Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՅՈՒՆՅԱՑ ԱՐԾԻՎՆԵՐԸ» ԿՍԱՏԱՐԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Դեկտեմբեր 25,2007 00:00

\"\"Որովհետեւ, իրենց համոզմամբ, վարչապետն արիական ծագում ունի

Շաբաթ օրը լրագրողների մի խումբ այցելեց Կապան՝ լուսաբանելու «Սյունյաց արծիվներ» երիտասարդական-հասարակական կազմակերպության հիմնադրման 5-ամյակին նվիրված տոնակատարությունը: «Սյունյաց արծիվների» հիմնադիր նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը ԶԼՄ ներկայացուցիչներին դիմավորեց ազգային տարազ հագած աղջիկներով ու աղուհացով: Կիրակի օրն էլ Կապանի «Արծվատուն» դահլիճում կայացավ միջոցառումը, որի մասնակիցներն այցելեցին նաեւ Գարեգին Նժդեհի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ազգային գործչին ու մտածողին: Ցուցադրվեց «Իմ միջոցով՝ ազգիս համար» ֆիլմը, որ պատմում էր «Սյունյաց արծիվների» գործունեության մասին: Փաստավավերագրական 30 րոպեանոց նկարը, որ սկսվեց Վահագնի ծնունդով, ուղիղ 14-15 անգամ «ընդմիջվեց» կազմակերպության խորհրդանիշ արծվի թեւածումով: Ավարտին հնչեց Խաչիկ Ասրյանի ելույթը, ապա կազմակերպության ընդհանուր ժողովի հայտարարությունը՝ նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանին սատարելու վերաբերյալ: Ի դեպ, «արծիվները» ՀՀ վարչապետին փառաբանելու գործում բավականին շռայլ էին գտնվել՝ նրան մեծարելով «արիական ծագում ունեցող», «21-րդ դարի հայ ազգի հզոր ու իմաստուն առաջնորդ» եւ այլ արտահայտություններով: «Լեռնահայաստանի արծիվ» ոսկե հուշամեդալներ, կազմակերպության պատվավոր անդամի կոչումներ ու շնորհակալագրեր շնորհվեցին «Սյունյաց արծիվների» հետ առնչություն ունեցող տարբեր ոլորտների գործիչներին, հիմնականում՝ ՀՀԿ-ականներին:

«Սյունյաց արծիվների» պատվավոր անդամ, ԵՊՀ ռեկտոր եւ ջերմեռանդ ՀՀԿ-ական Արամ Սիմոնյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Երեւանի բուհերի ռեկտորներից միայն ինքն է մասնակցում այս միջոցառմանը: «Ես հանրապետական եմ, սյունեցի, նաեւ Նժդեհի գլխավորած պայքարի մասնագետ: Բացի այդ, անտարբեր չեմ «Սյունյաց արծիվների» հանդեպ»,- պատասխանեց ԵՊՀ ռեկտորը: Պաշտպանության փոխնախարար, ԳՇ պետ Սեյրան Օհանյանն էլ կարեւորեց «Սյունյաց արծիվների» գործունեությունը եւ քաղաքականությունը: Խ. Ասրյանից պարզեցինք, որ շուրջ 6000 հոգանոց կազմակերպության անդամների 60%-ը իգական սեռի ներկայացուցիչներ են, ամենակրտսեր անդամը իր 4-ամյա որդի Դավիթ Ասրյանն է, ամենաավագը՝ 82-ամյա Արտեմ Վարդանյանը:

Նախագահն ասաց, որ իրենց կազմակերպության նպատակը ռազմահայրենասիրական դաստիարակությունն է, 5-ամյա ձեռքբերումները՝ կազմակերպության 28 մասնաճյուղերը եւ 1020-ից ավելի բազմաբովանդակ միջոցառումները: Պատահական չէ, որ «Սյունյաց արծիվները» մի մասնաճյուղ էլ պատրաստվում է բացել ՀՀԿ-ական ղեկավար ունեցող ԵՊՀ-ում: Պատասխանելով լրագրողի հարցին, ՀՀԿ անդամ Խ. Ասրյանն ասաց. «Մեր կազմակերպությունը քաղաքական ենթատեքստ չունի, մենք երիտասարդական հասարակական կազմակերպություն ենք, հասարակական հիմունքներով ծառայում ենք ժողովրդին եւ ընդհանրապես կապ չունենք որեւէ քաղաքական ուժի հետ»: Բայց ավելի ուշ «Արծվատան» դահլիճում հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանին սատարող «Սյունյաց արծիվները» շուրջ 6000 ձայն ունեն: 5 ամիս առաջ փոխնախարար դարձած Խ. Ասրյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ իր պաշտոնյա դառնալով կազմակերպությունը չի՞ տուժում: Նա պատասխանեց, որ իր երակներում արյան փոխարեն Սյունիքի հող է լցված, ինքը շատ է սիրում իր ծննդավայրն ու ամեն հինգշաբթի-ուրբաթ Կապան է գնում, եւ մինչեւ դասղեկ Լորիկ Համբարձումյանին չի տեսնում, չի խորհրդակցում՝ կրկին Երեւան չի վերադառնում: Հետո էլ հավելեց. «Այնպես որ, մեր կազմակերպության փոխնախագահների ակտիվ գործունեության շնորհիվ կազմակերպության տեմպը պահում ենք»: «Սյունյաց արծիվների» փոխնախագահ Արտաշես Աթայանն էլ հայտնեց, որ իրենց կազմակերպությունում 15 ամուսնական զույգ է ձեւավորվել, ինքը եւս կազմակերպությունում է գտել իր երկրորդ կեսին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել