թեեւ այն, ինչպես Լ. Տեր-Պետրոսյանը ձեւակերպեց, կոչված էր «ամփոփելու նախընտրական գործընթացի առաջին փուլի արդյունքները եւ ուրվագծելու մեր հետագա գործունեության խնդիրները», այդուհանդերձ, ՀՀ առաջին նախագահին սատարողները հարկ համարեցին եւս մեկ անգամ փաստարկել առաջիկա նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու իրենց որոշումը:

ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն իր ելույթում նախ ասաց, թե այսօր գործող վարչախմբի համար հասարակության բարոյազրկումը դարձել է գերխնդիր, որովհետեւ միայն դրանով է պայմանավորված նրա գոյատեւումը:

Այդ վարչախմբից ազատվելու համար Ստ. Դեմիրճյանը անհրաժեշտ համարեց հասարակական եւ քաղաքական ներուժի համախմբումը, որի հրամայականով էլ Լ. Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերը, մի կողմ դնելով իրենց տարաձայնությունները, միավորվել են նրա շուրջ՝ նպատակ ունենալով Հայաստանում հաստատել սահմանադրական կարգ, լիարժեքորեն բացահայտել «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը, արդյունավետ պայքար ծավալել կոռուպցիայի դեմ, նաեւ հասնել բիզնեսի ու իշխանության տարանջատմանը:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիտարկմամբ, գործող իշխանությունները՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի, որոնք, նրա բնորոշմամբ, «եկած օրից մերժված» են եղել հասարակության կողմից, այսօր դուրս են եկել ոչ թե ընտրությունների, այլ կենաց ու մահվան կռվի՝ իրենց իշխանությունը պահելու համար: Նա միայն դրանով բացատրեց «իշխող զույգի» կողմից սանձազերծված քարոզչական պատերազմը Լ. Տեր-Պետրոսյանի դեմ ու կարծիք հայտնեց, թե՝ հակառակ իշխանության գործադրած ջանքերի, ժողովուրդն իր բնազդով է կանգնում Տեր-Պետրոսյանի կողքին: «Մենք պարտավոր ենք հաղթել՝ հանուն Ղարաբաղի հարցի արժանապատիվ լուծման, հանուն արդարության, հանուն «Հոկտեմբերի 27»-ի գործի լիարժեք բացահայտման, հանուն ժողովրդավարության կայացման, եւ մենք հաղթելու ենք»,- հավաստիացրեց Ա. Սարգսյանը՝ այս վերջին հավաստիացումն ամրապնդելով այն հույսով, որ բոլոր զինվորականները «քվեարկելու են իրենց հաղթանակների հրամանատարի՝ Տեր-Պետրոսյանի օգտին»:

Կոնգրեսում ելույթ ունեցավ նաեւ «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նրա ելույթի հիմքում ընկած էր հայաստանյան տնտեսական վերլուծությունը, որի ամփոփումը կարելի է համարել նրա հետեւյալ արձանագրումները՝ Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը, որոնք 1998թ.-ին իշխանությունը զավթելուց հետո ձեռնամուխ եղան իրենց կլանի տնտեսական հիմքերի ամրապնդմանը եւ սկսեցին տնտեսությունը կիսել իրար մեջ, այսօր այնքան են հարստացել, որ նրանց հաղթանակի դեպքում ոչ թե իրենք են ծառայելու մեր պետությանը, այլ պետությունը՝ նրանց:

Ելույթ ունեցան նաեւ Տեր-Պետրոսյանի թեկնածությունը սատարող «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, «Պահպանողական» կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, ԺՈՒԿ-ի ղեկավար Մանուկ Գասպարյանն ու այլք: Ի դեպ, Մ. Գասպարյանը համոզմունք հայտնեց, թե ընտրություններում պաշտոնական քարոզարշավի ժամանակ, երբ Տեր-Պետրոսյանը հնարավորություն ստանա հանդես գալու հեռուստաեթերով, ընդամենը մեկ շաբաթ անց այսօր առաջադրված նախագահի մյուս բոլոր թեկնածուները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, ինքնաբացարկ են հայտնելու:

Միջոցառումն ավարտվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ մեկուկես ժամ տեւած ելույթով, որի հե՛նց սկիզբն ընդմիջվեց՝ դահլիճը հոսանքազրկվեց: «Խնդրում եմ սրանից հեռուն գնացող եզրակացություններ չանել»,- իր կողմնակիցներին երկիմաստ ժպտալով հորդորեց ՀՀ առաջին նախագահը, իսկ մի քանի րոպե անց՝ շարունակելով իր ելույթը, նա անդրադարձավ հիմնականում իր ընտրարշավի կազմակերպչական աշխատանքներին առնչվող տարաբնույթ հարցերի, բայց ոչ միայն դրանց: Նախ՝ Լ. Տեր-Պետրոսյանն արձանագրեց, որ իր գլխավորած համաժողովրդական շարժման առաջին փուլն ավարտվել է քոչարյանասերժական ռեժիմի պարտությամբ: Նա հատ-հատ թվարկեց ներկա վարչախմբի ձեռքում կենտրոնացած այն բոլոր ռեսուրսները, որոնք ուղղվել եւ առաջիկայում էլ ուղղվելու են գործող իշխանության վերարտադրությանը: Արձանագրվեց, որ գործող իշխանությունները ընտրական գործընթացում որդեգրել են պայքարի «ընդհատակյա, ինտրիգային սկզբունքը՝ հիմնվելով գլխավորապես վարչական, տեղեկատվական, ապատեղեկատվական, ֆինանսական, ռեպրեսիվ, քրեական ու պառակտողական ռեսուրսների վրա»: Ըստ նրա, ի տարբերություն իշխանությունների, «Հայաստանում ձեւավորված նոր համաժողովրդական շարժումը որդեգրել է բաց, հրապարակային գործունեության մարտավարություն՝ հիմնված իրավագիտակցության, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության համընդհանուր սկզբունքների վրա: Շարժման սոցիալական բազան ժողովրդական լայն զանգվածներն են, մասնավորապես՝ հասարակության ընչազուրկ հատվածը, գյուղացիությունը, միջին խավը ներկայացնող գործարարներն ու մտավորականները, ինչպես նաեւ ստորին օղակների պետական պաշտոնեությունը, մի խոսքով՝ վարչախմբից դժգոհ ողջ ընտրազանգվածը»:

Միջոցառման ավարտին կոնգրեսը ուղերձով դիմեց հայաստանցիներին, որտեղ մասնավորապես ասված է. «Հայաստանում ձեւավորվել է համաժողովրդական շարժում, որի վճռականությունը պսակվելու է հաղթանակով: Դա լինելու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաղթանակը: Ավազակապետական ռեժիմը խուճապի է մատնված: Ժողովրդին ահաբեկված պահելու նրա հուսահատ փորձերը դատապարտված են ձախողման: Հայ ժողովուրդը քաղաքացիական զարթոնք է ապրում: Ոչինչ չի կարող կասեցնել ժողովրդական կամքի հաղթական ընթացքը: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կոչ ենք անում միանալ համաժողովրդական շարժմանը, մասնակցել համաժողովրդական հաղթանակի կերտմանը՝ հանուն սերունդների առաջ ունեցած պատասխանատվության»:

Հ. Գ. Կոնգրեսում Լեւոն Տեր-Պետրոսյանի ունեցած ծավալուն ելույթի ուշագրավ հատվածները կարդացեք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել